Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ` չնայած դրա դեմ պայքարին ուղղված քայլերը վերջին տարիներին դրական տեղաշարժ են արձանագրել։
Խնդրի առկայության մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանի տարբեր տարիների գործունեության հաղորդումներն ու զեկույցները:
Կանանց նկատմամբ խտրականության դրսևորում է, երբ երեխայի սեռը պարզելու դեպքում հղիությունն ընդհատվում է՝ աղջիկների փոխարեն նախապատվություն տալով տղա երեխաներին:
Ուսումնասիրությունները վկայում են, որ խնդրի պատճառները խորքային ու տարբեր են, սակայն, որպես գործոն` նման խտրական որոշման կայացման վրա կարող են ազդել, օրինակ, հասարակությունում ավանդաբար հաստատված սեռերի նկատմամբ պատկերացումները, արու զավակ ունենալու նախապատվությունը կամ կանանց դերի վերաբերյալ կարծրատիպային մոտեցումները:
Կարդացեք նաև
Ավելին, որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ առկա են դեպքեր, երբ իգական սեռի երեխա ունենալու դեպքում կնոջ համար ընտանիքում կարող են առաջ գալ խնդիրներ՝ նրան հաճախ մեղադրելով տղա երեխա չունենալու համար: Քննադատական այս մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ կանայք ևս ձգտեն տղա ունենալ՝ ղեկավարվելով «ընտանիքում շահեկան դիրք ունենալու», «կարգավիճակն ամրապնդելու» և «ապագայի համար կայունության երաշխիք ունենալու» պատկերացումներով:
Մեկ այլ խնդիր է, որ երբեմն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման որոշումը կանայք ինքնուրույն չեն կայացնում. նրանք այդ քայլին կարող են դիմել ընտանիքի անդամների ճնշումների, նույնիսկ՝ հարկադրանքի ներքո:
Հայաստանում կանանց և տղամարդկանց սեռերի հարաբերակցության շեղումը սկսել է նկատվել դեռևս 1991 թվականից, իսկ 2000 թվականին այն հասել է մինչև 120 տղա – 100 աղջիկ հարաբերակցության այն դեպքում, երբ նման հարաբերակցության համար սահմանված նորման կազմում է 102-103 տղա – 100 աղջիկ հարաբերակցությունը:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2008-2012 թվականների ժամանակահատվածում ծնվածների մեջ աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100-115, 2014 թվականին` 100-113,4, 2015 թվականին` 100-112,7, 2016 թվականին` 100-111,9, 2017 թվականին` 100-109.8, 2018 թվականին` 100-111, 2019 թվականին` 100-110, իսկ 2020 թվականին` 9 ամսում` 100-111,3:
Վիճակագրական տվյալները վկայում են խնդրի առկայության մասին, որը հատկապես ընդգծվում է երրորդ երեխայի դեպքում:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2020 թվականի Հայաստանի ժողովրդագրական տվյալների՝ սեռերի հարաբերակցության գործակիցն, ըստ ծննդի կարգի՝ առաջին երեխայի դեպքում 1.04 է, երկրորդի դեպքում՝ 0.07, երրորդի երեխայի դեպքում՝ 1.27, չորրորդ երեխայի դեպքում՝ 1.26:
Սեռերի հարաբերակցության գործակիցների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրական տեղաշարժ կա հատկապես երկրորդ երեխայի պարագայում, առաջին երեխայի դեպքում ցուցանիշը մնացել է անփոփոխ, հաջորդ երեխաների դեպքում հարաբերակցության գործակիցները նախորդ տարվա համեմատությամբ դրական զարգացում են ունեցել, 1.40 կամ 1.32 գործակցից նվազելով 1.27 և 1.26-ի, սակայն խնդիրն այդ պարագայում ևս շարունակում է մնալ առկախված՝ պահանջելով լրացուցիչ ջանքեր:
Չնայած աշխատանքների իրականացմանը՝ խնդիրը համակարգային առումով դեռևս լուծված չէ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդիրը կարող է լատենտային բնույթ ստանալ, ինչպես
նաև մասնագետները նշում են, որ արդեն հնարավոր է պտղի սեռը որոշել առավել վաղ ժամկետներում՝ հաշվի առնելով բժշկական տեխնոլոգիաների զարգացումը:
Ստացվում է, որ օրենսդրական կարգավորումներով սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատման արգելքի սահմանմամբ կամ միայն հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքների իրականացմամբ չեն կարող սահմանափակվել խնդրի լուծմանն ուղղված քայլերը:
Խնդրի դեմ պայքարի նպատակով համալիր միջոցառումներ պետք է իրականացվեն՝ ուղղված խորքային պատճառների վերացմանը:
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի դեմ պայքարը և դրա կանխարգելումը անհրաժեշտ է համադրել կանանց կարողությունների զարգացման, որոշումների կայացման ազատության և այլ իրավունքների մասին իրազեկելու, ինչպես նաև բուժաշխատողների նկատմամբ վերահսկողության ուժեղացման նպատակով իրականացվող միջոցառումների հետ:
Մանրամասները` Տարեկան հաղորդման մեջ:
Մարդու իրավունքների պաշտպան