ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որը դիմել է վարչապետի պաշտոնակատարին մշակույթի եւ գյուղատնտեսության նախարարությունները վերաբացելու համար:
Վահրամ Դումանյանն ասաց. «Դա այն հարցը չէ, որ պետք է այստեղ քննարկենք, քանի որ ցանկացած տարբերակ կարելի է դիտարկել, այդ դեպքում հարց, իսկ ինչո՞ւ միայն մշակույթ, ինչո՞ւ ոչ սպորտը, օրինակ եւ այլն»:
Ամառային օլիմպիական խաղերին պատրաստվելու համար անհրաժեշտ ծանրաձողերի բացակայության առնչությամբ էլ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը մեկնաբանեց. «Գործընթացը լավ ընթացքի մեջ է, եւ նրանք արդեն շատ մոտ են ՀՀ սահմանին եւ մոտ 2-3 օր հետո ծանրաձողերը կլինեն մեր մարզիկների մարզադահլիճներում»: Նրա խոսքով, առաջարկվող նախագծով 20 ծանրաձողեր են. «Այնպես չէ, որ հենց այդ 7-ն էր առաջարկվում, ուղղակի դա փուլային՝ առաջին խմբաքանակի համար էր, հետագայում լրացնելու նպատակով, իսկ 20-ի փոխարեն 7 ծանրաձող գնելու պատճառն ակնհայտ էր՝ ֆինանսականն էր»:
Նշենք, որ նախագծի նախնական տարբերակում նախատեսված էր ձեռք բերել ծանրաձողերի 7 լրակազմ, սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` որոշման նախագծում կատարվել է փոփոխություն, ինչի արդյունքում ծանրամարտով զբաղվող մարզիկները Օլիմպիական խաղերին ընդառաջ կստանան միջազգային չափանիշներին համապատասխանող մեկ մրցումային հարթակ եւ 20 ծանրաձողի լրակազմ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ