«Վերաքննիչ քրեական դատարանը Լուսինե Աբգարյանի նախագահությամբ մերժեց մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը»,-քիչ առաջ դուրս գալով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանից՝ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Արմեն Չարչյանին կալանավորելու դեմ բողոքի որոշմանը:
Խոսելով նախագահող դատավորի մասին՝ նա ասաց. «Դատավորը մերժեց բավականին դողդողացող ձայնով: Ամեն ինչ էլ ընկալելի, հասկանալի է, բայց իրավաչափ չէ: Նոր ասպեկտներով կարելի է այս ամենը հասկանալ՝ ճնշումներ դատավորների նկատմամբ, նոր որակի մոտեցումներ, բայց դրանցից յուրաքանչյուրը կապ չունի իրավունքի հետ»:
Արամ Վարդևանյանն ասաց՝ եկել էին Վերաքննիչ դատարան արդարադատության ակնկալիքով, կարծում էին, որ իրավաբանություն կտեսնեն, բայց ցավոք, չտեսան:
Արմեն Չարչյանի հետ կատարվածը նա այսպես որակեց. «Ունեցանք հերթական անգամ քաղաքական հետապնդման ագրեսիվ դրսևորման դեպքում կալանավորման ֆետիշացում: Ցավում եմ, բայց մյուս կողմից էլ մի բանում վստահ եմ՝ ինչքան էլ ճնշումներ կատարեն, միևնույն է, Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ. դրանում երկրորդ կարծիք չկա»:
Կարդացեք նաև
Նա հայտնեց՝ առաջին ատյանի դատարանում թեև վարույթն ընդունելու վերաբերյալ տեղեկություն չունի, բայց ունեն մակագրում, որ դատավոր Վահե Միսակյանի մոտ է լինելու, և կալանավորելու հարցով լսվելու իրավունքն ապահովվելու է. «Այնպես որ, կարճ ժամանակ անց կհանդիպենք առաջին ատյանի դատարանում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ