Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ մտածել պարտվելու մասին, հաղթանակը շատ կարեւոր է». Արման Սարգսյան

Հուլիս 09,2021 12:00

Բռնցքամարտի մարզիչ Արման Սարգսյանն ընդամենը 5-6 տարեկան փոքրիկ էր, երբ մայրը նրան տարավ Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց: Այդ օրվանից շատ տարիներ են անցել, իսկ այսօր Արմանի սան Պետրոս Անանյանն արդեն այնպիսի հաղթանակներ է գրանցում, որ պատիվ կբերեին ամենահայտնի բռնցքամարտիկներին:

Հաղթանակները հեշտ չեն տրվում, յուրաքանչյուր հաղթանակի հետեւում ահռելի աշխատանք կա, որը սպորտի պարագայում տարվում է ոչ միայն մարզիկի, այլեւ մարզիչի կողմից:

Հավանաբար մարզասերներից շատերը կհիշեն, որ ընդամենը ամիսներ առաջ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը մենամարտում հաղթանակ տարավ պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի նկատմամբ։

Նշենք, որ մենամարտը տեղի է ունեցել Լաս Վեգասում Premier Boxing Champions-ի շրջանակում։ Մատիասը, ի դեպ, իր նախորդ 15 մենամարտերում հաղթել էր նոկաուտով, եւ ոչ բոլորն էին համաձայնվում մենամարտել նրա հետ, իսկ Անանյանն այսօր Մոսկվայի ԲԿՄԱ-ի բռնցքամարտի դպրոցի սան է, Ռուսաստանի սպորտի վարպետ:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց նրա մարզիչ Արման Սարգսյանը՝ Մատիասի հետ մենամարտելու առաջարկն իրենք ընդունել են առանց վայրկյան իսկ վարանելու, քանի որ այն լայն հնարավորություններ կբացեր Պետրոս Անանյանի առջեւ, եւ, փաստորեն, այդպես էլ եղավ:

Պետրոս Անանյանն էլ նշեց, որ, անշուշտ, հաջողված է համարում իր եւ Արման Սարգսյանի համագործակցությունը: «Մեր գաղափարները շատ հարցերում են համընկնում, եւ ամենակարեւորը՝ պարապում ենք հաղթանակի համար եւ լիովին հասկանում ենք միմյանց»,-ասաց Պետրոսը:

Մարզիչն էլ հավելեց, որ հավատում է իր սանի հաջողություններին՝ այդպիսով մեծացնելով նրա վստահությունը դեպի հաղթանակ, իսկ Պետրոսն էլ, իր հերթին, ինքնավստահ քայլերով շարժվում է առաջ:

Ի դեպ՝ նշենք, որ իր կարիերայի ընթացքում ինքը՝ մարզիչ Սարգսյանը, ունեցել է ընդհանուր 14 մենամարտ, բոլորը` հաղթանակով, ընդ որում՝ 8-ը նոկաուտով։

2010-ին նա Լաս Վեգասում անցկացրել է իր վերջին մենամարտը՝ այդպիսով դադարեցնելով մարզիկի կարիերան եւ 2013-ից զբաղվելով բացառապես մարզչական գործունեությամբ:

Մենք փորձեցինք Արման Սարգսյանից պարզել, թե նա ինչպե՛ս է վերաբերվում հաղթանակներին, եւ արդյոք նրա համար մասնակցությո՞ւնն է կարեւոր, թե՞, այնուամենայնիվ, հաղթանակը: «Ես համամիտ չեմ, որ կարեւորը մասնակցությունն է: Միշտ մասնակցության դեպքում պետք է մտածել հաղթանակի մասին, հաղթանակը շատ կարեւոր է, պետք է չմտածել պարտվելու մասին»,-ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է իր սանի՝ Պետրոս Անանյանի հաղթանակին, մարզիչն ասաց, որ պատրաստվել են մեծ հավատով՝ առ հաղթանակ. «Հպարտանում ենք, որ քրտնաջան աշխատանքից հետո զգալի արդյունք է լինում»:

ԱՄՆ-ում ապրող ու գործող Սարգսյանը հավելեց. «Միակ երազանքս՝ համախմբել բոլոր հայերին, երեխաներին, երիտասարդներին, ԱՄՆ-ում շատ հայեր կան, շատ երեխաներ կան, որ կարիք ունեն լավ մասնագիտացված մարզիչի, որ իրենց ճիշտ ուղու վրա դնի, եւ ոչ բոլորը, բայց ոմանք ինչ-որ հաջողությունների անպայման կհասնեն, ու ամեն ինչ կանենք, որ համախմբենք բոլորին»:

Նա նշեց նաեւ, որ թե՛ ինքը, թե՛ Պետրոս Անանյանն այժմ շարունակում են պարապել եւ պատրաստվում են նոր հաղթանակների:

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031