Լրահոս
Օրվա լրահոսը

«Թափանցիկ ծրարներ են եղել, համատարած բաժանվող ընտրակաշառք». ՍԴ -ում ինչ խախտումներ են մատնանշում քաղաքական ուժերը

Հուլիս 09,2021 12:53

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Սահմանադրական դատարանում վիճարկվում են 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները՝ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների, «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումների հիման վրա:

Զեկուցող, ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը ներկայացրեց դիմումատուների հիմնական շեշտադրումները, թե ինչ խախտումներ են մատնանշել դիմումներում:

Մասնավորապես, «Հայաստան» դաշինքը շեշտադրում է արել մեծածավալ վարչական ռեսուրսի, ատելության խոսքի օգտագործման մասին, նշել քրեական հետապնդումները, 23790 քաղաքացիների ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելը, զորամասում հաշվառված 10 հազարից ավելի անձանց քվեարկությունները:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը շեշտադրել է ազատության եւ հավասարության խախտումը, ընտրողների կամքի վրա ազդեցություն գործադրելը, քվեարկության գաղտնիության խախտումը, ընտրողներին ուղղորդելը, պետական գործառույթների ու կուսակցական շահերի միախառնումը, Փաշինյանի բռնությունների կոչերն ու հոգեբանական գրոհը:

«Հայոց հայրենիք» կուսակցության կողմից նշվել է, որ ընտրության գաղտնիությունն է խախտվել, հաշմանդամություն ունեցող ընտրական իրավունքն է խախտվել, չի պահպանվել օրենքով սահմանված քվեաթերթիկների ձեւը, վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում է եղել, քվեաթերթիկները չեն դրվել չհրկիզվող պահարանում, թափանցիկ ծրարներ են եղել, տպվող կտրոնների վրա լուսանկարների բացակայություն ու համատարած բաժանվող ընտրակաշառք է եղել:

«Պատիվ ունեմ» դաշինքի դիմումում հիմնական շեշտադրումներն են՝ ընտրության հավասար պայմանների խախտումները, նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների եւ կուսակցությունների համար լուսաբանման պայմանների խտրականությունը, իշխող քաղաքական ուժը ստացել է նշանակալի առավելություններ: Դիմողն անդրադարձել է նաեւ ճնշումներին ու ձերբակալություններին:

ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը նշեց, որ սա աննախադեպ իրավիճակ է, որովհետեւ մինչ այդ երբեւէ նման քանակի դիմումներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ չեն քննել: Նա ասաց, որ ստացված փաստաթղթերի տեղեկատվության ծավալն ահռելի է, ուստի հարցրեց, թե ինչո՞ւ մի քանի զեկուցող չի նշանակվել: Շաթիրյանը պատասխանեց, որ դատարանն է այդպես գտել, բայց իսկապես նյութերի ծավալն ահռելի է, անգամ այսօր առավոտյան մի քանի հարյուր էջ նոր նյութեր են մուտքագրվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031