Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եք, Նիկոլ Փաշինյանն ավելի խելացի՞ է, քան Ռոբեսպիե՞ռը»

Հուլիս 09,2021 13:30

Նոր քաղաքական շարժում՝ «Հայկական համախմբում». խոստանում են բնույթով սոցիալ-հայրենասիրական, ձեւով՝ լիկվիդացիոն հեղափոխություն

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (ՀԱՍԿ) եւ «Միացյալ Հայաստան» կուսակցությունները համատեղել են ուժերը՝ նոր քաղաքական շարժում ստեղծելու համար: Այն կրելու է «Հայկական համախմբում» պայմանական անունը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը:

«Կայացած արտախորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար որեւէ հարց չեն լուծել, այս ընտրություններին պետք չէ առանձնապես լուրջ վերաբերվել: Մենք համարում ենք, որ այս ընտրությունները մեր հասարակության, քաղաքական ուժերի եւ գործիչների տեստավորման, ինքնաբացահայտման, ինքնադրսեւորման գործընթաց էր»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրականում, հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում խայտառակ մակարդակ դրսեւորվեց՝ չնայած մասնակիցների բազմաքանակությանը, շատ ցածր որակ դրսեւորվեց, ինչը նաեւ սպասելի էր ստեղծված իրավիճակում: Մովսես Շահվերդյանի կարծիքով, այս կարճ ժամանակահատվածի տեստավորումից եւ ճանաչողական ընտրությունից հետո արդեն, հնարավորինս մոտ ժամանակաշրջանում, պետք է կայանան գիտակցական եւ որակյալ ընտրություններ:

Դիտարկմանը՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանխատեսեց՝ մեծ է հավանականությունը, որ 1,5 տարի հետո նորից արտահերթ ընտրություններ կկայանան, մեր զրուցակիցն արձագանքեց. «Շատ երկար ժամանակ է կանխատեսում Ռոբերտ Քոչարյանը: Ես կարծում եմ, ամիսներ հետո, մենք ունենալու ենք արտահերթ ընտրություններ: Ես ոչ միայն կարծում եմ, այլ հասունացնելու ենք, կա գործընթաց: Չստեղծվի տպավորություն, թե Հայաստանն անտեր երկիր է եւ մնացել է ներկա իշխանության եւ ներկա ընդդիմության հույսին: Մեզ համար բացարձակ ընդունելի չէ ոչ ձեւավորված իշխանությունը, ոչ էլ ձեւավորված ընդդիմությունը՝ ոչ իրենց պահվածքով, ոչ էլ իրենց մոտեցումներով»:

Ընդհանրապես, ՀԱՍԿ նախագահն արձանագրում է, որ այս ընտրություններն անցան փոխադարձ մեղադրանքների, սպառնալիքների եւ վիրավորանքների մթնոլորտում, այդպես էլ չդրսեւորվեց Հայաստանի եւ հայ ժողովրդի համար լրջագույն, ճակատագրական իրավիճակը, չխոսվեց լուծումների մասին: «Մենք ուշադիր հետեւել ենք ժողովրդի տրամադրություններին: Մեծամասնության մեջ արմատավորված կարծիք կա, որ իրենք ընտրել են չարիքի փոքրագույնը եւ եթե այդ ժողովրդական տրամաբանությամբ նայենք քաղաքական դաշտին, ստացվում է, որ այսօր Հայաստանում կա փոքրագույն չարիքի իշխանություն եւ մեծագույն չարիքի ընդդիմություն: Այսինքն, մեզ մոտ համատարած չարիքի տիրապետություն է ստեղծվել, որը ոչ ճիշտ, ոչ նորմալ իրավիճակ է Հայաստանի նման երկրի համար: Հետեւաբար, այս վիճակը չի կարող երկար շարունակվել, պետք է արագ լուծումներ գտնենք: Հայկական քաղաքական դաշտ պետք է մտնի նոր ուժ՝ նոր առաջնորդող թիմ, որի ձեւավորման գործընթացն արդեն ընթացքի մեջ է»:

Մտադրությունն այսպիսին է. շատ արագ ձեւավորել 30-35 հոգանոց լուրջ թիմ՝ հայրենասեր եւ կարող մարդկանցից, հայտնի անուններից. «Անուններ դեռ չտամ, բայց մենք արդեն գիտենք, թե ովքեր են լինելու: Կլինեն եւ նախկին նախարարներ, նախկին պատգամավորներ: Օրերս կհանդիպենք նաեւ Ռուբեն Վարդանյանի հետ: Բավական լուրջ շեշտադրում ենք անելու նրա ՝ «Ապագա հայկականը» նախաձեռնությանը: Կան նաեւ գործող 4-5 կուսակցություններ, որոնց տեսակետերի հետ համընկնումներ կան: Թիմը արագ կձեւավորվի եւ մոտակա շաբաթներում արդեն վերջնական տեսքով կմտնի ասպարեզ»: Իսկ ամիսներ անց արդեն, ըստ մեր զրուցակցի, Հայաստանում կառաջանա նոր իրավիճակ՝ կամ կլինեն նոր ընտրություններ, կամ տեղի կունենա իրական, դասական հեղափոխություն, ոչ թե այն, ինչն անվանվեց հեղափոխություն: Նա նկատի ունի 2018-ի իրադարձությունները, որոնք ինքը համարում է օտար ուժերի կազմած եւ իրականացրած հակահայկական ու հակազգային ծրագիր:

Իրենք երեք հիմնական գաղափար են առաջ մղում՝ միացյալ Հայաստանի գաղափարը, հայկական միասնության եւ հայկական ինքնատիպության գաղափարը եւ սոցիալական արդարության գաղափարների վրա սոցիալիստական վերածնդի գաղափարը. «Մեր նպատակն է ձեւավորել այնպիսի իշխանություն, որը նման լինի Կարեն Դեմիրճյանի ազգանվեր մտածողությանը եւ արժանապատիվ կեցվածքին: Այսօր Հայաստանին պետք է նոր որակի եւ նոր մակարդակի՝ շատ բարձր որակի եւ մակարդակի, իշխանություն»: ՀՀ գործող իշխանությանն էլ Մովսես Շահվերդյանը խորհուրդ է տալիս դանդաղել՝ իր հայտարարած հայանպաստ ծրագրերը կյանքի կոչելու հարցում. խոսքը սահմանագծման- սահմանազատման, Սյունիքի ճանապարհ-միջանցքի տրամադրման մասին է: Մեր զրուցակցի համոզմամբ, դրանք բացարձակ հակահայկական ծրագրեր են եւ առաջիկայում բարդություններ են ստեղծելու թե այդ ուժի, թե Հայաստանի, թե այդ ծրագրի հեղինակների համար եւ դրանցով հարցեր չեն լուծվելու:

Հարցին՝ ինչպե՞ս պետք է առաջանա այն իրավիճակը, որը կհանգեցնի արտահերթ ընտրությունների, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ընտրությունների արդյունքները վիճարկվում են ՍԴ-ում. եթե ՍԴ դատավորները պետական մտածողություն դրսեւորեն, ոչ թե իրավական եւ վճիռ կայացնեն հանուն ՀՀ-ի, ոչ թե հանուն ինչ-որ քաղաքական ուժի, նրանք պետք է չեղարկեն ընտրությունների արդյունքները եւ նոր ընտրություններ կնշանակվեն արդեն, ըստ մեր հաշվարկների, նոյեմբերին: Դրանով նրանք ՀՀ-ին եւ հայ ժողովրդին մեծ ծառայություն կմատուցեն՝ զերծ պահելով մոտակա խոշոր ցնցումներից, հեղափոխական իրավիճակից, որովհետեւ այլընտրանքը լինելու է հեղափոխությունը»:

Իսկ հեղափոխությունը, մեր զրուցակցի համոզմամբ, հասունանալու է ազգային, սոցիալական, անվտանգային խնդիրների ֆոնին, իշխանությունները չեն լուծելու, խնդիրներն, ավելին, խորանալու են եւ մարդիկ իշխանության դեմ են դուրս գալու: Մի խոսքով՝ վերեւինները չեն կարողանալու, ներքեւինները չեն ցանկանալու, եւ առաջնորդող ուժն առաջ է տանելու:

«Ամիսներ հետո այդ բոլոր պայմանները լինելու են: Այդ հեղափոխությունն իր բնույթով կլինի սոցիալ-հայրենասիրական, իսկ ձեւով՝ լիկվիդացիոն: Դասական լիկվիդացիոն հեղափոխության կանոններով, հարցերը կլուծվեն փողոցում. հիշենք ֆրանսաիկան հեղափոխությունը, հիշենք Ռոբեսպիեռի ճակատագիրը: Կարծում եք, Նիկոլ Փաշինյանն ավելի խելացի՞ գործիչ է, քան Ռոբեսպիե՞ռը: Ես չէի ցանկանա, իհարկե, որ Հայաստանում նման երեւույթներ լինեն, որ նման ճակատագրի արժանանար Նիկոլ Փաշինյանը, բայց ամենաթանկը հայրենիքն է, Հայաստանի փրկության գործն է եւ եթե անհրաժեշտ եղավ՝ նման քայլեր կարվեն, ոչ ոք թող չկասկածի»,- ասաց Մովսես Շահվերդյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


«Առավոտ» օրաթերթ

08.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031