Պատերազմի ընթացքում զոհված եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների եւ աշխարհազորայինների, ինչպես նաեւ ծնողազուրկ եւ սակավ ապահոված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան շուրջ 3200 երեխաներ հնարավորություն կստանան իրենց ամառային հանգիստն անցկացնել մանկական առողջարանային ճամբարներում։ Այսօր այս մասին կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
Նրա խոսքով, ճամբարն իրականացվելու է 2 հերթափոխով, յուրաքանչյուրը՝ 20 օր տևողությամբ, ամեն հերթափոխում՝ 1600 մասնակցով. «Ճամբարների կազմակերպման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կկազմի 335 միլիոն դրամ, որից 321․6 միլիոն դրամը կտրամադրվի կազմակերպություններին՝ ամառային հանգիստը կազմակերպելու համար, իսկ 13,4 միլիոն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը՝ երեխաների՝ մարզերից ճամբարներ տեղափոխման տրանսպորտային ծախսերը կատարելու համար»:
Պարոն Դումանյանը նաեւ նշեց, որ երեխաների հանգիստն ու տրանսպորտային փոխադրումները կազմակերպող կազմակերպությունների հետ կկնքվեն դրամաշնորհային պայմանագրեր։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեխաների տեղափոխումը պետք է ապահովել ոստիկանության ուղեկցությամբ, որպեսզի անվտանգությունն ապահոված լինի:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ