Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. Ընդդիմության հավասարության տեսանկյունից ճիշտ կլինի, որ ԱԺ փոխխոսնակն այս պարագայում լինի «Պատիվ ունեմ» դաշինքից. «Հրապարակ»

Հուլիս 08,2021 10:55

Հարցազրույց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ

– Պարոն Սիմոնյան, իշխող խորհրդարանական թիմն ինչպե՞ս է բաշխելու խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ Հայտնի է, որ 8 հանձնաժողովի նախագահությունը կստանձնի ՔՊ-ն, երեքինը՝ ընդդիմությունը, բայց եթե բաշխման հարցում անհամաձայնություններ առաջանան, դիցուք՝ ընդդիմադիրները ցանկություն ունենան այլ հանձնաժողով նախագահել, քան իրենց բաժին կհասնի, պատրա՞ստ է իշխանական խմբակցությունը գնալ զիջումների, փոխգործակցության։ Պատրա՞ստ է իշխող թիմն ընտրել դաշինքների առաջադրած հանձնաժողովի նախագահի ցանկացած թեկնածուի, թե՞ հնարավոր է դուք էլ ձեր պահանջները ներկայացնեք։

– Ընդհանուր առմամբ, ամեն բան կախված է ընդդիմության համագործակցության պատրաստակամությունից եւ ոճից: Իշխող ուժը շարժվելու է այն տրամաբանությամբ, որն առաջարկեց վարչապետը հունիսի 21-ի հաղթական հանրահավաքի ժամանակ: Հանձնաժողովների մասով մշտապես եղել է տրամաբանություն, ինչպես նաեւ կա օրենք, որը կարգավորում է այդ հարաբերությունները: Եթե ընդհանուր հարցերի տրամաբանությունն այն է, թե իշխող ուժը սրելու է հարաբերությունները, լարում է ստեղծելու կամ նախասիրություններ առաջ քաշելու, ապա ասեմ, որ հաղթող ուժը նման մտադրություն չունի եւ կարիքը չի տեսնում: ԱԺ-ն կարեւոր ինստիտուտ է, որը պետք է գործի, դա է հիմնական նպատակը:

– Ո՞ւմ է բաժին հասնելու օրենքով ընդդիմությանը հասանելիք ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնը՝ «Հայաստա՞ն», թե՞ «Պատիվ ունեմ» դաշինքին։ ՔՊ-ում ունե՞ն նախապատվություն, թե որ ուժից պետք է այդ պաշտոնը համալրվի։ Սովորաբար առաջադրվում է ամենամեծ ընդդիմադիր ուժից, եւ, նախնական տեղեկություններով, թվակազմով մեծ «Հայաստան» դաշինքը մտադիր է առաջադրել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, դաշինքի ցուցակի երկրորդ համար Իշխան Սաղաթելյանին։ Պատրա՞ստ է իշխող թիմը նրան ընտրել փոխխոսնակ, թե՞ հնարավոր է այլ ընդդիմադիր թեկնածուի նախապատվություն տաք։

– Ինչ վերաբերում է փոխխոսնակի ընտրությանը, ըստ իս, ընտրությունը պետք է լինի հավասարության սկզբունքը պահելու տրամաբանության մեջ՝ ընդդիմության բոլոր հանձնաժողովների ղեկավարների տեղերը բաժին են հասնում երկրորդ տեղը զբաղեցրած ուժին, իսկ դա նշանակում է, որ, օրինակ, իրավունքի ուժով երրորդ տեղը զբաղեցրած ուժը ԱԺ խորհրդի մեջ ներկայացված է լինելու միայն խմբակցության ղեկավարի միջոցով, այսինքն՝ մեկ հոգով, եւ, ըստ այդմ, կարծում եմ, որ ընդդիմության հավասարությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ ըստ իս, ճիշտ կլինի, որ փոխխոսնակն այս պարագայում լինի «Պատիվ ունեմ» դաշինքից:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031