Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա կարծես երազ էր»

Հուլիս 09,2021 12:30

Հարցազրույց իտալաբնակ դաշնակահարուհի Մայա Օհանյանի հետ

– Հուլիսի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ եւ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, առաջին անգամ ներկայացաք հայաստանյան ունկնդրին՝ կատարելով Բեթհովենի հանրահայտ դաշնամուրային 3-րդ կոնցերտը: Հանդիսատեսի կարգավիճակում էր նաեւ լեգենդար իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին, տիկնոջ՝ Քրիստինա Մուտիի հետ: Ի՞նչ զգացողություններ ունեիք՝ գիտակցելով, որ ձեր համերգին ներկա է նման մեծ հեղինակություն ունեցող երաժիշտը: Երբեւէ կպատկերացնեի՞ք նման բան:

– Դա կարծես երազ էր: Բոլորս հուզված էինք եւ մեծ պատասխանատվություն էինք զգում Մուտիի առջեւ ելույթ ունենալուց: Հատկապես այն պատճառով, որ Բեթհովենի 3-րդ դաշնամուրի կոնցերտի մեր մեկնաբանությունը բավականին ժամանակակից էր, իսկ մենք գիտենք, որ մաեստրո Մուտին հայտնի է որպես ավելի կոնսերվատիվ երաժիշտ: Նա ղեկավարել է այս կոնցերտը ամենահեղինակավոր նվագախմբերի եւ կատարողների հետ, ինչպիսիք են Սերկինը, Արրաուն, Ռիխտերը: Եվ մենք մեծ ուրախություն ապրեցինք, երբ իմացանք, որ Մուտին հավանել է կոնցերտի մեր մեկնաբանությունը:
– Դուք համերգից հետո առիթ ունեցե՞լ եք նրա հետ շփվել եւ անձամբ իմանալ Մուտիի կարծիքը ձեր նվագի ու նվագախմբի մասին:

– Այո, ես պատիվ եմ ունեցել շփվել մաեստրոյի հետ համերգից հետո: Հիմա դուք ինձ ստիպում եք անհամեստ գտնվել եւ բարձրաձայնել այն գովասանքի խոսքերը, որ լսեցի մաեստրո Մուտիից, դե ինչ, նա ասաց, որ շատ զարմացած է իմ պատանի տարիքով եւ կատարողական հասունությամբ, որ ես շատ էքստրաօրդինար դաշնակահարուհի եմ: Նա նաեւ ինձ մի դրվագ պատմեց իր եւ Ռիխտերի այս կոնցերտի կատարումից: Նա ասաց, որ Ռիխտերը պնդում էր, որ կոնցերտի երրորդ մասի սկիզբը չպետք է կատարել գեղեցիկ կամ հաճելի կերպով, ինչպես բոլորն են նվագում, այն պետք է նվագել ավելի ձիգ, ավելի կատաղի: Եվ մաեստրո Մուտին ասաց, որ այդ հատվածի մեր մեկնաբանությունը համընկնում է Ռիխտերի պատկերացումների հետ: Մուտին նաեւ շատ դրական արտահայտվեց մաեստրո Էդուարդ Թոփչյանի եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարման մասին՝ ասելով, որ երբ նստած էր համերգին, մտածում էր, թե ինչ հիանալի նվագախումբ է: Նա ասաց, որ մենք դեռ կհանդիպենք եւ ես ու մաեստրո Թոփչյանն ուղղակի թեթեւացած շունչ քաշեցինք:

– Ուսանել եք Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում, պատմեք մի փոքր ձեր այդ տարիների մասին:

– Դաշնամուր նվագել սկսել եմ չորս տարեկանից, վեց տարեկանից իմ ուսուցիչն է եղել Ալեքսանդր Մայկապարը: Նա մեծագույն ուսուցիչ է: Մեր պարապմունքները շատ ինտենսիվ էին եւ դրանք միայն գործիքի տիրապետմանը չէին ուղղված: Մայկապարը ինձ համար բացահայտեց դասական երաժշտության գեղեցիկ աշխարհը, ուղեկցեց մարդկության պատմության, գեղանկարչության, քանդակագործության, թատերական արվեստի շավիղներով: Մայկապարը, որպես երաժիշտ, զուտ խորհրդային դպրոցի կրող է:

– Ձեր ուսումը շարունակում եք Իտալիայում՝ Վենետիկի «Benedetto Marcello» կոնսերվատորիայում, ի՞նչ առանձնահատկություններ ու ընդհանրություններ կան ռուսական ու եվրոպական ուսուցման մեջ:

– Այո, ինը տարեկանում ես ընդունվեցի Վենետիկի «Benedetto Marcello» կոնսերվատորիան, որտեղ մինչ օրս էլ սովորում եմ: Իմ ուսուցիչը անվանի դաշնակահար, պրոֆեսոր Մասսիմո Սոմենցին է: Իհարկե, Մայկապարն ու Սոմենցին շատ տարբեր են նախ որպես անձնավորություններ: Սոմենցին հայտնի եւ հաջողակ դաշնակահար է եղել, բաց հասկանալով, որ մենակատարի կյանքն իրենը չի, ամբողջովին նվիրվել է դասավանդմանը: Նա ինձ ավելի պատրաստեց եւ զինեց տեխնիկական առումով: Սոմենցին ինձ է փոխանցում իր հոգին, նա ինձ ցույց է տալիս, թե ինչպես նվագի միջոցով արտահայտեմ խոհերս ու զգացմունքներս:

– Իսկ ի՞նչը ձեզ ստիպեց տեղափոխվել Վենետիկ:

– Հայրիկիս աշխատանքը: Իհարկե, ես սիրում եմ Մոսկվան, ես այնտեղ եմ ծնվել, բայց ապրել Վենետիկում, դա նույնն է, ինչ ապրել թանգարանում՝ բաց երկնքի տակ: Այդ քաղաքն ուղղակի շնչում է արվեստով: Հայրիկս Իտալիայի Սիենա քաղաքի ֆուտբոլային ակումբի փոխնախագահն է, բայց նա արվեստի մեծ գիտակ է եւ սիրահար, մեր տան մթնոլորտը լցված է բարձր երաժշտությամբ, գեղանկարչությամբ… Մայրս՝ Անտոնինան, միջազգային կարգի մարմնամարզուհի է եղել, այժմ իրեն ամբողջությամբ նվիրել է մեզ, ունեմ նաեւ չորս տարեկան քույրիկ՝ Ալինան, կարծում եմ՝ նա երգչուհի կդառնա, ամբողջ օրը երգում է…

Ի դեպ, ֆուտբոլի հետ կապված ասեմ, որ համերգին ներկա էին նաեւ Սիենա քաղաքի ֆուտբոլային ակումբի շատ անդամներ եւ Մուտին էլ, ինչպես իսկական իտալացի, ֆուտբոլի մեծ երկրպագու է: Ես գիտեմ, որ մինչ Հայաստան ժամանելը նրա կինն ասել է, որ պարտադիր պայման է, որ հյուրանոցի համարում մեծ հեռուստացույց լինի, որպեսզի մաեստրո Մուտին կարողանա հետեւել Իտալիայի հավաքականի խաղերին։

– Ինչպիսի՞ն է ձեր կապը պատմական հայրենիքի՝ Հայաստանի հետ:

– Մենք շատ հաճախ ենք գալիս Հայաստան, այստեղ են մեր բարեկամները, որոնց հետ մենք շատ կապված ենք: Ես շատ եմ սիրում Հայաստանը, սիրում եմ իմ հայրենիքի բնությունը, մարդկանց, սիրում եմ լինել քաղաքից դուրս՝ Սեւանում, Դիլիջանում: Չնայած ես սովոր եմ իտալական բարձրակարգ խոհանոցին, բայց շատ եմ սիրում նաեւ հայկական խոհանոցը. տուն վերադառնալիս իմ ճամպրուկի գրեթե կեսը լցված է լինում հայկական լավաշով:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում՝ Մայա Օհանյանը և Ռիկարդո Մուտին։

«Առավոտ» օրաթերթ
08.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031