Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան․ «ԵՄ-ն չի պատրաստվում թողնել տարածաշրջանը Ռուսաստանի եւ Թուրքիայի քմահաճույքին»

Հուլիս 09,2021 12:11

Եվրամիությունը Հարավային Կովկասում իրավիճակը գնահատում է որպես ընդհանուր կայունացման հնարավորություն, եւ որպեսզի նպաստի այդ կայունացմանը՝ պատրաստ է ֆինանսական ներդրումներ անել։ Այս կարծիքին է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ԵՄ-ի՝ Հայաստանին տրամադրվող 1,5 միլիարդ եվրո աջակցության մասին։

Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարիներին 1,5 միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ առանցքային ծրագրերի, այդ թվում` Սյունիքի մարզի զարգացման համար:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Նավասարդյանն ասաց՝ այս աջակցությունն ունի ե՛ւ դրական, ե՛ւ մասամբ բացասական կողմեր։ Ըստ Նավասարդյանի, բացասականն այն է, որ ԵՄ- ն էլ է համարում, որ Արցախի հարցը լուծված է այնպես, ինչպես լուծված է, իսկ դրականն այն է, որ այն Հայաստանի զարգացման եւ ավելի ինքնուրույն պետություն դառնալու հնարավորություն է տալիս․ «Եվ դա Հայաստանի հանրապետության համար թիվ մեկ խնդիրն է, որովհետեւ չունեինք այդ ներուժը, որպեսզի մեծ ազդեցություն ունենանք անվտանգային միջավայրի վրա եւ բարձրացնենք մեր սուբյեկտայնության աստիճանը»։

Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ հիմա հնարավորություն կա եւ պետք է օգտագործել այդ ներուժն ու հնարավորությունը՝ ապացուցելու, որ Հայաստանն այս տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում ինչ-որ արժեք ունի, կարող է ինչ-որ կարեւոր ծրագրեր իրականացնել եւ դա նաեւ այն գործիքն է տալու Հայաստանին, որը կարող է նպաստել բազմազան այլ խնդիրների լուծմանը։

ԵՄ-ն, ըստ էության, այս տարածաշրջանում ունի հետաքրքրություններ, եւ ինչպես պարոն Նավասարդյանն ասաց՝ դրա ապացույցն է, որ ԵՄ-ն չի պատրաստվում թողնել տարածաշրջանը Ռուսաստանի եւ Թուրքիայի քմահաճույքին, փորձում է որոշակի դերակատարություն պահպանել այստեղ, որը վերջին տարիներին մասամբ կորցրել էր․ «Եվ Հայաստանի համար դա հնարավորություն է, որ այդպիսի կարեւոր աշխարհաքաղաքական խաղացողի համար, ինչպիսին ԵՄ-ն է, այն կարող է գործոն դառնալ, որի շնորհիվ ԵՄ-ն պահպանում է իր ներկայությունը Հայաստանում եւ տարածաշրջանում։ Այդպիսի հենարաններ շատ չունի ԵՄ-ն, եւ կախված նրանից, թե որքանով Հայաստանը կկարողանա հաստատվել այդ դերում, այդքանով մենք կկարողանանք նոր աջակցության ծրագրեր ունենալ ե՛ւ ԵՄ-ից, ե՛ւ ԱՄՆ-ից։ Ընդ որում, ինչպիսի հակասություններ եւ տարբեր առաջնահերթություններ ունենան ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, մեծ հաշվով, նրանք նույն խնդիրներն են հետապնդում»։

Ի՞նչ պետք է անի ՀՀ-ն, ի՞նչ վտանգ կա այդ դերակատարության ձախողման համար, հաշվի առնելով 2013-ին ՀՀ-ի որոշումը՝ միանալ Մաքսային միությանը եւ չստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը։ Այս առնչությամբ պարոն Նավասարդյանն ասաց՝ ԵՄ-ն, պայմանականորեն ասած, երրորդ հնարավորությունն է տալիս Հայաստանին։ Նա հիշեցրեց 2013-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը՝ Մաքսային միությանը միանալու, Հայաստանը ցույց տվեց, որ ոչ վստահելի գործընկեր է։ Ընդ որում, այն ժամանակ ՀՀ-ն նախընտրեց ԵԱՏՄ-ն՝ որպեսզի ապահովի ՀՀ-ի անվտանգությունը, բայց, ինչպես պարոն Նավասարդյանն ասաց, մենք տեսանք, որ դա էլ չաշխատեց։ Հետո 2017-ին ստորագրվեց նորացված համաձայնագիրը՝ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Սրանով ԵՄ-ն ասում է՝ արեք այն, ինչ անհրաժեշտ է ձեզ, եւ դրանով դուք կօգնեք ե՛ւ ձեզ, ե՛ւ մեզ։ Այդ հնարավորությունից էլ համարյա չօգտվեցինք, որովհետեւ այդ համաձայնագրի ստորագրումից անցել է գրեթե չորս տարի, բայց որեւէ լուրջ աշխատանք դրա իրագործման համար չի կատարվել։ Եվ փաստորեն, նոր իրավիճակը հնարավորություն տվեց եւս մեկ հնարավորություն, ու պետք է արագ ապացուցենք, որ կարող ենք գործողություններ իրականացնել: Եվ եթե դա լինի, ես համոզված եմ՝ մենք կտեսնենք, թե ինչպես են մեր հարեւանների հետ փոխվում հարաբերությունները։ Որովհետեւ այսօր Հայաստանը, ցավոք, չունի հարեւաններին ինչ-որ բան ցույց տալու, որը ապացուցում է, որ մենք կայացած հեռանկարներ ունեցող պետություն ենք։ Հիմա դա ցույց տալու, ապացուցելու հնարավորությունն է ստեղծվել, որ կարողանանք ստիպել այդ հարեւաններին մեզ հետ նստել եւ քննարկել լուրջ հարցեր»,-ասաց պարոն Նավասարդյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031