Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարիներին 1,5 միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ առանցքային ծրագրերի, այդ թվում` Սյունիքի մարզի զարգացման համար:
Նման ծավալի գումար ԵՄ-ն առաջին անգամ է հատկացնում Հայաստանին։
Կարծիքներ կան, որ սա ՀՀ իշխանությունների գործողությունների արդյունք է։ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանի կարծիքով էլ՝ այս ֆինանսավորումը կապել Հայաստանի իշխանությունների գործողությունների հետ այնքան էլ ճիշտ չէ։ Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հովհաննիսյանն ասաց՝ կա պատճառների բազմակիություն, որը բացատրելի եւ հասկանալի է դարձնում այս տիպի աջակցությունը։
Պարոն Հովհաննիսյանը հիշեցրեց՝ այս ֆինանսավորման մասին հայտարարությանը նախորդել են լուրջ գործողություններ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ դիվանագիտական կորպուսի այցը Սյունիքի մարզ, դրան նախորդել է ԵՄ երեք անդամ պետությունների ԱԳ նախարարների այցելությունը տարածաշրջան։ Միքայել Հովհաննիսյանը նաեւ հիշեցրեց՝ այս այցից հետո համատեղ ասուլիսում հայտարարվել է այն մասին, որ ԵՄ-ն շահագրգռված է եւ լուրջ հետաքրքրություն եւ պատասխանատվության զգացում ունի տարածաշրջանում։
Կարդացեք նաև
«Իհարկե, սրան զուգահեռ այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել՝ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ԵՄ-ն բավականին ակտիվ քննարկումներ է ծավալել, թե ինչպես է պետք արձագանքել ստեղծված իրավիճակին։ Սա արձագանք է այն գլոբալ, շատ լուրջ փոփոխությանը, որը տեղի ունեցավ անցյալ տարի աշնանը տարածաշրջանում, որտեղ ԵՄ-ն 2009 թվականից իրականացնում է Արեւելյան գործընկերության ծրագիրը։ Այն միայն Հայաստանին չի վերաբերում։ ԵՄ-ն արեւելյան գործընկերության շրջանակներում անդամ պետություններին՝ Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային խոշոր ֆինանսական աջակցություն է տրամադրել տարիներ շարունակ։ Հիմա, երբ խոսում են, թե աննախադեպ ֆինանսավորում է Հայաստանի համար, պետք է հաշվի առնել․ որ ճգնաժամային իրավիճակներում ԵՄ-ն էապես աջակցում է իր գործընկեր երկրներին եւ առաջին հերթին ֆինանսական, տեխնիկական եւ այլ միջոցներով։ Ընդ որում` իրենք հստակ ասում են՝ մեզանից որեւէ լուրջ անվտանգային աջակցություն մի ակնկալեք, որովհետեւ մենք այդ գործիքակազմը չունենք, մենք ռազմական միություն չենք»,-ասաց պարոն Հովհաննիսյանը, նշելով, նման աջակցություն են տրամադրում՝ հաշվի առնելով ՀՀ-ի առջեւ կանգնած լուրջ խնդիրները։
ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության մասին հայտարարության մեջ ուշագրավ դրույթ կա՝ «ամրապնդել հարավային շրջանների դիմադրողականությունը»։ Հայտարարության մեջ նշված է․«Երկրորդ ծրագրով նախատեսվում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, հաղորդակցությանը, որպես առաջնահերթություն՝ Հյուսիս-հարավ միջանցքի շահագործումը, որը հնարավորություն կտա ապահովել ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ: Տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն կտա սերտացնել կապը մարզերի միջեւ, Հայաստանի կապը հարեւան երկրների եւ Եվրամիության հետ»։ Այս ուղղությամբ, ըստ ԵՄ-ի, ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-հարավ մայրուղու դեռեւս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան֊-Քաջարան ճանապարհի վրա, որի իրագործման համար նախատեսվում է 600 միլիոն եվրո հատկացնել, որը կտրամադրվի նաեւ հարավում նախատեսված նոր` Սիսիան-Քաջարան թունելի կառուցմանը:
Միքայել Հովհաննիսյանի կարծիքով՝ այս աջակցության տրամաբանության մեջ կա նաեւ աշխարհաքաղաքական գործոն՝ ԵՄ-ի համար չափազանց կարեւոր է, որ հայ-իրանական սահմանը՝ Սյունիքի մարզը չունենա միանշանակ ռուսական կամ միանշանակ թուրքական վերահսկողություն․ «Որովհետեւ հատկապես ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո Արեւմուտք-Իրան հարաբերությունների դրական վերագործարկման հնարավորությունը մեծացել է, ինչը նշանակում է, որ այդ ուղղությունը այսինքն՝ Սյունիքի մարզը, Մեղրիի տարածաշրջանը, որպես կարեւոր կապօղակ Իրանի եւ Եվրոպական միության միջեւ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով, բավականին լուրջ հաղորդակցության, ենթակառուցվածքային հնարավորություններ ունեցող ճանապարհ է։ Այսինքն, այս առումով չափազանց կարեւոր է, որ Հայաստանը լիարժեք վերահսկողություն ունենա Սյունիքի մարզի հանդեպ ու դա իրականացնի ԵՄ խոշոր ֆինանսական աջակցությամբ»։
Ֆինանսական այս ծավալի աջակցության տրամադրումը որոշ շրջանակներ կապում են Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի հետ, արտահերթ ընտրությունները` որպես ժողովրդավարական ընտրություններ գնահատելու արդյունք եւ այլն։ Այս առնչությամբ պարոն Հովհաննիսյանն ասաց՝ այստեղ խոսքը ոչ այնքան ժողովրդավարության հաստատման մասին է, թեեւ Հայաստանը ԵՄ-ի համար ընդունելի խաղի կանոններով առաջ գնացող երկիր է, որը վերահաստատում է իր այդ խաղի կանոններին հավատարիմ մնալու պատրաստակամությունը․ «Բայց առաջին հերթին մենք խոսում ենք հասարակության, ընտրողների մասին, եւ ոչ թե իշխանության։ Լայն իմաստով՝ այս ընտրությունների ժամանակ հասարակությունը կատարեց ընտրություն չփոխելու, հետ չխաղացնելու դեպի ժողովրդավարություն իր կայացրած ընտրությունը։ Բայց երկրորդ կարեւոր հանգամանքը պայմանավորված է ոչ թե նրանով, որ թե՝ ով եկավ իշխանության, այլ նրանով, թե՝ ով չեկավ իշխանության։ Այս տեսանկյունից դա որոշակի բացատրություններ եւս տալիս է այս աջակցությանն ու ԵՄ-ի այս ակտիվացմանը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Միքայել Հովհաննիսյանի ՖԲ էջից: