Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդիտներն ու հանցագործներն այս դիմումներով ուզում են երկիրը ցնցումների տանել»․ Արման Բաբաջանյան

Հուլիս 09,2021 12:44

«Այստեղ ենք, որովհետեւ կարծում ենք՝ ՍԴ ներկայացված դիմումներում անհեթեթ հիմնավորումներ կան։ Այս ՍԴ-ի հանդեպ չկա վստահություն, որովհետեւ այն արդեն մի անգամ Ռոբերտ Քոչարյանին ազատել է մարտի մեկի գործով պատասխանատվությունից, իսկ հիմա իր համախոհներին տված խոստումն իրականացնելու գործն է ստանձնել, բայց սա ոտնձգություն է ժողովրդի իշխանության դեմ»,-ՀՀ սահմանադրական դատարանի առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում քննարկում է ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

Արման Բաբաջանյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր քաղաքական միջավայրն իրենց համար անընդունելի է, բայց դա է եղել ժողովրդի կամքը․ «Պահանջում ենք հարգել ընտրությունների արդյունքը եւ երկիրը ցնցումների մեջ չպահել։ Ընտրախախտումները մեծամասամբ իրականացրել են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, ընտրակաշառքի բաժանման անհաշվելի օրինակներ կան, բայց, միեւնույնն է, դրանք չէին կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա»։

Բաբաջանյանի խոսքով՝ եթե ՍԴ-ն անվավեր ճանաչի արտահերթ ընտրությունների արդյունքները, դա կլինի սահմանադրական կարգի տապալում․ «Ժողովրդի 54%-ի կամարտահայտության դեմ արտահայտվելը սահմանադրական կարգի տապալում է, ժողովրդավարության դեմ ոտնձգություն։ Այս դատարանն արդեն մի անգամ սահմանադրական կարգ տապալել է՝ մարտի մեկի գործի վերաբերյալ»։

Արման Բաբաջանյանը համոզված է, որ ընդդիմադիրները, որոնք, իր բնորոշմամբ, բանդիտներ են եւ հանցագործներ, իրենց դիմումներով նպատակ ունեն հավելյալ ցնցումներ եւ լարումներ առաջացնել երկրում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031