Հատկանշական է, որ սահմանային միջադեպը գրանցվեց այն բանից հետո, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ Հայաստանի հարավում սահմանային միջադեպերը չեն մտնում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնակարգի դրույթների մեջ:
Վերոնշյալ հայտարարությունից հետո Ադրբեջանը փոխհրաձգություն կազմակերպեց ՀՀ-ի հետ սահմանին, ինչն ուղղակի պատասխան է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այն հայտարարությանը, թե սահմանին կրակոցներ չեն եղել: Հայտարարությունից անմիջապես հետո Բաքուն ապահովեց երեք վիրավոր եւ դրանով ուղղակի ցինիկաբար արձագանքեց տարածաշրջանում հիմնական ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի հայտարարություններին:
Ադրբեջանն իր այս գործելակերպով հարցականի տակ է դնում ոչ միայն ՀԱՊԿ առաքելությունը տարածաշրջանում, այլեւ ռուս խաղաղապահների մանդատը: Հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանը դրանով ակնարկում է, որ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղապահներ տեղակայելու հնարավոր սցենարի ժամանակ կցանկանար, որ այդ ուժերը միայն ռուսական խաղաղապահներից բաղկացած չլինեին:
Միանշանակ է, որ Ադրբեջանի այս եւ նախորդ բոլոր գործողություններն ուղղված են Անդրկովկասում ՌԴ-ի եւ նրա գլխավորած տարածաշրջանային ռազմական եւ քաղաքական համագործակցության ձեւաչափերի դեմ: Բաքուն հետեւողականորեն արժեզրկում է ՌԴ-ի դերակատարությունը տարածաշրջանում, չնայած մշտապես հայտարարում է հակառակի մասին: Նրա գործողությունները միանշանակ նպատակաուղղված են տարածաշրջանում իր «ավագ եղբոր»՝ Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը, եւ դրանով նա արցախյան պատերազմի ելքն իրեն նվիրելու համար պատասխան ծառայություններ է մատուցում:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: