Հուլիսի 5-ին ձերբակալված Գորիսի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը (լուսանկարում), այսօր՝ հուլիսի8-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ կալանավորվել է։ Ավետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով։
Ըստ ՀՔԾ-ի՝ Լուսինե Ավետյանը, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաեւ խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ հարկադրելով մասնակցել ընտրություններին եւ կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:
Բացի դա, ըստ ՀՔԾ-ի, Ավետյանը, սոցիալական եւ առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100.000 ՀՀ դրամ, ապա ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին եւ նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաեւ հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին եւ կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։
Ի դեպ, այս քրգործով երեկ որպես վկա բերման էր ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Սակայն, ըստ վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, Առուշանյանը ցուցմունք չի տվել։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ