Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում այժմ օգտագործվում է Եվրամիության տարածքում արտադրված «AstraZeneca»-ն.Անահիտ Ավանեսյան

Հուլիս 08,2021 14:47

Մեր երկրում այժմ օգտագործվում է Եվրամիության տարածքում արտադրված «AstraZeneca»-ն: Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նա հորդորեց ապատեղեկատվություն չտարածել:

«Կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ-որ «AstraZeneca», որն ընդունելի է Եվրամիությունում, եւ կա «AstraZeneca», որն ընդունելի չէ»,-ասաց տիկին Ավանեսյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե Եվրամիության երկրները չեն ճանաչում ՀՀ-ում «AstraZeneca»-ով պատվաստումների սերտիֆիկատները եւ արգելում են քաղաքացիների մուտքը։

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ աշխատում են, որպեսզի տարբեր երկրներ ճանաչեն մեր սերտիֆիկատների ձեւաչափերը, փոխճանաչման գործընթաց է, իսկ ՀՀ ԱԳՆ-ն կարող է տրամադրել տեղեկություն, թե որ երկրներն են արդեն ճանաչել մեր սերտիֆիկատների ձեւաչափերը։

Նրա խոսքով, Հայաստանում օգտագործվում է «AstraZeneca» ընկերության արտադրանքը, որն ընդունելի է Եվրամիության երկրների համար. «Չկան այդ պատվաստանյութի այլ տեսակներ, կա այդ ընկերության կողմից արտադրված պատվաստանյութ, որը Եվրամիությունն ընդունել է։ Մեր երկրում այժմ օգտագործվում է Եվրամիության տարածքում արտադրված «AstraZeneca»,-ասաց Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ ներկայումս բոլոր երկրները սկսել են իրար հավելվածների փոխճանաչման գործընթացը. «ԱԳՆ-ն ամբողջական տեղեկատվություն է տալիս՝ որտեղ է գործընթացն ավարտվել։ Հայաստանը որեւէ բան չի ուշացնում, ընթացք է, որը բոլոր երկրներն այս պահին անցնում են»:

Հարցին՝ օտարերկրյա քաղաքացիների համար պատվաստումը եւս անվճար է, արդյոք չե՞ն պատրաստվում վերանայել այդ որոշումը, Անահիտ Ավանեսյանն ի պատասխան ասաց՝ առաջնորդվում են մարդասիրական սկզբունքներով, ինչն անում են նաեւ շատ այլ երկրներում. «Հաշվի առնելով, որ սա հանրային վտանգավոր հիվանդություն է, մենք նման սկզբունք ենք որդեգրել եւ դա շարունակելու ենք, բայց դա չի նշանակում, որ հետաքրքրվածության աճի ընթացքում մենք մեր քաղաքականությունում շտկումներ չենք մտցնելու»:

Ըստ նրա, Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների պատվաստումներն ընդհանուր պատվաստման մեջ փոքր տոկոս են կազմում։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031