Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք». ՍԴ-ում հորդորում են Փաշինյանի նախկին ներկայացուցչին թույլ չտալ մասնակցել ընտրությունների վիճարկման գործին

Հուլիս 09,2021 11:44

Այսօր Սահմանադրական դատարանում վիճարկվում են 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները՝ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների, «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումների հիման վրա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ ներգրավվել է որպես երրորդ անձ: Դատարանի դահլիճում ներկա են ՔՊ պատգամավորներ, ՀՀԿ նախկին պատգամավորներ:

 

«Զարթոնքի» գործադիր մարմնի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: Նա ասաց, որ ՔՊ առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է, իսկ Վահե Գրիգորյանը նախկինում հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ոչ միայն ՀՀ-ում, այլեւ՝ ՄԻԵԴ-ում, ուստի նա չի կարող մասնակցել սույն գործի քննությանը. «Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք: Առկա են նրա կողմնակալության վերաբերյալ կասկածներ»:

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը հարցրեց՝ տեղեկացվա՞ծ եք, որ «Հայաստան» դաշինքի կողմից մինչ այս նույնաբովանդակ միջնորդություն ներկայացվել է՝ Զոհրաբյանը պատասխանեց, որ մամուլից է տեղեկացել:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն էլ ասաց, որ իր կողմից ներկայացված միջնորդությունը լրիվ այլ էր բովանդակային առումով, հետեւաբար ասել նույնաբովանդակ՝ ճիշտ չէ: Նա ասաց, որ Վահե Գրիգորյանի կողմից պաշտպանվում էր Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը ու դա արդեն իսկ կանխակալ վերաբերմունքի տպավորություն է ստեղծում: Ուստի իրենք էլ են գտնում, որ Վահե Գրիգորյանը կանխակալ վերաբերմունք կարող է ունենալ:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ասաց, որ այս փուլում այդ հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ, անցել են այդ փուլը: Իզուր ժամանակ են վատնելու: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ դիմումի հետ պետք է ներկայացվեր այդ դիրքորոշումը:

Դատավոր Երվանդ Խունդկարյանն էլ հավելեց, որ այս փուլում դատավորի մասնակցության անհնարինության հարց չի կարող քննարկվել, նման հարց կարող է բարձրացվել միայն ՍԴ այլ դատավորի կողմից:

Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Ես ամբողջությամբ պատրաստ եմ իմ դիրքորոշումները ներկայացնել, եթե դատարանը կորոշի այդ հարցը բարձրացնել: Պարոն Զոհրաբյան, ես չեմ ցանկանում թաքնվել ձեւական պահանջների հետեւում ու բովանդակային կարեւորություն ունեցող հարցերը թողնել անպատասխան, ձեր բարձրացված հարցը ամբողջ ծավալով քննարկվել է աշխատակարգային նիստի ընթացքում: Խորհուրդ կտամ ծանոթանալ աշխատակարգային նիստի արձանագրությանը: Դատավորների կողմից հարցը բարձրացվել է եւ ստացել է ընդամենը 1 կողմ ձայն»:

ՍԴ նախագահ Դիլանյանը ամփոփեց՝ առաջարկելով միջնորդությունը չքննարկել: Անգամ չքվեարկվեց, քանի որ գրեթե բոլոր դատավորները դիրքորոշում հայտնեցին: Ընդ որում, Հրայր Թովմասյանը նաեւ բացատրեց, որ եթե Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցը քննարկեին ու նրան թույլ չտային մասնակցել, ՍԴ-ն չունի հնարավորություն հիմա համալրելու իր կազմը, ուստի արդարադատության խնդիր կառաջանար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031