«Մենք մի կարճ վարժություն կարող ենք անել, կարող ենք բացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, կարդալ, թե ինչ գնահատական է տրվում ընտրություններին, եւ համեմատել 2017 թվականին կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետ: Այնտեղ կտեսնեք, թե ինչ էական տարբերություններ կան: Վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող: Անցել են արդար մրցապայքարում, բոլորն ունեցել են հնարավորություններ: Օրինակ՝ 2017-ի ընտրությունների գնահատականներում խոսվում է վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրություններին կողմնակի ազդեցությունների մասին, այդ թվում՝ ընտրատեղամասերում: Այս ընտրությունների նախնական գնահատականներում այդպիսի գնահատականներ չկան: Հակառակը, կան շատ դրական շեշտադրումներ: Կարծում եմ՝ այս ընտրությունների կապակցությամբ պետք է բոլորս իրար շնորհավորենք, որովհետեւ սա իշխանության ձեռքբերումը չէ, ընդդիմության ձեռքբերումը չէ, սա բոլոր քաղաքացիների ձեռքբերումն է»,- ասել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։
Ու թեեւ նախարարը վկայաբերում է միջազգային կառույցի գնահատականը եւ պարծենում, որ վարչական ռեսուրսի չարաշահման մասին տող չկա, սակայն անհերքելի փաստ է, որ նախընտրական քարոզչության ժամանակ հոգեբանական հարկադրանքի մեթոդներ եւ բռնության կոչեր են հնչել «Քաղպայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուի կողմից, եւ այդ փաստը հաստատվել է վարչական դատարանի վճիռներով՝ Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցության ներկայացրած դիմումի քննության արդյունքում։
Նախկինում բոլոր ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի թիմակիցները եւս միջազգային կառույցների զեկույցներն էին հպարտորեն ծածանում եւ ընդդիմության բերանը փակում օտարների գնահատականներով, քանի որ, որպես կանոն, հայտարարում էին, որ, անկախ խախտումներից, ընտրությունները «մեկ քայլ առաջ էին»։
«Բադասյանին թողնենք, կասի՝ հիմա մենք ամենաժողովրդավար երկիրն ենք։ Մեկն էլ կար, որ ասում էր, թե հիմա Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, եւ ինչ՝ այդպե՞ս է»,- երեկ ի պատասխան այն հարցին, թե Բադասյանն ասում է, որ որեւէ հիմք չկա ընտրությունները չեղարկելու, հակադարձեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Հենց նա է ներկայացնելու ՍԴ-ում ՊՈՒ դաշինքի դիմումը։
Կարդացեք նաև
Ի տարբերություն «Հայաստան» դաշինքի, ՊՈՒ-ն մեկ պահանջ է ներկայացրել՝ ընտրությունները չեղարկելու վերաբերյալ։ «Մենք ընդամենը մեկ պահանջ ենք ներկայացրել՝ անվավեր ճանաչել արդյունքները»։ Իսկ ավելի իրատեսական չէ՞ ՍԴ-ից պահանջել, որ մանդատները բաշխելու գործընթացը վերանայելու որոշում ընդունեն, քան արդյունքներն ամբողջությամբ չեղարկելու։ «Մենք կարծում ենք, որ սա Հայաստանի ապագայի հարցն է, եւ ճիշտը չեղարկելն է»։
Այդուհանդերձ, Հարությունյանը «մեծ» ակնկալիքներ չունի ՍԴ-ից․ «Բայց դա չի նշանակում, որ ես չպետք է գնամ եւ ներկայացնեմ իմ մոտեցումներն այնպես, ինչպես պատկերացնում եմ»։ Իսկ թե ինչու ակնկալիքներ չունի, Հարությունյանը չմանրամասնեց․ «Կան պատճառներ։ Բայց կրկնում եմ՝ դա ամենեւին չի նշանակում, որ չպետք է ամենայն հարգանքով գնալ եւ ներկայացնել դիրքորոշումը»։
Լուսինե Շահվերդյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում