Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին՝ հանուն երկու երկրների միջև հակամարտության լուծման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ որպես տվյալ խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում՝ տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և հետագայում նաև սահմանագծման մեկնարկային աշխատանքները: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, և այս պահին շարունակվում են արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների գծով շփումները, այդ թվում լարվածության ապաէսկալացման նպատակով»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի համարում, որ երկու երկրների սահմանին ստեղծված իրավիճակն ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, այլ ավելի շուտ սահմանների իրավական ձևակերպման բացակայության արդյունք է: «Ընդհանուր ֆոնը, անկասկած, ավելի է խորացնում կողմերի միջև փոխադարձ վստահության պակասը, դա իսկապես այդպես է»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ