Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հանդիպումները արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ:
Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ է հանդիպել:
Այս առնչությամբ ԲՀԿ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Aravot.am-ի զրույցում, պատասխանելով հարցին՝ այդ հանդիպումն ինչպե՞ս եք մեկնաբանում, արդեն ընդունելի՞ է ԲՀԿ-ի համար Փաշինյանը, պատասխանեց. «Ես կոռեկտ չեմ համարում իմ նախկին քաղաքական ղեկավարի քայլերի մասին դատողություններ անել, երեւի ճիշտ կլինի դա իրենից ճշտեք: Ես լիահույս եմ, որ Ծառուկյանի մասնակցությամբ ցանկացած հանդիպում պետք ծառայի ՀՀ ժողովրդի շահերին: Բայց որ կոնկրետ գնահատական տամ, թե ինչու գնաց, ինչպես գնաց՝ դա ճիշտ չեմ համարում: Ես որեւէ խնդիր չունեմ իմ կարծիքն ազատորեն արտահայտելու հարցում, ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ, բայց քաղաքական կոռեկտության տեսանկյունից նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի քայլերը»:
Հարցին՝ առհասարակ այս հանդիպումները՝ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, ի՞նչ են տալու, դրանք ռեալ կարո՞ղ են ծառայել հանրային շահին, թե՞ անիմաստ, ձեւական հանդիպումներ են, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես, որպես իրավաբան, միշտ էլ հարգել եմ անմեղության կանխավարկածի սկզբունքը եւ ի սկզբանե փորձում եմ մարդկանց գործողությունների մեջ տեսնել օգտակարը, անվնասը, օրինականը: Բայց, դատելով Նիկոլ Փաշինյանի 3 տարիների կառավարման փորձից, ես հույս չունեմ, որ այդ հանդիպումները առանձնապես մեծ արգասիք են բերելու, որովհետեւ ինքը խաբեբայության հետ սեր ունեցող անձնավորություն է, եւ հնարավոր է, որ սա իր կողմից միտումնավոր մտածված քայլ է, այսպես ասած, «շախմատային քայլ»: Չնայած ինքը շախմատին այնքան է մոտ, որքան ես ջրային գնդակ սպորտաձեւին: Բայց երեւի նա ուզում է դրանով կանխել հասարակական հավանական ընդվզումը: Ինքը, հասկանալով, որ ապիկար է պետությունը կառավարելու գործում, որտեղ գնում՝ Հայաստանը խայտառակում է, հիմա ուզում է այն սուբյեկտներին, ում հետեւից որոշակի ընտրազանգված կա, բերել, այսպես ասած. իր դաշտ՝ իբր թե համագործակցության միտումով: Բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը, քանի որ այդպիսի սովորություն ունի մարդկանց ծուղակը գցելու, գուցեեւ այս անգամ որոշել է Գագիկ Ծառուկյանին տեսնել այդ ծուղակում: Այսինքն, բերել իբր թե համագործակցության ոլորտ, բայց իրականում անել այն, ինչը բխում է նրա պաշտոնավարումը երկարաձգելու բաղձալի ցանկությունից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ