Լրահոս
Օրվա լրահոսը

54 տոկոսը «փակեց» Արցախի խնդիրը

Հուլիս 09,2021 10:00

Այն, որ Փաշինյանին վստահության մանդատ տալով, մեր քաղաքացիների 54 տոկոսը հերթական անգամ «մերժեց նախկիններին», պարզ է, եւ դրա մասին շատ է խոսվել: Բայց միայն «նախկինները» չէ, որ մերժվել են. կասկածի տակ է դրվել այն հիմքը, որի վրա ստեղծվել է Երրորդ Հանրապետությունը:

Իր ընտրությամբ՝ հիշյալ 54 տոկոսը հայտարարեց, որ Արցախի հարցն իրեն այլեւս չի հետաքրքրում, որ դա իսկապես բեռ էր, որից նրանք հոգնել են:

Պարզ է, որ նախընտրական արշավի ժամանակ Փաշինյանի ձեռքերը համբուրող տատիկն այդպիսի ձեւակերպում չի արել, բայց, վստահ եմ՝ որ  մեր 687 251 քաղաքացիները, վերջին հաշվով, իրենց վերաբերմունքն են արտահայտել այն խնդրի հանդեպ, որը 33 տարի Հայաստանում համարվում էր հիմնականն ու ամենակարեւորը:

Իհարկե, այդ խնդիրը նաեւ շահարկվում էր, դրանով արդարացվում էին ապօրինություններ, եւ դա նման անտարբեր վերաբերմունքի հիմքերից մեկն է: Անտարբերության մասին իմ պնդումը գուցե դաժան է հնչում, բայց երբ այդ մարդիկ, ըստ էության, ասում են՝ «կորցրել ենք, հետո՞ ինչ», ես այլ մեկնաբանություն չեմ կարող տալ: Կարող եք ասել նաեւ, որ 687 251-ը հայ ժողովրդի մեծամասնությունը չեն կազմում: Բայց ժողովրդավարական ընթացակարգը հաշվի է առնում ընտրությունների արդյունքները, ոչ թե՝ մնացածների արտահայտած կամ չարտահայտած կամքը:

Մտավորականների այն խումբը, որը 1988 թվականին «գրավեց» Ազատության հրապարակը, իսկ այնուհետեւ՝ ամբողջ Հայաստանը, կոչվում էր «Ղարաբաղ» կոմիտե: Այն չէր կոչվում «Հակակոռուպցիոն կոմիտե», «Սոցիալական արդարություն» կամ անգամ «Անկախ Հայաստան» կոմիտե:

Երրորդ Հանրապետության ամբողջ պատմությունը, մինչեւ 2018 թվականը, ընթանում էր Արցախը հայկական պահելու, այն չհայաթափելու նշանաբանի տակ: Երեք տարի առաջ արձանագրվեց, որ առաջնահերթությունները փոխվել են, եւ այդ փոփոխությունը լավագույնս արտահայտեց Փաշինյանն իր հեղափոխությամբ: Նա դարձավ Հայաստանի առաջին ղեկավարը, որը կապ չուներ Ղարաբաղյան խնդրի հետ, եւ դա սկիզբն էր այն գործընթացի, որի հիմնական արդյունքն արձանագրվեց 2020 թվականի նոյեմբերի 10-ին, եւ որն իր ավարտին է հասցվելու մոտակա 1-2 տարում:

Ինչի՞ մանդատ տվեց Փաշինյանին 54 տոկոսը: Պողպատը, մուրճը, նախկիններին պատժելը՝ այդ ամենը «լիրիկա է», քարոզչական պատմուճան: Փաշինյանը հունիսի 20-ին ստացավ Արցախի հարցը փակելու, այն՝ որպես Ադրբեջանի մաս ճանաչելու եւ Թուրքիային Սյունիքի մարզով միջանցք տալու մանդատը: Դրա մասին էր, ըստ էության, խոսում Պուտինը՝ վարչապետի պաշտոնակատարի հետ իր զրույցում. ստացե՞լ ես ժողովրդի վստահությունը, ուրեմն՝ վերջ, արա՛ այն, ինչի համար մենք քեզ սատարում ենք:

54 տոկոսի մեջ հաստատ կան մարդիկ, որոնք անկեղծորեն չեն ուզում, որ ամեն ինչ գնա նման սցենարով: Բայց ցանկացած մարդ պետք է պատասխան տա իր ընտրության համար եւ «վայելի» դրա արդյունքները:

Ի դեպ, երբ Փաշինյանը կատարի այն, ինչը նրանից Պուտինի միջոցով պահանջում են Էրդողանը եւ Ալիեւը, նա այլեւս միջազգային խաղացողներին հետաքրքիր չի լինելու: Բայց այդ հանգամանքն ինձ բացարձակապես չի սփոփում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Փաստորեն, դուք էլ եք աստիճանաբար հակվում դավաճանության վարկածին:

  2. Լավատես says:

    Օրինաչափությունը պարզ էր նախապես՝ Մասլոուի բուրգի ստորոտի ժողովուրդը՝ սա ծայրը ծայրին հազիվ հասցնող ժողովուրդն է, որի ուշքն ու միտքը համապազօրյա հացն է, զուտ ֆիզիոլոգիական գոյության խնդիրն է, այս խեղճ մարդիկ քաղաքականությունից հեռու մարդիկ են, նրանք միշտ են քվեարկելու նրանց օգտին, ում հեռուստացույցը ցույց կտա: Քաղաքական խնդիրները հուզում են բուրգի միջին ու գագաթի մարդկանց, որոնք էլ փոքրամասնություն են կազմում: Հետխորհրդային պետությունների մեծ մասում ամեն ինչ արվում է, որ ընտրողները վատ ապրեն, որովհետեւ միայն վատ ապրող ընտրողներն են ապահովում ընտրությունների բարձր հավանականությամբ ցանկալի եւ կանխատեսելի արդյունք: Մենք մեզ պետք է խոստովանենք, որ երեք տարի առաջվա հեղափոխությունը թե իշխանափոխությունը՝ իրականում ոչ մեկը եւ ոչ էլ մյուսը՝ դա ժողովրդին հերթական անգամ ձրի պանիր հրամցնելն էր , որ երեք տարի հետո թակարդը գցեն: Այս տարվա աշնանը աշխարհը նոր արհավիրքների է սպասում, այնպես որ ոչ մի տեղ գնալ պետք չի, բոլոր տեղերում էլ անապահով է լինելու, դրանց ֆոնին մեր կորուստները այդքան դաժան չեն երեւա: Այն քաղաքական ու հասարակական ուժերը, որոնք ոչ մի այլ ազգի հատուկ ծառայությունների գործակալներ չեն, նրանք պետք է միավորվեն ազգի գոյաբանական՝ ռազմավարական խնդիրների շուրջ եւ սփյուռքի օգնությամբ ու վոլոնտյորներով պարզապես կրկնօրինակել Շվեյցարիայի անվտանգային համակարգը՝ սկսած քաղաքացիական պաշտպանության ապաստաններից վերջացրած ընտանիքների ռազմական կրթությամբ ու զինավորմամբ ու քաղաքացիական զորավարժություններով: Սփյուռքը պետք է ընդունի, որ սա նաեւ իրենց համար է, որ միայն պայքարող ազգն ունի ապրելու շանս եւ վաղը նրանք ապահով ու հարազատ երկրում է, որ կարող են ապաստան եւ ապաստարան գտնել: Իսկ մեր պետական կառույցները վարակված են համաշխարհային պարազիտների համաճարակով եւ մենք բացի մեր սեփական քսակի, բազկի եւ ոգու ուրիշ ոչ մեկի վրա հույս չենք կարող դնել, նույնիսկ ամենահզորների: Ապավինենք մեզ ու մեր Արարչին, թե վատը լինի՝ մենք ենք մեղավոր, թե լավը լինի՝ էլի մեր շնորհիվ, սուբյեկտ միայն մենք ենք ու մեր Արարիչ, իսկ մնացածը՝ օբյեկտներ են, օբյեկտները ճակատագիր չեն որոշում, եթե մենք օբյեկտից սուբյեկտ չկարգենք: Մեծ փոփոխություններ են սպասվում, իսկ դրական արդյունքը կլինի այնքան, որքան պատրաստ կլինենք այդ փոփոխություններին: Սա մեր դարավոր շանսն է, այս անգամ ձեռքներիցս բաց չթողնենք:

  3. Ռուբեն says:

    Ընտրության մասնակիցներից 54 տոկոսը ՔՊ-ին ձայն տվողները ընտրության իրավունք ունեցողների մոտավորապես 26 տոկոսն են կազմում, որոնք էլ որոշեցին մեր ազգի ճակատագիրը: Այդ 26 տոկոսի մեջ մտնում է վարչական ռեսուրսը, բանակը, միայն հանրային հեռուստատեսություն նայելու հնարավորություն ունեցող գյուղական խավը, անվճարունակ վարկառուները, տաքսու և երթուղայինի կարգազանց վարորդները, որոնց տուգանքների պարտքերը Փաշինյանի կառավարությունը ժամանակին հաշվենկատ ձևով զրոյացրել էր: Իսկ երկրի գիտակից խավի ձայները ծրագրավորված ձևով բաժան-բաժան արեցին ՔՊ-ին հարող, բայց ձևականորեն նրան քննադատող կեղծ ընդդիմադիր ուժերը, որոնք հունիսի 20-ից հետո հանեցին իրենց դիմակները և հերթով մտան շնորհավորելու Նիկոլին, պատրաստակամություն հայտնելով համագործակցել նրա հետ: Այս ամենը հաշվարկվել և նախապատրաստվել էր մինչև ընտրությունը, որից հետո իշխանությունը համարձակորեն կազմակերպեց արտահերթը:
    Այժմ գնդակը Սահմանադրական դատարանի կիսադաշտում է, սակայն իր ստեղծման օրից ՍԴ-ն իշխանությունների դարպասը գոլ խփելու ավանդույթ չի ունեցել: Կփոխվի՞ արդյոք ավանդույթը:

  4. Armen says:

    Արցախը հայկական պահելու համար էի՞ն գողանում «մեր» հայտնի նախագահները, չտեսավարի անձնական հարստություն դիզելն էլ դրա համար էի՞ն, եթե այդ տրամադրությամբ՝ հոկտեմբերի 27-ն էլ դրա համար է՞ր: Էս անկուշտ անհայրենիք անհատները գիշեր ցերեկ մտահոգվում էին Արցախի համար, ժողովուրդը՝ ո՞չ: Լուրջ եք ասու՞մ: Այսինքն նրանք որոնց որդիները կամ չէին գնում զինվորական ծառայության կամ նստում էին նախարարության հեռախոսի մոտ(օրինակ՝ Աղվան Վարդանյան) մտահոգված էին Արցախով, իսկ ժողովրդին(«ժեխին») ՝ որոնց որդիներն ու թոռները գնում Հայրենիքի սահմաններն էին պահպանում(զոհվում), հենց նրանց չի հետաքրքրու՞մ Արցախի հարցը: Սթափությունն ու խիղճը պետք չէ այդ աստիճան կորցնել:

  5. Harutyun Karapetyan says:

    Մի քանի դիտարկում Ձեր «Մտավորականների այն խումբը, որը 1988 թվականին «գրավեց» Ազատության հրապարակը, իսկ այնուհետեւ՝ ամբողջ Հայաստանը, կոչվում էր «Ղարաբաղ» կոմիտե: Այն չէր կոչվում «Հակակոռուպցիոն կոմիտե», «Սոցիալական արդարություն» կամ անգամ «Անկախ Հայաստան» կոմիտե:» մտքի մասին, որն իրականում մի փոքր չի համապատասխանում իրականությանը: Արցախի հարցը մենք, այսինքն Ձեր նշած «մտավորականները» փակել էինք ոչ թե երեք տարի առաջ, այլ 1988-ի կեսերից: Համոզված եմ, որ նորություն չեմ նշելու, գոնե անձամբ Ձեր համար և, կարծում եմ նշածներս օգտակար կլինի Ձեր գրառումներին հետևող շատերին: Եվ այսպես, 1988թ. սկզբներին, ԽՍՀՄ փլուզման ֆորշոկի ժամանակաշրջանում, բարձրացվեց ու ամբողջ ազգի միակ մտածմունքի առարկան դարձավ հարցը: Ձևավորվեց «Ղարաբաղ կոմիտեն» Իգոր Մուրադյան, Մանվել Սարգսյան, Արթուր Մկրտչյան, Էմիլ Աբրահամյան, Գագիկ Սաֆարյան կազմով: Արցախի հարցը միակը չէր ԽՍՀՄ տարածքում, նմանատիպ խնդիրների թիվը, ինչքան հիշում եմ 19-ն էին, ըստ Գարբաչյովի կամ մեկ այլ բարձրաստիճան ղեկավարի և իհարկե ԽՍՀՄ տարածքում համատարած հրդեհից կամ որ նույնն է շղթայական ազգամիջյան կոնֆլիկտներից խուսափելու նպատակով ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները ձեռնարկեցին քայլեր, որն հետագայում կոչվեց «Լուկյանովի Դոկտրին»: Համոզված եմ, քանի որ ուղեկցող փաստեր ևս կան, որոնց չեմ անդրադառնա, հենց «Լուկյանովի Դոկտրին»-ի շրջանակներում և մեր մոտ ձևավորվեց «Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտեն», որը ժամանակի ընթացքում ազատվելով, հաճախ նաև վարկաբեկման ճանապարհով, «Ղարաբաղ կոմիտեի» վերևում նշված անդամներից ինքնակոչվեցին նախ «Ղարաբաղ կոմիտե» և, այնուհետև ձևավորեցին ՀՀՇ կոչված կուսակցությունը: Ի դեպ չեմ կարող հիշել բոցաշունչ հռետոր Աշոտ Մանուչարյանի որևէ ելույթ, որը նվիրված չլիներ սոցիալական հարցերին կամ գործարանների տնօրենների կոռուպցիային: Ի դեպ, եթե հիշում եք հաճախ հռետորներն անդրադառնում էին նաև «բարեկեցիկ Հայաստանի» խնդրին: Այնուհետև, եղավ Անկախության Հռչակագիրը, որով, ի տարբերություն հարևան Վրաստանի ու Ադրբնք անտեսեցինքեջանի, մենք անտեսեցինք Առաջին Հանրապետությունը: Հետո, 1991թ.-ին ԱՊՀ Պայմանագիրը, որտեղ մենք անտեսեցինք Արցախի խնդիրն ու ճանաչեցինք ԱդրԽՍՀ-ի տարածքային ամբողջականությունը: Հետո, այսպես ասած, հաղթական առաջին պատերզմն ու, ընդամենը, 1994թ.-ի Հրադադարի Պայմանագիրը: Կարծում եմ, կհամաձայնեք, որ հենց այստեղ էլ մենք զիջեցինք Արցախն առանց հավուր պատշաճի պատրաստվելով 44-օրյային:Համոզված եմ, որ տեղյակ եք նաև 1994թ.-ի ԼԱՎՐՈՎԻ պլանից, որն իր ժամանակին կոչվում էր Կազիմիրովի պլան,որի շրջանակներում ռուսական զորքը պետք է մտցվեր Արցախ ժամանակի մտավորականների համաձայնությամբ: Այսքանն, առայժ: Լավ լինեք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031