Գյումրու սրտում՝ Աբովյան ճեմափողոցում տեղակայված «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում կրքերը չեն հանդարտվում, անձնակազմն այսօր գործադուլ է հայտարարել։
Ինչպես անդրադարձել ենք, նման խառնաշփոթի պատճառը թանգարանի աշխատակցուհիներից մեկի կոնֆլիկտներ հրահրելն, այնուհետ աշխատանքից աշխատանքից ազատման դիմում ներկայացնելն էր, որը և ստորագրել էր Միքայել Վարդպարոնյանը։
Կարդացեք նաև
Այդ աշխատակցուհին, թանգարանի անձնակազմի պնդմամբ, քաղաքապետ Սամվել Բալասանյանի մանկության ընկերոջ դուստրն է, նրա դիմումը ստորագրելուց հետո, քաղաքապետարան էին հրավիրել թանգարանի տնօրենի ժ/պ Միքայել Վարդպարոնյանին ու ստիպել աշխատանքից ազատման դիմում ներկայացնել։ Այնուհետ եկել էին համաձայնության, որ Վարդպարոնյանը պիտի նորից աշխատանքի ընդունի թանգարանի ազատված աշխատակցուհուն։ Դրանից հետո քաղաքապետարանում մի շարք պայմաններ էին առաջ քաշել, տալ արտոնություններ այդ աշխատակցուհուն, ապահովել նրա բարձր տրամադրությունը և այլն։ Թանգարանի տնօրենի ժ/պ-ն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել՝ չհամաձայնելով արտոնյալ աշխատակից ունենալուն։
Քաղաքապետարանում Միքայել Վարդպարոնյանի պաշտոնից հեռացման դիմումը ստորագրել են, նոր ժ/պ նշանակել, ինչն էլ հարուցել է աշխատակազմի զայրույթը։ Ու չնայած Գյումրիում զբոսաշրջային այս թեժ սեզոնին՝ պատկերասրահում ստիպված են գործադուլ անել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Տիգրան Գասաբյանի