Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, որ ԳԱԱ նախագահի 3 թեկնածուներից մեկն էր, համարում է, որ ընտրությունների ընթացքում տեղի է ունեցել կոպիտ խախտում, եւ խախտվել է իր՝ որպես թեկնածուի իրավունքը:
Նրա խոսքով՝ ընտրության երկրորդ փուլում մրցակցությունը պետք է կատարվեր առավելագույն ձայներ ստացած առնվազն երկու թեկնածուների միջեւ, այնինչ այս պարագայում միայն մեկ թեկնածու է անցել երկրորդ փուլ, ուստիեւ երկրորդ փուլի անցկացումը, ըստ էության, իմաստազրկվել է:
Լենսեր Աղալովյանը պնդում է, որ ընտրությունից առաջ օգտագործվել է ադմինիստրատիվ ռեսուրս. Սաղյանին ընտրելու վերաբերյալ Ռադիկ Մարտիրոսյանը մյուս անդամներին ասել է, թե քանի որ նա ամենից երիտասարդ թեկնածուն է, ուստի պետք է հենց նրան ընտրել. նրա չանցնելու դեպքում գուցե ակադեմիան փակվի, Կառավարությունը կադրերի երիտասարդացմանն է միտված:
«Նա ամեն ինչ արել էր, որպեսզի անցնի իր հովանավորյալը»,-նշեց նա:
Կարդացեք նաև
Հարցին՝ իսկ Ռադիկ Մարտիրոսյանի ինչի՞ն էր պետք ադմինիստրատիվ ռեսուրսներ օգտագործելը Աշոտ Սաղյանի ընտրվելու համար, Աղալովյանը նշեց, որ առաջինն այն տրամաբանությամբ, որ նրանք մտերիմներ են, եւ Մարտիրոսյանը կցանկանար, որ ակադեմիայում լինի «իր մարդը»:
«Լավ, էլի թող ռեսուրսներ օգտագործեն, աչքներս փակեցինք. բայց ինչպե՞ս կարող են՝ բարձրագույն օրգան հանդիսացող Ընդհանուր ժողովում առանց հարցը քննարկելու եւ առանց հաստատելու՝ ապօրինի որոշմամբ առաջ շարժվել, իսկ օրակարգում ներառելու մեր պնդմանն էլ շեղող պատասխաններ տալ ու անցնել առաջ»,-ասաց նա:
Ակադեմիկոսի խոսքով՝ ինքն այս հարցով արդեն դիմել է ակադեմիայի վերադաս մարմնին՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին, եւ պահանջել է, որ բեկանվի որոշումը. կա՛մ անցկացվի երկրորդ փուլ, կա՛մ նոր նախագահի ընտրություն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում