Քաշաթաղից տեղահանված բնակիչները ՀՀ կառավարության առաջ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ՀՀ կառավարությունից պահանջեցին, որ իրենց հարցը լուծվի ՀՀ կառավարության որոշմամբ:
«Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ազատ Եղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք այսօր բարձրացնում ենք մեր բնակչության բնակարանների խնդիրը, քանի որ արդեն պատերազմից անցել է ութ-ինը ամիս. մարդիկ ապրում են հարազատների տներում, լքված շենքերում, ոչ մարդկային պայմաններում: Մի քանի ամսից ձմեռ է. այդ մարդիկ հայտնվելու են ծանր պայմաններում, մանավանդ՝ կարող է սոցիալական աջակցությունը դադարել: Խնդրում ենք մարդկանց ծածկի հարցը լուծել»:
Ազատ Եղոյանը հայտնեց՝ բնակչության 90 տոկոսը ՀՀ տարբեր մարզերից բնակության էր գնացել Քաշաթաղ: Նա նշեց՝ իրենք խնդրում են ոչ թե բնակարանային խնդիր լուծել Երևանում, այլ որ ամեն մեկն իր նախկին բնակավայրում բնակվի՝ ՀՀ տարբեր մարզերում, նրանց համար բնակության պայմաններ ստեղծվեն:
Ազատ Եղոյանն ասաց՝ իրենց խնդիրներով զբաղվող հանձնաժողով ստեղծվել է, սակայն հարցի լուծումը ձգձգվում է: Ուստի կարծում են, որ խնդիրը կլուծվի, եթե լինի կառավարության որոշում. «Այսօր նամակով դիմում ենք ՀՀ վարչապետին և ակնկալում ենք, որպեսզի կառավարության նիստում ընդունվի որոշում Քաշաթաղի շրջանում ՀՀ-ից վերաբնակեցված բնակիչների ծածկի հարցը»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ անպայման ցանկանում են Հայաստանո՞ւմ բնակարանի խնդիր լուծել, նա պատասխանեց. «Եթե մարդն ուզում է Արցախում բնակվել, խնդիր չենք տեսնում, բայց որ մարդիկ իմանան, որ բնակության հարցը լուծված է: Մենք ուզում ենք, որ մարդիկ ոչ թե ստանան գումար, այլ ստանան հենց բնակարան»: Նա նշեց, եթե իրենց խնդիրները չլուծվեն, բոլոր Քաշաթաղի բնակիչները հայտնվելու են ՀՀ կառավարության դիմաց:
Լրագրողների դիտարկմանը՝ իսկ ինչո՞ւ չեն ցանկանում բնակվել Արցախում, Ազատ Եղոյանը դիմելով լրագրողներին ասաց. «Բնակչության մեծ մասը, քանի որ ՀՀ-ից է գնացել, բնակություն հաստատել Քաշաթաղում, այսօր իրենք իրենց ապագան կապում են նախկին բնակավայրերի հետ: Օրինակ՝ ես Ձեզ կառաջարկեի՝ այսօր գնաք, ապրեք Բերձորում, կգնա՞ք: Հարց եմ տալիս, ես եղել եմ Ձեր տարիքին, գնացել երեսուն տարի ապրել եմ Քաշաթաղում: Հիմա Դուք ինձ ասում եք՝ դու գնա այնտեղ, ես ապրեմ այստեղ: Իսկ կա՞ Քաշաթաղը, եթե Քաշաթաղը վերականգնեն, մենք պատրաստ ենք մեր քանդած տները նորից վերականգնել: Ուրիշ է 25 տարեկանում, ուրիշ՝ 60-ում: Եթե հին անվտանգության համակարգը վերականգնեն, մենք այսօր պատրաստ ենք վերադառնալ այնտեղ»:
Ազատ Եղոյանը հայտնեց՝ իրենք բոլորը գրանված ենք Քաշաթաղի շրջանում, բայց բոլորն ունեն ՀՀ անձնագիր:
Քաշաթաղի բնակիչները կառավարության դիմաց վրդովվեցին՝ իրենց տուն-տեղը թողել են, նրանք մտահոգված են՝ գոնե նախապես զգուշացնեին, որ իրենց գույքը վերցնեին: Մի կին ասաց. «Արծրուն Հովհաննիսյան, արի մեզ մեր հողերը տուր, ասում էիր՝ հաղթում ենք: Երեխաներս մանկություն չունեցան, տղայիս չեմ ամուսնացրել, տուն եմ սարքել, հիմա մի քսան տարի էլ զրոյից պիտի սկսենք տուն սարքել, որ տղայիս ամուսնացնեմ 50 տարեկանո՞ւմ: Չենք կարողանում աշխատանք գտնել, ո՞վ է մեր խնդիրները լուծելու»:
Քաշաթաղի շրջանի բնակիչներից Տիգրան Օհանջանյանը հայտարարեց՝ իրենց պահանջն է՝ հողերը վերադարձնեն: Նա ցավով նշեց՝ անգամ Քաշաթաղում երեխաները նոր բարբառ էին հորինել և հենց նրանց միջից պետք է դուրս գար այն անձը, որը պետք է այդ հողի վրա տեր զգար իրեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ