Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին հերթին՝ դատավոր դառնալու փակ շղթան պետք է կոտրվի. Ռուստամ Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի երազանքների դատարանի մասին

Հուլիս 08,2021 13:38

«Երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որտեղ գործընթացներն արագ են տեղի ունենում եւ կա հանրային վստահություն դատական համակարգի նկատմամբ»,-այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը համաձայնություն տվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը։

Նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով որոշմանն, ասել էր․ «Դատավորների թվակազմի ավելացումը մենք պետք է դիտարկենք նաեւ որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց։ Հույս ունեք, որ այս լրացումներով, համալրումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը, մյուս կողմից՝ թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով, ի վերջո, մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները իրենց բնույթով կհամարվեն արդարության եւ արդարադատության մարմնավորում։ Սա ամենակարեւոր նպատակն է»։

Հարցին՝ թավշյա մանդատը պողպատե մանդատով փոխարինելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, դատական բարեփոխումներն ի՞նչ ճանապարհով են տեղի ունենալու, Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախընտրական ծրագրում ուղղությունները նախանշված են. «Սկսած՝ սահմանադրական փոփոխություններից, վերջացրած կոնկրետ նախաձեռնություններից, որոնք արդեն ունենք: Կա հակակոռուպցիոն դատարանի փաթեթ եւ այլն»:

Ռուստամ Բադասյանն ասաց, որ առաջին հերթին դատավոր դառնալու փակ շղթան պետք է կոտրվի. «Նոր դատավորներ պետք է, անպայման, հայտնվեն դատական համակարգում, համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու այդ փակ շղթան՝ գալ դատական դեպարտամենտ, այդտեղից որոշ ժամանակ անց դառնալ դատավոր, ունենալ փոխկապակցվածություն դատական համակարգի ներսում, դա պետք է կոտրվի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031