Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հանդիպումները արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ: Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հերթն էր:
Թե այդ հանդիպումները ի՞նչ կարող են տալ, ձեւական բնո՞ւյթ են կրում, թե՞ իսկապես լուրջ համագործակցություն կարող է լինել այդ ուժերի հետ, Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Չագուչի հեղափոխականը փորձում է ընտրություններից հետո չագուչի սպառնալիքների, ատելության հայտարարություններից հետո տպավորություն ստեղծել, թե Հայաստանում համերաշխության կամ միասնության մթնոլորտ է տիրում: Իմիտացիա»:
Հարցին՝ այն ուժերը, որոնք գնում են այդ հանդիպմանը, նշանակում է՝ ընդունո՞ւմ են, որ Փաշինյանն ընտրված ղեկավար է եւ նրա հետ համագործակցո՞ւմ են, Շարմազանովը պատասխանեց. «Գիտեք, յուրաքանչյուր ուժ ինքն է որոշում ինչպես տնօրինել իր քաղաքական կապիտալը, եթե, իհարկե, այդ կապիտալը կա, եւ իր նվիրվածությունը պայքարին: Ես դատավոր չեմ, որ գնահատական տամ: Իրենց գործն է՝ գնում են, չեն գնում: Ինձ համար Փաշինյանը ոնց որ քաղաքական զրո եղել է, այդպես էլ մնացել է. անկախ նրանից՝ նրան 600 հազար ձայն են տալիս, 200 հազար, 700 հազար, թե 3 մլն: Ինքը ինձ համար մնում է կապիտուլյանտ ղեկավար, կապիտուլյանտ անձնավորություն, որը ծնկի է եկել ադրբեջանա-թուրքական տանդեմի առաջ: Ինչ մնում է թվացյալ միասնության, համերաշխության այդ իմիտացիային, մի կողմից արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում է, մյուս կողմից այն համայնքապետերին, որոնք իրեն չէին ընտրել, կա՛մ մարզպետարանում կանչում են ծեծում են, կա՛մ ասում են գործից դուրս արի, կա՛մ էլ քրեական գործ են հարուցում: Բա ո՞նց հասկանանք, առավոտը մի բան է ասում, իրիկունը մի բա՞ն: Ո՞ր օրենքով է, որ այն պետական ծառայողները, այն պաշտոնյաները, որոնք իրեն ձայն չեն տվել, պիտի չաշխատեն պետական համակարգում, ո՞ր օրենքով: Տխրահռչակ ԱԽ քարտուղարն էլ կանգնում ասում է՝ կադրային ջարդ պիտի անենք: Մի կողմից ասում են՝ կադրային ջարդ ենք անում, մյուս կողմից համերաշխության մասի՞ն են խոսում: Սա բացահայտ իմիտացիա է: Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք գնում են, իրենց գործն է: Կոնկրետ ես Փաշինյանի ոչ մի խոսքին ոչ վստահում եմ, ոչ հավատում եմ: Ես 3 տարի շարունակ ինչ գնահատական տվել եմ, նույն կարծիքին մնացել եմ ու, դժբախտաբար, ինչ ասել եմ, ճշմարտություն է դուրս եկել: Լավ կլիներ՝ ճիշտ դուրս չգայի: Իսկ մնացածին, որոնք հանդիպում են, ես բան չունեմ ասելու, եթե իրենք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ կա անցնելու, շնորհավորում եմ իրենց»:
Շարմազանովի խոսքով՝ երեկ հերթական անգամ Մոսկվայում, գոնե այն տեսանյութի չափաբաժնով, որ հանրայնացվեց, ցույց տրվեց մի բան, որ Փաշինյանն ի զորու չէ պաշտպանել ՀՀ-ի եւ Արցախի անվտանգությունը. «Կես բառ Հայաստանի, Արցախի անվտանգության, Ադրբեջանի ահաբեկչական ու օկուպացված քաղաքականության մասին խոսք չկար: Ի՞նչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, ի՞նչ ԼՂ դեօկուպացիա: Ես, եթե լինեի Բուրկինա Ֆասոյի, կամ Ալբանիայի կամ Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի քաղաքացի, Փաշինյանի այդ խոսքը լսեի, չէի հասկանա՝ ով ում սահմանն է մտել: Ասում է՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածություն: Իսկ ո՞վ է մեղավոր, ո՞վ է մտել: Կարո՞ղ է մենք ենք մտել Ադրբեջանի սահման, կարո՞ղ է մենք չենք դուրս գալիս: Այդ մարդը ի զորու չէ մեր անվտանգային շահերը սպասարկել: Կատարելու է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ