«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պնդում է՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ մերժել Արմեն Չարչյանին կալանավորելու դեմ՝ պաշտպանների ներկայացրած բողոքը ծաղր է իրավաբանության նկատմամբ: Լրագրողների հետ զրույցում միևնույն ժամանակ նա վստահեցրեց. «Մեր վերաբերմունքը դատարանի նկատմամբ չենք պայմանավորում դատական ակտով: Տիկին Աբգարյանն իրականում պրոֆեսիոնալ իրավաբան է, սակայն այս որոշումը մեզ համար անընդունելի է: Իսկապես որևէ հիմք չկա Չարչյանին անազատության մեջ պահելու: Այս որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ: Միանշանակ քաղաքական երանգ պարունակող հանգամանքներ են, որոնք ստիպել են դատավորին նման որոշում կայացնել»:
Լրագրողները հիշեցրին՝ նախորդ դատական նիստին դատախազին բնորոշում էր տվել, որին հետևել էր նրանց պատասխանը: Դիտարկմանը՝ անձնավորված պայքարի՞ է վերաճում այս ամենը, նա պատասխանեց. «Որևէ անձնավորում չկա: Սա իրավական պայքար է: Ցավում եմ, որ դատախազը նման ձևով է ընկալել: Մենք հարգում ենք մեր մասնագիտությունը և գործը երբեք չենք անձնավորում: Կխնդրեմ՝ վերանայեն իրենց գնահատականները»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ առողջական վիճակում է Արմեն Չարչյանը: Նա պատասխանեց. «Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է նույնը: Նա այս պահին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում է՝ շաբաթ օրվանից սկսած: Առողջական վիճակն այնպես չէ, որ լավ է: Պարոն Չարչյանն այս պահին քրեակատարողական հիմնարկից մեծ բողոքներ չունի. փորձում է հարմարվել, բայց մենք թույլ չենք տա, որ նա հարմարվի, քանի որ նա շուտով գտնվելու է ազատության մեջ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ