Հայաստանը բավականին հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն խնդիրն այն է, որ այդ ռեսուրսները ճիշտ չեն օգտագործվում: Այսօր այս մասին «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց հիդրոբիոլոգ, երկրաբանության ԳՀԻ գիտական քարտուղար Հրաչյա Շահինյանը:
«Սխալ կառավարման, սխալ շահագործման հետեւանքով մեծ վնասներ ենք կրելու: Եվ, եթե այսպես շարունակվի, կորուստը մեծ է լինելու: Սրանից մի քանի տարի առաջ Բաղրամյանի շրջանում, որն Արարատյան դաշտավայրում է, ստորգետնյա ջրերի մակարդակն իջել էր 15 մետրով: Վաղարշապատում իջել էր 8 մետրով: Սա աղետալի երեւույթ է: Եթե մենք չսովորենք կառավարել մեջ ջրային ռեսուրսները շուտով կկանգնենք մեծ խնդիրների առաջ»,-ասաց պարոն Շահինյանը:
Բնապահպանության նախկին նախարար ՀՀ ԳԱԱ Երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը չի կիսում կառավարության պատասխանատուների այն կարծիքը, որ ոռոգման հարցը լուծելու համար պետք է անցնել կաթիլային ոռոգման եղանակին: Ըստ նրա, բացի այն, որ կաթիլային ոռոգումը թանկ արժե, ամեն բույս չէ, որը արմատային կառուցվածքից ելնելով, կարող է ոռոգվել կաթիլային եղանակով. «Դա էժան չէ եւ ինտենսիվ գյուղատնտեսության տարրերից մեկն է, որին պետք է լուրջ վերաբերվել»:
Նրա խոսքով, Արարատյան դաշտավայրի արտեզաններն ունեն սահմանային քանակ, որից ներքեւ արդեն դժվար կլինի վերականգնել:
Ըստ Հրաչյա Շահինյանի, գալու է ժամանակ, երբ նույնիսկ պոմպերով չենք կարողանալու արտեզան հորերից ջուր ստանալ: Նա հաստատեց այն տեղեկությունը, որ կան գետերի ակունքներ, որոնք պատերազմից հետո առաջացած նոր սահմանների արդյունքում հայտնվել են հակառակորդի տիրապետության տակ: Ըստ Հրաչյա Շահինյանի, դրանք ռազմավարական նշանակություն ունեն, եւ դեռեւս պարզ չէ՝ ինչպես է այդ հարցը լուծվելու. «Դրանք հատուկ պահպանվող գոտիներ են: Եթե մենք Երեւանում էլ գնանք ու փորձենք որեւէ աղբյուրի մոտենանք, չենք կարող»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի մեր ջրային պաշարները մնան մեզ այլ ոչ թե լցվեն Արաքս գետը եւ հասնեն մինչեւ Կասպից ծով,
Սարգիս Շահազիզյանն ասաց՝ այսօր մենք պետք է ջրամբարների միջոցով կարողանանք կուտակել մեր ունեցած ջուրը. «Արագածոտնի մարզում 23 ջրամբար ունենք, բայց Արարատի մարզում՝ ընդամենը 3 ջրամբար: Մենք պետք է կարողանանք պլանավորված ձեւով մեր ջրային ռեսուրսները պահել եւ մեր տարածքում վերաբաշխել նորմալ ջրանցքների միջոցով: Ոչ թե այդ կառույցների վատթար վիճակի պատճառով այդ ջրերը կորցնենք: Սեւանից ջուր ենք բաց թողնում, բայց այդ ջրի կեսը ճանապարհներին կորցնում ենք»:
Ասաց նաեւ, որ այսօր Ախուրյանի ջրամբարը չի լցվում, որովհետեւ Թուրքիան գետերի ակունքներում ջրամբարներ է կառուցել եւ այդ ջուրը վերցնում ու օգտագործում է իր նպատակների համար»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ