«Լույս» հիմնադրամի փորձագետ Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
«ՄԱՆԻՊՈՒԼՅԱՆՏ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՍԻՆԽՐՈՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փորձեմ ներկայացնել մի քանի փաստ, որոնք ի ցույց են դնում ՀՀ իշխանությունների և ադրբեջանցիների արդեն օրինաչափ դարձած համընթաց գործողությունները՝ անելով մի քանի կարևոր հարցադրումներ ու հետևությունները թողնելով ընթերցողի տրամաբանության հույսին։
Վարչատարածքային բաժանումը՝ որպես միջազգային իրավունքի բաղադրի՞չ
ՓԱՍՏ 1․ Երբ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից և դրանով նախատեսված տարածքների հանձնումից հետո ՀՀ իշխանությունները սկսեցին այդ հայտարարությամբ չնախատեսված նորանոր տարածքներ զիջել Ադրբեջանին՝ մասնավորապես Սյունիքի մարզում, վերջիններս շրջանառության մեջ դրեցին այն անհեթեթ թեզը, թե իբր տարածքները զիջվում են, քանի որ ըստ 2010թ-ին Հայաստանում ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի, այդ տարածքները համարվում են Ադրբեջան։ Բոլոր այն ողջամիտ պնդումներին, որ երկրների վարչատարածքային բաժանումը որևէ աղերս չունի միջպետական սահմանների որոշման միջազգային իրավունքով նախատեսված նորմերի հետ, իշխանությունները հակադարձում էին էժանագին մանիպուլյացիաներով։
ՓԱՍՏ 2․ Երեկ հայտնի դարձավ Ադրբեջանի նախագահի հրամանագրի մասին՝ Ադրբեջանի տարածքի նոր վարչատարածքային բաժանման(տնտեսական գոտիների) մասին, ըստ որի Ադրբեջանը նոր վարչատարածքային միավորներ է ստեղծում ոչ միայն Արցախի օկուպացված տարածքներում, այլև դրանցում ներառում է Ստեփանակերտը, Մարտակերտի, Մարտունու շրջանները և այլն։ Ավելին, այդ միավորներից մեկը, որը ներառում է Ջաբրայիլի, Քարվաճառի, Կուբաթլուի, Զանգելանի և Լաչինի օկուպացված շրջանները, անվանել են «Արևելյան Զանգեզուր»՝ ակնհայտ ակնարկելով «Արևմտյան Զանգեզուրի» կամ Սյունիքի նկատմամբ հավակնությունների մասին։
Կարդացեք նաև
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ․ Արդյո՞ք Ադրբեջանի այս նոր վարչատարածքային բաժանումը ՀՀ մանիպուլյանտ իշխանությունները նույնպես համարում են որպես սահմանների ճշգրտման հիմք։ Արդյո՞ք դա ենթադրում է, որ Ստեփանակերտը և Արցախից մնացած մյուս շրջանները այս տրամաբանությամբ համարվում են Ադրբեջան։ Արդյո՞ք դա նշանակում է, որ բացի արհեստածին «Արևելյան Զանգեզուրից», գոյություն ունի նաև «Արևելյան Զանգեզուր»։ Իսկ կարո՞ղ է մի օր էլ Ադրբեջանը դրանց միավորման հարց բարձրացնել՝ ձեր պես հղում անելով ներպետական օրենսդրությանը։
Սյունիքի համայնքապետերի և Զանգեզուրի կոմբինատի գլխին կախված «պողպատե մո՞ւրճ», թե՞ ադրբեջանական խրախճանք
ՓԱՍՏ 1․ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո սկսվեցին Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի նկատմամբ քրեական հետապնդումներ և ձերբակալություններ։ Գրեթե բոլոր դեպքերին առանձնակի խանդավառությամբ արձագանքում է ադրբեջանական մամուլը՝ զուգահեռաբար շահարկելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցի մոտալուտ լուծման թեման։
ՓԱՍՏ 2․ Այսօր առավոտից ՀՀ ուժային կառույցները ինչ-որ գործողություններ են իրականացնում Քաջարանի կոմբինատում։ Այս իրադարձությունները նույնպես լայնորեն լուսաբանվում են ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից։ Տարօրինակ զուգադիպությամբ այսօր այսպես կոչված Զանգելանի ադրբեջանցի փախստականները նամակ են ուղարկում Ադրբեջանում Գերմանիայի դեսպանին, խնդրելով միջոցառումներ ձեռնարկել գերմանական այն կազմակերպության դեմ, որը շահագործում է Քաջարանի կոմբինատը։ Ադրբեջանցիները բողոքում են, թե իբր կոմբինատը աղտոտում է Զանգելանի գետերը։
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ․ Ինչո՞վ են պայմանավորված ՀՀ խոշորագույն հարկատուներից մեկի նկատմամբ այս միաժամանակյա գործողությունները։ ՀՀ իշխանությունները պատրաստվում են արդյոք հակադարձել գետերը աղտոտելու մասին ադրբեջանական շահարկումներին՝ այդ թվում պարզաբանումներ ներկայացնելով գերմանացի գործընկերներին։
ԼՂ հարցով Կազանյան գագաթնաժողովի մասին 3-րդ նախագահի հոդվածի վերաբերյալ սինխրոն արձագանքը
ՓԱՍՏ 1․ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը Կազանյան գագաթնաժողովի և Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ, մեծ արձագանք գտավ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում, մամուլում։ Քանի որ հոդվածը ի ցույց էր դնում հայկական դիվանագիտության փայլուն ձեռքբերումներն ու դիվանագիտական ճակատում Ադրբեջանի ձախողումները, միաժամանակ հստակ փաստերով ապացուցում էր, թե ով է 2020թ-ի պատերազմի ու կապիտուլյացիայի միակ մեղավորն ու պատասխանատուն, նախագահին փորձեցին արձագանքել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի մերձիշխանական ԶԼՄ-ները, փորձագետներն ու քաղաքական գործիչները։
ՓԱՍՏ 2․ Հոդվածի վերաբերյալ ինչպես ՀՀ «մանիպուլյանտ» իշխանությունների, այնպես էլ Ադրբեջանցիների «հակափաստարկները» գրեթե նույնական են։
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ․ Ինչո՞վ են պայմանավորված անպայման հակադարձելու և հոդվածում տեղ գտած թեզերը վիճարկելու այս համընթաց գործողությունները։ Հոդվածում տեղ գտած կոնկրետ ո՞ր մտքի հետ համաձայն չեք, նրա՞, որ միջազգային հանրությունն ու հայ ժողովուրդը չպետք է ընդունեն ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով հայկական կողմին պարտադրված արդյունքները, թե՞ որ Ադրբեջանը խեղաթյուրում է նախապատերազմյան բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Եթե ՀՀ ներկայիս իշխանություններն ու Ադրբեջանը չեն խեղաթյուրում բանակցային գործընթացը, եթե նախքան 2018թ-ի իշխանափոխություն ու 2020թ-ի պատերազմը ամեն ինչ այդքան վատ էր, ապա ի՞նչ հիմքով եք այսուհետ բանակցելու նոր հայանպաստ լուծումների շուրջ, ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ պետք է աղետալի պատերազմից հետո մեզ համար ավելի նպաստավոր իրավիճակ լինի։
Եթե փորձեք համադրել վերոհիշյալ փաստերը և նշված հարցադրումների հնարավոր ամենաողջամիտ ու հավանական պատասխանները, պարզ կդառնա Հայաստանում տեղի ունեցած, կատարվող և սպասվող գործընթացների ողջ տրամաբանությունը․․․