Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան եւ Ադրբեջանը լկտիացել են

Հուլիս 09,2021 13:00

Մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը աշխարհը մեզ իրոք հարգում էր, ավելին՝ ելնելով մեր աշխարհագրական դիրքից, ինչպես նաեւ հարգելով հայի մտքի թափը եւ աշխարհում հայկական լոբբիի լրջագույն գործունեությունը, երբեմն նույնիսկ հաշվի էր նստում մեր կարծիքի հետ ու Հարավային Կովկասում մեզ համարում իր ամենահուսալի գործընկերը: Անկեղծ լինենք ու ասենք, քանի որ մինչ վերջին պատերազմը Արցախը համարվում էր հաղթող կողմ, իսկ հաղթողին չեն դատում, նրան ընդամենը հարգում են եւ ընդունում, ուստի նրանց միջամտությունն այդ հարցին ֆորմալ բարձրաձայնումներից այն կողմ չէր անցնում:

Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին աշխարհի բարձրաձայնումներն ընդամենը դիվանագիտական ցուցադրական տարրեր են պարունակել եւ ուղղակի այդպես արտահայտվում էին, քանզի նրանք հատկապես Թուրքիայի հետ ունեն աշխարհաքաղաքական եւ ֆինանսական մեծ շահեր եւ երկրորդ, դրանով նաեւ ցուցադրում էին, որ իրենք դեմ են աշխարհում ընթացող նոր վերաբաժանումներին, քանզի իրենց շահը եւս դա է պահանջում (չէ՞ որ իրենք եւս երբեւէ կարող են հայտնվել նման իրավիճակում): Այլ խոսքով, իրենք իրենց ապահովագրում էին, որպեսզի Աստված մի արասցե, եթե երբեւէ իրենք հայտնվեն նույնպիսի իրավիճակում, խոսելու տեղ ունենան: Եթե համադրենք վերն ասված հանգամանքները, ապա պարզ կդառնա, թե Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ինչու այդպես էլ աշխարհի եւ ոչ մի խոշոր երկրի կողմից՝ բացի սիրողական, ոչինչ չասող կոչերից, ոչ մի կոնկրետ գործնական օգնություն ցույց չտրվեց հայկական կողմին:

Անգամ ՀԱՊԿ-ն անարձագանք թողեց մեր օգնության խնդրանքը, նշելով, որ ինքը միջամտում է միմիայն ռազմական գործողություններին, իսկ ադրբեջանցիների ներխուժումը Հայաստանի տարածք, ընդամենը սահմանային միջադեպ է, որին միջամտելն իրենց կանոնադրական գործառույթներից դուրս է: Ցավալիորեն, մինչ այժմ այդպես էլ չհասկացանք, որ հատկապես նման հարցերում աշխարհի վրա հույս դնելը պարզապես մանկական միամտություն է, քանզի Ռուսաստանից՝ մեր դաշնակցից սկսած, որեւէ երկիր պատրաստ չէ խաչ քաշել Թուրքիայի հետ կնքված եւ հնարավոր կնքվելիք միլիարդավոր դոլարների արժողության տարաբնույթ պայմանագրերի վրա, ինչ է թե՝ մենք քրիստոնյա ենք եւ մեր հանդեպ մարդկային սիրուց կուրացած, կփորձեն օգնել մեզ: Անգամ Թուրքիան զուտ սիրուց դրդված չօգնեց Ադրբեջանին: Ասեմ նաեւ, որ ինձ մոտ այնպիսի տպավորություն կա, որ այդ երկրներից շատերը ներքուստ կուզենային, որ Հայաստանն այնուամենայնիվ հաղթեր այդ պատերազմում, սակայն ինչպես ասվեց, նրանք այդ մասին բացահայտ արտահայտվել չէին կարող: Ամեն դեպքում, այս պարտության միակ մեղավորը հայկական կողմն էր՝ սկսած իշխանությունների վարած քաղաքականությունից, վերջացրած բազմապիսի դավաճանություններով:

Գաղտնիք չէ, պատերազմում կամ հաղթում են, կամ պարտվում, սակայն երկու դեպքում էլ դրանք պետք է լինեն արժանապատիվ: Հատկապես Արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո, աշխարհը մեզ իրոք հարգում էր եւ դրա մասին տեղյակ էին անգամ Թուրքիան ու Ադրբեջանը: Ցավալիորեն, գաղտնիք չէ նաեւ, որ մեր վերջին պարտությունը շատ անարժանապատիվ էր, որի պատճառով աշխարհն իր կարծիքը փոխեց մեր ազգի, մեր ժողովրդի նկատմամբ: Այսօր ունենք մի վիճակ, որ նույն աշխարհն արտաքուստ ցուցադրում է, որ ոչինչ չի փոխվել, սակայն իրականում նրանք ներքուստ մեզ չեն հարգում, եթե չասենք, ինչ-որ իմաստով անգամ արհամարհում են: Իհարկե, չափազանց դրական կարելի է համարել, որ հենց մեր խայտառակ պարտությունից անմիջապես հետո էլ բազմաթիվ լսարաններում տարաբնույթ ուժերի եւ անձերի կողմից հաճախ են հնչեցվում, որ սա դեռ վերջը չէ եւ մենք երբեւէ կուղղենք մեր մեջքը ու ամեն կերպ կփորձենք կորցրածը ետ բերել: Հարց է առաջանում, ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է դա հնարավոր…

Եթե առ այսօր լրջորեն վերլուծված եւ սեղանին դրված չեն մեր պարտության պատճառները, որոնցից ամեն օր պետք է դասեր առնենք, ավելին՝ թուրքն արդեն մի քանի ուղղություններով մտել եւ գրավել է Հայաստանի բավականին տարածքներ, գերի է վերցրել մեր զինվորներին եւ հոխորտանքներով է վերաբերվում գրաված տարածքներին մոտ բնակվող մեր հայրենակիցներին, տարաբնույթ խաղեր խաղում մեր գերիների գլխին, դրանով մեկ անգամ եւս նվաստացնելով ողջ հայ ժողովրդին, գրավյալ տարածքներում ամբողջովին վերացնում հայկական միտքն ու շունչը, աշխարհը նորից իր երգերն է երգում գերիների վերադարձի ու Հայաստանում գրավված տարածքների վերաբերյալ, որեւէ գործնական քայլ չի արվում թշնամուն մեր երկրից դուրս վռնդելու հարցում, հետաքրքիր է, այսքանից հետո ինչպե՞ս ենք պատկերացնում Արցախի գրավյալ տարածքների հետվերադարձը: Ի՞նչ է, ինչ-որ հնարքի կամ ֆոկուսի՞ ենք սպասում… Թե՞ Թուրքիան այս անգամ արդեն պետք է աշխարհից վախենա եւ այլեւս չօգնի Ադրբեջանին…

Միանգամից փարատեմ եւ ասեմ, որ նման հարցերում հնարքներ կամ ֆոկուսներ չեն լինում: Կամ ուժեղանում ես եւ կորցրածը ետ բերում, կամ ձայնդ կտրում ես ու լուռ նստում, եթե իհարկե՝ թույլ տան: Թող որեւէ մեկն ասի, այս յոթ ամիսների ընթացքում Հայաստանի ուժեղացման ուղղությամբ ի՞նչ քայլեր է նկատում, եթե չասենք ճիշտ հակառակը, որ գնում է Հայաստանի էլ ավելի թուլացման տենդենց, որի առհավատչյան նրանց կողմից մեր տարածքների գրավումն ու թշնամու դիրքերի աստիճանական ամրապնդումն է: Իհարկե, նման վիճակի առաջացման պատճառները մի քանիսն են. նախ այդ հարցում ոչ իշխանությունների, ոչ էլ ժողովրդի կողմից ոչ միայն որեւէ քայլ չի արվում, այլեւ նմանատիպ ցանկություն չի էլ դրսեւորվում, այնպես որ՝ հակառակորդը սա շատ լավ էլ տեսնում ու հասկանում է եւ հենց այդ լույսի ներքո էլ կազմակերպում է իր հերթական քայլերը. այդ տարածքներում իրենց դիրքերի էլ ավելի ամրապնդում ու էլ ավելի առաջխաղացում: Որեւէ բառ որեւէ մեկի կողմից չի ասվում. եթե այսպես շարունակվի, ի՞նչ պետք է լինի մեր վերջը:

Հավանաբար, բոլորն են համակերպվել այն մտքի հետ, որ հենց այսպես էլ պետք է Հայաստանը մաս-մաս հանձնենք եւ լավագույն դեպքում դառնանք թուրքական հերթական վիլայեթը: Այսպես հեշտ է, գլուխներս կազատենք եւ պատասխանատվությունից, եւ ավելորդ գլխացավանքից…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031