Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կանխատեսելի սպառնալիք կա ՀՀ-ի հանդեպ․ հրամցնելու են ՀՀ-Ադրբեջան եւ ՀՀ-Թուրքիա «պայմանագիր»․ Ռուբեն Մելքոնյան

Հուլիս 08,2021 16:30

«Թուրքիայից եւ Ադրբեջանից խիստ կանխատեսելի սպառնալիք կա Հայաստանի հանդեպ։ Կանխատեսվում է, որ մեզ հրամցվելու է ՀՀ-Ադրբեջան եւ ՀՀ-Թուրքիա «պայմանագիր»։ Մնացած սցենարներն արդեն իրագործված են՝ մեր տարածքներն օկուպացված են, Հայաստանը, որպես պետականություն, զավթված է, ՀՀ պետական սահմաններն անարգված են»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով այս փուլում Թուրքիայից եւ Ադրբեջանից սպասվող հնարավոր սպառնալիքներին։

«Այս պարագայում հավանական հաջորդ սպառնալիքն այդ պայմանագիրն է, որը վտանգ է ՀՀ պետականության համար։ ՀՀ-Ադրբեջան պայմանագիրն առաջնահերթ ենթադրելու է սահմանների փոխադարձ ճանաչում, ինչը խնդրահարույց է մի քանի առումներով։ Նախ, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմաններ որոշող միջազգային պայմանագիր երբեւէ չի եղել։ Այսինքն, Ադրբեջանի հետ չունենք պայմանագիր, որով որոշվում են սահմանները, հետեւաբար՝ առաջնահերթ բանակցություններ պետք է սկսվեն, որոնց ընթացքում մենք կորոշենք սահմաններ ձեւավորելու սկզբունքները։ Եղած սահմանը ԽՍՀՄ ներքին վարչատարածքային բաժանումն է, որը ճիշտ չէ ընդունել որպես երկու անկախ պետությունների սահման։ Ընդ որում, ԽՍՀՄ վաղուց գոյություն չունի։ Ու քանի որ մենք պարտված, կապիտուլացված երկիր ենք, նշածս անելու փոխարեն՝ անելու ենք այն պահանջները, որոնք կներկայացնի Ադրբեջանը»,-համոզմունք հայտնեց Ռուբեն Մելքոնյանը։

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանի պահանջածը միայն ադրբեջանանպաստ կերպով սահմաններն ամրագրելն է, այդ թվում՝ ռազմավարական բարձունքները, անկլավները, ջրային ռեսուրսները, որոնք, հավանական է՝ մնան հենց Ադրբեջանին․ «Սահմանների ճանաչման հետ կապված երկրորդ խնդիրն այն է, որ եթե սահմանազատում է արվում, եւ հասնում են Գորիս-Բերձոր հատվածին, ի՞նչ է լինելու։ Ճանաչելո՞ւ ենք, որ Բերձորից այն կողմ Ադրբեջան է։ Եթե այո, ուրեմն ավտոմատ կերպով այդ պայմանագրով փակելու ենք արցախյան հարցը, որովհետեւ կընդունենք, որ Բերձորից այն կողմ Ադրբեջանն է։ Սա հմտորեն փաթեթավորված ներկայացնում է Ադրբեջանը, որին սատարում է Թուրքիան, իսկ Ռուսաստանը, կարծում եմ, այն վիճակում չէ, որպեսզի կանխի այս ամենը։ Ռուսաստանն ինքն ունի շատ խնդիրներ, նորերն են ավելանում, ուստի չի ցանկանա նոր խնդիր ունենալ եւ կթողնի, որ իրավիճակը գնա իր հունով՝ ադրբեջանական հունով։ Եվ եթե հիմա մեր հասարակությունը հրապարակի կենտրոնում կանգնած ասում է, որ Շուշին ադրբեջանական է, որ Ալիեւը թող գա իրենց սպանի, միայն թե Քոչարյանը հետ չգա, ուրեմն պետք չի ակնկալել, թե Ռուսաստանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ կլինի կամ հայից ավելի հայ կլինի։ Դա միամտություն է»։

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Հայաստանին այսպես կոչված խաղաղության պայմանագիրը հրամցվելու է հետպատերազմյան անհրաժեշտ իրավիճակի փաթեթավորմամբ։ Ըստ թուրքագետի՝ նշյալ պայմանագրի պես մի փաստաթուղթ էլ Հայաստանին կհրամցնի Թուրքիան, որը կենթադրի հայկական կողմից հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի առնվազն անտեսում․ «Դրանով Թուրքիան կձերբազատվի իր բարդույթից, որ հայերը երբեւէ կարող են տարածքային պահանջներ ունենալ։ Այդ պայմանագրով ՀՀ-ին կպարտադրվի ճանաչել Կարսի պայմանագիրը, եւ դրա համար հիմա ամենահարմար պահն է Թուրքիայի համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031