ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն օրերս հայտարարեց, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը սահմանային միջադեպ է և չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ, հայկական կողմից հնչող նման հայտարարություններն այն հայտնի քաղաքականության արդյունքն են, որը տարվել է վերջին երեք տարիների ընթացքում: «Եթե Հայաստանի սահմանից ներխուժում է 10-20 ադրբեջանական զինծառայող, որոնց թիվը հետագայում ավելանում է և դեռ կարող է ավելանալ, իսկ հայկական կողմը ոչինչ չի ձեռնարկում նշվածի դեմ, ապա ՀԱՊԿ-ը, սա, ըստ էության, համարում է սահմանային միջադեպ, ինչը տեղի է ունենում իշխանությունների ցանկությամբ: ՀԱՊԿ-ի մոտեցումն այսպես կարող եմ գնահատել: Բավականին ճիշտ գնահատական են տվել «սովորական միջադեպի» առումով, որին առաջին հերթին պետք է դիմակայեն մեր ուժերը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Միևնույն ժամանակ, նա կարևորեց ոչ այնքան ՀԱՊԿ-ի, որքան Ռուսաստանի դերը: «Միակ երկիրը, որին անվտանգության խնդիրների համատեքստում կարող ենք ապավինել, Ռուսաստանն է, որը ոչ միայն փրկեց Արցախի մնացորդները, այլև տեղադրում է ռազմակայաններ նաև Սյունիքի մարզում, ինչը ռեալ օգնություն է ստեղծված խնդիրների տեսանկյունից: Չէ՞ որ Ռուսաստանն է դիմել Հայաստանին, որպեսզի կանգնեցնի պատերազմը ու չհանձնվի Շուշին: Իսկ Հայաստանը հրաժարվել է այդ առաջարկից: Ուզում եմ հիշեցնել, որ 2016-ին խնդիրը չորս օրում լուծվեց: Այդ ժամանակ ևս մի սթափ հատված կրկին նշում էր, որ ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ, որպես դաշնակցի, Ռուսաստանին պետք է դիմել: Ուժը, որն այսօր կարող է զսպել Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական էքսպանսիան, Ռուսաստանն է: Մնացյալ հարցերը, կապված նաև ՀԱՊԿ-ի հետ, զուտ այս իշխանությունների ձեռագիրն են և ոչ ավելին: Մեծ հաշվով՝ հակառուսական ուղղվածությունը միշտ առկա է եղել այս իշխանությունների մոտ»,-ասաց նա՝ պատահական չհամարելով ԱԽ քարտուղարի հայտարարությունը, որն արեց Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ:
«Հակառուսականությունն արտաքին ուժերի կողմից բերված այս իշխանավորների հիմնական խաղաքարտերից մեկն է: Նրանց նպատակն է, որ, ինչքան հնարավոր է, շուտ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախի Հանրապետությունից ու ՀՀ-ից: Հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական զարգացումները՝ նա հավելեց. «Ընդհանուր առմամբ, տպավորություն է, որ ԱՄՆ-ն քարտ բլանշ է տվել հակառուսական բոլոր երկրներին, միայն թե կարողանան վնասել Ռուսաստանին և Չինաստանին: ԱՄՆ-ն շատ խելամիտ քաղաքական դերակատարում ունի և նման մարգինալ պետությունների և մարգինալ ղեկավարների վրա շատ մեծ դրույքներ երբևէ չի դնում: Պարզապես նրանց ձեռնտու է, որ, օրինակ՝ Հայաստանը մնա այս ոչ պետական իրավիճակում, որտեղ նաև քաղաքականություն չկա: Ցավոք, Եվրոպան ու շատ այլ երկրներ ևս լուրջ չեն ընդունում այն ամենը, ինչ կատարվում է մեզ մոտ: Սա, ըստ էության, նվեր է թուրքական աշխարհին: Իսկ հիմա էլ խոսում են ճանապարհների ապաշրջափակման մասին: Բավական է ասել, որ միայն Նախիջևանն Ադրբեջանի հետ կապող երկաթուղին մոտ 150 մլրդ դոլար է արժենալու, բավական է ասել, որ պլանավորում են այդ ճանապարհներով մոտ տասը միլիոն տոննա բեռնափոխադրումներ իրականացնել: Սա նշանակում է, որ Հայաստանին ընդգրկում են ոչ թե եվրոպական կամ ամերիկյան արժեքների գոտում, այլ ուղղակի ծառայելու համար նվիրում են թուրքական, ադրբեջանական աշխարհին»:
Կարդացեք նաև
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։