Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը շատ ծանր դաս է ստացել». Փորձագետները վերլուծում են Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ

Հուլիս 08,2021 15:55

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը կարեւոր է համարում, որ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում տարած հաղթանակից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր առաջին այցը կատարեց Մոսկվա: Այսօր «Sputnik Արմենիա» մամուլի ակումբում կայացած տեսակամուրջի ժամանակ Վլադիմիր Ջաբարովը Նիկոլ Փաշինյանի առաջին այցը ՌԴ մայրաքաղաք համարեց «լավ նշան»:

Ըստ ռուս պատգամավորի, Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է տարածաշրջանային անվտանգության հարցերում Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ՌԴ-ի հետ համագործակցության կարեւորությունը։

Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, քաղաքագետ, պատմաբան Արմեն Գասպարյանն էլ կարծիք հայտնեց, որ Փաշինյանի այցը Մոսկվա ցույց է տալիս, որ չեն արդարանում այն հաշվարկները, թե ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ Գերմանիան կօգնեն Հայաստանին`առկա մարտահրավերները հաղթահարելու հարցում. «Քաղաքական գործիչը, որն իշխանության էր գնում տրամագծորեն այլ հայացքներով, բոլորովին այլ իրականության մեջ է հայտնվել։ Մեր աչքի առաջ տրանսֆորմացիա տեղի ունեցավ»։ Բանախոսը կարծում է, որ մի բան է, երբ խորհրդարանում ընդդիմություն ես եւ կարող ես ազատ քննադատել`ում ուզես ու ինչպես ուզես, այլ բան է, երբ վարչապետ ես:

Արմեն Գասպարյանի համար ի սկզբանե էլ պարզ է եղել, որ Նիկոլ Փաշինյանի առաջին այցը լինելու է Մոսկվա: Նա հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Մոսկվա էր այցելել ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը եւ ՌԴ մայրաքաղաքում քննարկել են 102-րդ ռուսական ռազմակայանի ուժերի կողմից սահմանամերձ տարածքների ուժեղացման հետ կապված, Մոսկվայի միջնորդությամբ հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի ստեղծման հարցերը: Ուստի քաղաքագետը բնական է համարում, որ Նիկոլ Փաշինյանն առաջինը պետք է Մոսկվա այցելեր. «Փաշինյանը շատ ծանր դաս է ստացել։ Թե որքանո՞վ այն կյուրացվի, ժամանակը ցույց կտա»։

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին էլ, մասնավորաբար, անդրադառնալով Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծմանը, Վլադիմիր Ջաբարովն ասաց, որ դրան ՌԴ-ն բացասական կարձագանքի:

Հիշեցնենք, Թուրքիայի իշխանությունը մի քանի անգամ է հայտարարել Ադրբեջանում թուրքական բազա հիմնելու մասին: Վերջերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ այդ թեմային անդրադարձել էր նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ռուս պատգամավորը հիշեցնում է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի գործընկերն է ԱՊՀ- ում, նախկին «եղբայրական հանրապետություն»: Անշուշտ, այդ երկրում ՆԱՏՕ-ի բազայի հայտնվելը խիստ բացասական կընկալվի»։ Միաժամանակ, ռուս պատգամավորը գտնում է, որ այդ թեմայով բանակցություններ կարելի է վարել, քանի որ Թուրքիան դժվար թե ցանկանա փչացնել հարաբերություններն իր հյուսիսային հարեւանի հետ ու այստեղ դիվանագետներն անելիք ունեն:

Իսկ Արմեն Գասպարյանը չի կարծում՝ Բաքվում լրջորեն կդիտարկեն ռուս խաղաղապահների ազդեցության գոտում սադրիչ գործողությունների հնարավորությունը. «Տեսականորեն, իհարկե, կարելի է խոսել նման սցենարի հեռանկարների մասին, բայց կա 2008 թվականի օգոստոսի տխուր դասը»: Իր գնահատմամբ, Ադրբեջանում շատ լավ հասկանում եւ գնահատում են հնարավոր ռիսկերը, ուստի կխուսափեն արկածախնդրություններից, մանավանդ, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը ստացավ այն, ինչ ուզում էր։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031