Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ շփումները եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շրջանակում մշտական բնույթ են կրում: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո նման հանդիպում նախատեսում է նաև Ադրբեջանի նախագահի հետ:
«Ադրբեջանական կողմի հետ շփումներ տեղի են ունենում մշտապես: Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանավորվածությունների դրույթների կատարումը շատ կարևոր է և այլընտրանք չունի: Եվ հենց դրանց իրականացման շրջանակում էլ իրականացվում են շփումներ թե՛ հայկական կողմի, թե՛ ադրբեջանական կողմի հետ»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ հայ-ռուսական բանակցությունների ընթացքում կողմերը «մանրամասն խոսել են երկկողմ հարաբերությունների մասին»: «Քննարկվել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման և, բնականաբար, առևտրատնտեսական գործակցության տարբեր նրբություններ»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ