Լրահոս
Օրվա լրահոսը

Արգամ Գեւորգյան. «Ինձ ասում են՝ մեզ հայտնել են, որ Դուք հայհոյում եք մեր իշխանություններին։ Ես էլ ասում եմ՝ ո՞վ է ասել, բերեք առերեսման». «Հրապարակ»

Հուլիս 09,2021 10:24

«Հրապարակի» զրուցակիցն Ագարակի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գեւորգյանն է։ Գեւորգյանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել, թե նա, իբրեւ թե, միջամտել է ընտրական գործընթացներին, զինվորներին ուղղորդել է ընդդիմության կողմը եւ այլն։

– Ինչո՞ւ Ձեզ՝ մարտական ուղի անցած սպային, որոշեցին հեռացնել զինված ուժերի շարքերից։

– Հեռացրել են, որովհետեւ ինձ ասել են, որ վտանգ եմ Մեղրիի համար։

– Գուցե զինվորականներից վախենալու առի՞թ ունի իշխանությունը։

– Չգիտեմ, իրենք ինչ-որ ագրեսիա են նկատել իմ կողմից դեպի քաղաքական ուժերը, թե իբր ես ուղղորդել եմ։ Այսինքն՝ մի աղջիկ գրել է, իրենք հիմնվել են այդ աղջկա գրածի վրա։

– Պարզաբանումներ չե՞ն ներկայացրել, թե ինչի համար են նման բան ասում։

– Չէ, ես ինձ թույլ էլ չեմ տվել․․․, ոչ էլ բողոքելու բան ունեմ, որ բողոքարկեմ։ Ես այդքան նյարդեր չունեմ, գնալու եմ ծնողներիս մոտ, ծնողներս Ամերիկայում են։

– Այսինքն՝ երկրից արտագաղթելո՞ւ եք։

– Այո, էլ մնամ այստեղ՝ ի՞նչ անեմ։ Այդ աղջկա գրածը թող չբերեին դնեին դիմացս՝ որպես իրեղեն ապացույց, նույն ծառայողական քննության ընթացքում այդ աղջիկը գրել է, որ այդպիսի բան չի եղել։ Ինձ ասում են՝ մեզ հայտնել են, որ Դուք հայհոյում եք մեր իշխանություններին։ Ես էլ ասում եմ՝ ո՞վ է ասել, բերեք առերեսման։ Իրենց խնդիրն այն է, որ ես Մխիթար Զաքարյանի ընկերն եմ, բայց այդ մարդն էլ բառացի ասաց, որ Գեւորգյան Արգամը կյանքում քաղաքականությունով չի զբաղվել։ Ես քաղաքականության մեջ չկամ, բայց ես իմ ընկերներից ինչո՞ւ պիտի հրաժարվեմ։ Մարդ իր ընկերոջից կհրաժարվի՞, այն ընկերոջից, որի հետ մարտի դաշտում վիրավորվել է, իր կողքն է եղել, այն ընկերն է, որը մեր բանակին տոննաներով ցեմենտ է տվել, օգնել է, ես այդ ընկերոջից ինչպե՞ս հրաժարվեմ։ Կապ չունի, որ ինքը մտել է քաղաքականություն, բայց ես երդվում եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, ինքն էլ ինձ թույլ չի տվել որեւէ բառ ասել։

– Եթե այս պատմությունը չլիներ, պլանավորո՞ւմ էիք լքել զինված ուժերը։

– Ոչ։ Ես նույնիսկ մի ոտքով էլ եմ հիվանդանոցից փախել, գնացել եմ, իմ կռիվը շարունակել եմ։ Ես իմ հողուջրի համար գիտակցաբար գնացել եմ մեռնելու։ Ես հիվանդանոցից՝ «Նաիրի» ԲԿ-ից, մերոնց խաբել եմ, թե իջնում եմ սուրճ խմելու, նստել եմ մեքենան ու վարորդիս ասել եմ՝ քշի ուղիղ Մեղրի։ Ես զինվորական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ էլ զբաղվի, ոչ մի կուսակցություն չեմ մտնելու։ Ես դա փոքր ժամանակվանից էլ չեմ սիրել, ես սիրել եմ իմ հայրենիքը, սիրել եմ իմ ազգին ծառայելը։ Ուրիշ բան չունեմ ասելու։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Քու ժամանագով ես ծառայել եմ Ջաբրաիլում, գիդեմ օր մարդ չես։ Գիշերը մեզի շրջանային կուդաիր դու կերտաիր կքնեիր, հմի արտեն սուրպ ես դառե։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031