Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու որեւէ հիմք չկա. Ռուստամ Բադասյանը ՍԴ-ում կլինի ՔՊ-ի ներկայացուցիչը

Հուլիս 08,2021 14:14

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու որեւէ հիմք չկա: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ ՍԴ-ում ինքն է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը. «Մենք մի կարճ վարժություն կարող ենք անել, կարող ենք բացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, կարդալ, թե ինչ գնահատական է տրվում ընտրություններին եւ համեմատել 2017 թվականին կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետը: Այնտեղ կտեսնեք, թե ինչ էական տարբերություններ կան: Վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող: Անցել են արդար մրցապայքարում, բոլորն ունեցել են հնարավորություններ: Օրինակ՝ 2017-ի ընտրությունների գնահատականներում խոսվում է վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրություններին կողմնակի ազդեցությունների, այդ թվում ընտրատեղամասերում, մասին: Այս ընտրությունների նախնական գնահատականներում այդպիսի գնահատականներ չկան: Հակառակը, կան շատ դրական շեշտադրումներ: Կարծում եմ՝ այս ընտրությունների կապակցությամբ պետք է բոլորս իրար շնորհավորենք, որովհետեւ սա իշխանության ձեռքբերումը չի, ընդդիմության ձեռբերումը չի, սա բոլոր քաղաքացիների ձեռքբերումն է»:

Հարցին՝ որտեղ է գրված, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերը պետք է հեռանան, արդարադատության նախարարի պաշտոնակատարը պատասխանեց՝ ոչ միայն Սահմանադրության մեջ, այլ նաեւ կառավարության որեւէ քաղաքականության մեջ նման բան չկա:

Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեցին նաեւ՝ Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահներն ի՞նչ իրավական հիմքով են տեղակայվում: Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ նման գործընթացից տեղեկություն չունի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031