Լրահոս
Օրվա լրահոսը

«Նվագախումբը փոշեկուլների վաճառքի ընկերություն չէ»

Հուլիս 09,2021 17:24

Հարցազրույց աշխարհահռչակ դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի հետ

– Մաեստրո, մեկ-երկու օր առաջ Երեւանում, 20 տարի ընդմիջումից հետո, կրկին ներկայացավ ձեր գործընկերը՝ Ռիկարդո Մուտին։ Հուլիսի 9-ին էլ, շուրջ երկու տարի անց, դարձյալ Երեւանում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ձեր ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը։ Մեր երաժշտասերի մոտ դեռեւս թարմ է ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ Տիգրան Մանսուրյանի թավջութակի կոնցերտի (մենակատար՝ բելգիաբնակ Սեւակ Ավանեսյան) եւ Դվորժակի 9-րդ՝ «Նոր աշխարհ» սիմֆոնիայի ձեր փայլուն մեկնաբանությունը։ Այն ժամանակ (28.09.2019թ.) դուք սիրով պատասխանեցիք մեզ հետաքրքրող հարցերին։ Նշել էիք, որ ավելի ընդարձակ կամ մանրամասն կպատասխանեք նախապես, օնլայն ձեւաչափով, ինչը պայմանավորված է ձեր հյուրախաղային գրաֆիկով։ Գուցե առաջին հայացքից տարօրինակ թվա՝ ձեզ հղած մեր այս հարցերը այս անգամ մշակութային չեն, բայց դրանք վերջին շրջանում, ասենք՝ 20-25 տարի, հետաքրքրում են ոչ միայն երաժիշտներին, մեր երիտասարդ դիրիժորներին, այլեւ պրոֆեսիոնալ ունկնդրին։ Օրինակ, երբեմն թվում է, թե շատ հատկանիշներ՝ դիրիժորի մասնակցության հետ կապված, այսօր իսկապես անհետացել են։ Համակարծի՞ք եք մեզ մոտ շրջանառվող նման դիտարկմանը։

– Կարծում եմ դուք ճիշտ եք, հետեւաբար ես էլ համակարծիք եմ։ Տեսեք, 1970-80-ականները. նվագախմբի գլխավոր դիրիժորը անկախ էր, ինքն էր վարում, որոշում երաժշտական ծրագրային քաղաքականություն՝ ինչ է նվագելու, ով է գալու, ով է պատվիրում ստեղծագործություններ։ Սա որոշակի հնարավորություններ էր տալիս, որոնք այլեւս գոյություն չունեն։ Այսօր նվագախմբերի ճնշող մեծամասնությունը՝ ներառյալ լավագույնները, ղեկավարվում են ոչ թե իրենց գլխավոր դիրիժորների, այլ ավելի շուտ ղեկավարների, ասենք՝ տնօրենների կողմից։ Նման նվագախմբերից շատերը, ինչն ինձ համար զարմանալի չէ, գործում են ոչ թե արեւմտյան զարգացած երկրներում, այլ պետություններում, որոնք ոչ վաղ անցյալում են իմացել՝ ինչ բան է ժողովրդավարությունը կամ զգացել դրա համը, կամ էլ ընդհանրապես հեռու են դրանից։
Եվրոպայում եւ հատկապես Միացյալ Նահանգներում դիրիժորի եւ նվագախմբի երաժիշտների հարաբերությունները կտրուկ փոխվել են վերջին 30 տարիների ընթացքում։ Դրանք դարձել են ավելի ժողովրդավար եւ հավասար։ Թեեւ այդ տարիների ընթացքում նվագախմբի երաժիշտների մակարդակը աճել է, բայց, ցավոք, նույնը չեմ կարող ասել դիրիժորների մակարդակի մասին։ Տպավորիչ ասեմ. մենք՝ դիրիժորներս, կարծես դարձանք նվագախմբի անդամ։ Գիտե՞ք, առաջին հայացքից մանրուք թվացող շատ բան է փոխվել։ Հիշում եմ՝ երբ ես աշխատում էի Ուլյանովսկի ֆիլհարմոնիկ նվագախմբում, այնտեղ կար «զգեստների դիզայներ» պաշտոն, որը կոնկրետ դիրիժորի հագուստի կատարյալ վիճակի պատասխանատուն էր։ Իսկ երբ տեղափոխվեցի Եվրոպա, զարմացա, որ նվագախմբերում նման հաստիք չկար։ Իհարկե, ես սովոր չէի դրան, ինչը սկզբում թվում էր անբավարար հարգանքի դրսեւորում…

– Մեծ հաշվով դիրիժորին հարգում են…

– Պարզ է, երաժիշտների իսկական հարգանքը դիրիժորի նկատմամբ արտահայտվում է ոչ թե նրանով, թե ինչպես են դիմավորում կամ ինչպես են նայում նրա աչքերին, այլ նրա հեղինակության, գիտելիքների, հմտությունների, պատրաստվածության, ճաշակի եւ նման հատկանիշների համար։ Այժմ ես կարդում եմ Քլիվլենդի նվագախմբի մասին մի հրաշալի գիրք, որը ներառում է լեգենդար դիրիժոր Ջորջ Սելլի ղեկավարման տարիները։ Գրքում ներկայացված են անվանի շատ արվեստագետների հիշողություններն այդ դիրիժորի մասին, որոնք շատ հակասական են։ Մի կողմից՝ այդ դիրիժորին պաշտել են, դարձրել կուռք, մյուս կողմից՝ երաժիշտները գրում են հետեւյալը՝ մեջբերում եմ բառացիորեն. «Մաեստրո Սելից վախենում էինք, քանի որ նա իր ձեռքում ուներ անսահմանափակ իշխանություն։ Նա նույնիսկ որոշում էր, թե որքան ժամանակ պետք է գուլպաներ հագնել, արդյոք շրջագայության ընթացքում իրավունք ունեն փողոցում հայտնվել առանց փողկապի, վերնաշապիկով, ինչ պետք է ուտենք եւ խմենք համերգից առաջ եւ հետո…» եւ այլն։ Նվագախմբի մի երաժիշտ էլ դիմում է մաեստրո Սելին՝ խնդրանքով, բարձրացնել աշխատավարձը՝ երեխա են ունեցել։ Դիրիժորն ընդառաջում է։ Շուրջ մեկ տարի անց նույն երաժիշտը նույն խնդրանքով է դիմում ու, թեեւ մաեստրոն մռայլվում է, բայց նորից բարձրացնում է աշխատավարձը։ Իսկ երբ մեկ տարի անց դարձյալ նույն երաժիշտը նույն խնդրանքով է դիմում, Սելը պատասխանում է՝ «դուք ձեր կնոջ հետ երբեւէ փորձե՞լ եք սիրով զբաղվել պարզապես հաճույքի, ինչու ոչ՝ զվարճանալու համար…»։ Այսօր որեւէ դիրիժոր կարո՞ղ է իրեն թույլ տալ երաժշտի հետ այդպես խոսել։

– Մաեստրո, գրականությունից գիտենք, որ մեծանուն Ջորջ Սելը Քլիվլենդի նվագախումբը, այսպես կոչված, գավառական նվագախմբից աճեցրեց մինչեւ աշխարհի 5 լավագույններից մեկը։

– Միանշանակ։ Օրինակ, արդեն Վիեննայի ֆիլհարմոնիկի մասին այդքան հաճախ չեն խոսում, ինչքան Քլիվլենդի նվագախմբի։ Նույնը կարելի է ասել Բեռլինի ֆիլհարմոնիկի մասին։ Նա ուներ հնարավորություններ, ինչը օգտագործում էր։

– Դուք էլ ունեք հնարավորություններ, բայց ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ դրանք կամ սահմանափակ են, կամ շատ չեք օգտվում։

– Ավաղ, եւ ես, եւ գրեթե բոլոր գործընկերներս այսօր ստիպված ենք անընդհատ հավասարակշռել մեր ուզածը եւ տնօրենների պահանջը։ Հասկանալի է՝ նրանք տոմսեր պետք է վաճառեն, նրանք բիզնեսի ղեկավարներ են։ Բայց մի բան ակնհայտ է. արվեստը, հատկապես դասական երաժշտությունը, սիմֆոնիկ նվագախումբը փոշեկուլների վաճառքի ընկերություն չեն։ Մի բան էլ. այսօրվա իրողությունը այնքան խորթ է ինձ համար, որ ավելի ու ավելի եմ նախընտրում հյուրախաղորդ դիրիժորի աշխատանքը։ Ընդամենը մի քանի օրով եմ գալիս աշխատելու ինձ համար ծանոթ կամ գուցե անծանոթ նվագախմբի հետ։ Բայց կարող եմ ես ընտրել նվագացանկը, մենակատարին, պլանավորել փորձերի քանակը եւ այլն։

– Մաեստրո, միաժամանակ հանդիսացել եք մեկ-երկու նվագախմբերի գեղարվեստական ղեկավար, այս պահին երկու կոլեկտիվների՝ Նեյպըլի (ԱՄՆ) եւ Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկավարն եք, գումարած երկու եւ ավելի տարի առաջ կազմված խիտ հյուրախաղային գրաֆիկը, ինչպե՞ս եք հասցնում։

– Մեր ժամանակներում դա նորմալ է։ Եղել են ժամանակներ, երբ միաժամանակ հանդիսացել եմ չորս նվագախմբի գեղարվեստական ղեկավար։ Իսկ թե դրանից ինչն է շահել կամ տուժել, դա արդեն հանդիսատեսի եւ մասնագետների գործն է։ Իհարկե, իդեալական է, երբ մեկ՝ թեկուզ հանճարեղ երաժիշտը ղեկավարում է մեկ նվագախումբ, այնպես, ինչպես իրենց ժամանակ աշխատել են Կարայանը, Տոսկանինին, Մալերը…

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր, երբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Դալլաքյանը մեզ հայտնեց. «Հուլիսի 7-ին, ժամը 19։15-ին նախատեսված Համբուրգ-Վարշավա չվերթը հետաձգվել է 3 ժամով, ինչի պատճառով մաեստրո Անդրեյ Բորեյկոն բաց է թողել հուլիսի 7-ին, ժամը 22։15-ին Վարշավա-Երեւան թռիչքը։ Ֆիլհարմոնիկի ղեկավարությունն անում է ամեն հնարավորը, որպեսզի համերգի օրը՝ հուլիսի 9-ին, հայ հանդիսատեսը երկրորդ անգամ հանդիպի աշխարհահռչակ դիրիժորին։ Եթե, այնուամենայնիվ, դիրիժորը նշված օրը չհասցնի ժամանել Երեւան, համերգը կկայանա մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Ծրագիրն անփոփոխ է. Դվորժակ՝ Ջութակի կոնցերտ եւ Շոստակովիչ՝ Թիվ 5 սիմֆոնիա, մենակատար՝ Անուշ Նիկողոսյան»։

Գլխավոր լուսանկարում՝ Անդրեյ Բորեյկոն Երեւանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարելիս, 2019թ.

«Առավոտ» օրաթերթ
09.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031