Լրահոս
Օրվա լրահոսը

Աշնանը ՀՀ-ում կլինի Johnson & Johnson պատվաստանյութի 50 հազար դեղաչափ, 300 հարյուր հազար էլ՝ Նովովակս

Հուլիս 09,2021 13:42

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումն օտարերկրացիների համար անվճար է, սա մեր կողմից մարդասիրական քայլ է, սա բարձրացնում է Հայաստանի վարկանիշն ու մեր երկրի այս լիբերալ մոտեցումը բավականին դրական արձագանք է ստացել աշխարհում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Նա վստահեցրեց՝ ընդհանուր պատվաստումների մեջ օտարերկրացիների թիվը քիչ է, եւ հնարավոր չէ առանձնացնել տոկոսը, քանի որ նրանց մեջ կան ՀՀ-ում մշտապես բնակվող օտարերկրացիներ եւ կան օտարերկրացի այցելուներ։

Պատվաստանյութերը ձեռք է բերվում Կովակս հարթակի միջոցով։ Արդյոք Հայաստանը մտադիր է Պֆայզեր եւ Մոդեռնա պատվաստանյութեր ձեռք բերել։ Այս հարցին ի պատասխան տիկին Ավանեսյանն ասաց, որ Կովակս հարթակը ժամանակ առ ժամանակ պատուհան է բացում այս պատվաստանյութերի ձեռքբերման համար։ Սակայն, ըստ նախարարի պաշտոնակատարի, փետրվարին Կովակսը նման պատուհան բացեց 15 հազար դեղաչափ Պֆայզերի համար, սա 7 500 քաղաքացու համար է․ «Բայց Պֆայզերի սառցե շղթայի պայմանները խիստ էին, այդ պահին համապատասխան ենթակառուցվածքներ չունեինք, որպեսզի նման փոքր խմբաքանակի ներմուծման համար ներդրում անեինք։ Բայց այս պահին արդեն մեր միջոցներով որոշակի համալրումներ իրականացվել են։ Բացի դրանից, պայմանավորվածություններ ունենք՝ դոնոր կազմակերպությունը պետք է ներդրում անի ամբողջ Հայաստանով այդ սառցե շղթայի խիստ պայմաններն ապահովելու, ամբողջական ենթակառուցվածք ներդնելու համար եւ սա կիրականացվի առաջիկա ամիսներին»։

Ինչ վերաբերում է Մոդեռնայի պատվաստանյութի ձեռք բերման հնարավորությանը, ապա տիկին Ավանեսյանն ասաց․ «Բայց ՀՀ-ն ինքնաֆինանսավորվող երկրների շարքին է դասվում, եւ մենք Կովակս հարթակում ոչ թե նվեր ենք ստանում, այլ ինքներս ենք ձեռք բերում։ Այս երկրների համար Մոդեռնան դեռ բացված չէ Կովակսում։ Իսկ Պֆայզերի հաջորդական պատուհանի բացման դեպքում պատրաստ կլինենք դրան համաձայնելու»։

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ աշնանը կունենանք ամերիկյան Johnson & Johnson ընկերության պատվաստանյութի 50 հազար դեղաչափ, այն կիրառվում է մեկ դեղաչափով եւ մոտ 300 հարյուր հազար դեղաչափ էլ կունենանք Նովովակս ընկերության պատվաստանյութը, այն եւս ամերիկյան է, բայց երկու դեղաչափով է կիրառվում։

Տիկին Ավանեսյանը վստահեցրեց՝ Johnson & Johnson պատվաստանյութն այս պահին լայնածավալ օգտագործվող պատվաստանյութերից է, այն շատ հարմարավետ է, քանի որ մեկ դեղաչափ է հարկավոր ընդունել, ինքը ճամփորդելու դեպքում նախընտրելի է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031