ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական լիազորությունները դադարեցրած Լուսինե Եգանյանի մանդատն այսօր տրամադրել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Արա Ռոմիկի Մելիջքանյանին։
Նշենք, որ Արա Մելիքջանյանը թավշյա հեղափոխությունից հետո, մոտ 9 ամիս զբաղեցնելով Շիրակի փոխմարզպետի պաշտոնը, հրաժարական ներկայացրեց։ Նա բնութագրվում է որպես բարեկիրթ երիտասարդ։
ԱԺ արտահերթ ընտրություններում նա, կարծես թե, սատարում էր «Հայաստան» դաշինքին, համենայնդեպս գյումրեցիներից շատերը նրան տեսել են Ռոբերտ Քոչարյանի՝ Գյումրիում կայացած հանդիպումներին, հանրահավաքին։
«Հայաստան դաշինքի» Շիրակի մարզային գրասենյակից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ այո, «Հայաստան» դաշինքի լայնամասշտաբ միջոցառումներին Արա Մելիքջանյանը մշտապես մասնակցել է, իսկ Ռոբերտ Քոչարյանի համակիր լինել-չլինելը խորհուրդ տվեցին ճշտել միայն իրենից։
Կարդացեք նաև
Մենք Արա Մելիքջանյանից փորձեցինք տեղեկանալ, թե արդյոք պատրաստվո՞ւմ է վերցնել « Իմ քայլը» դաշինքի մանդատը, որը մի քանի օրից ուժ չի ունենալու․ խորհրդարանը կլուծարվի։ Նրանից փորձեցինք նաև ճշտել, թե արդյոք սատարո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքին։
Արա Մելիքջանյանն ասաց, որ մանդատը վերցնելու է, դա օրենքով իրեն սահմանված պարտավորությունն է։
Մեր հարցին՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցել է հետաքրքրությունից դրդվա՞ծ, թե՞ սատարում էր, Արա Մելիքջանյանն ասաց․ «Այո՛, սատարել եմ, բայց պիտի ասեմ, որ ես ո՛չ նիկոլական եմ եղել, ո՛չ քոչարյանական, ես ոչմեկական չեմ եղել, եթե կարիք է եղել՝ ելնելով ինչ-որ արժեքներից, իմ պատրաստակամությունն եմ հայտնել որևէ կերպ սատարելու, և դա չի կարող բնութագրվել ինչ-որ մեկական։ Եթե գտել եմ անհրաժեշտ ինչ-որ պահից ինչ-որ մեկին սատարելու, դա եմ արել, զգացել եմ, որ այդ պահին իմ կայացրած որոշումը ճիշտ է։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ես իմ կայացրած որոշման տերն եմ, բայց, նորից եմ կրկնում, երբևիցե ոչմեկական չեմ եղել, ո՛չ եղել եմ, ո՛չ էլ կլինեմ, ես մարդ եմ, որը տիրապետում է հմտությունների ու այն ծառայեցնում է իր պետության համար՝ դա կլինի մարզի, համայնքի կտրվածքով, թե պետական մակարդակով։ Ընդամենը խոսքը սրան է վերաբերում։ Ես կուսակցական չեմ։
Ես մանդատը վերցնելու եմ, թեկուզև մի քանի օրից այն ուժ չի ունենալու, ու առաջին քայլը, որը կանեմ, եթե հասցնեմ անել՝ առնվազն «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալը կլինի, եթե չհասցնեմ անել էլ, կամքս դա է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարն՝ Արա Մելիքջանյանի ՖԲ էջից