Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական վտանգը գիտակցվա՞ծ է. Հայաստանը շատ է կարևորվելու Արեւմուտքի համար, և դեռ կմեծանա նրա դերը տարածաշրջանում. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 08,2021 09:24

Թուրքական պաշտոնական շրջանակներում ոչ մի քննարկում չկատարվեց, թե երկրի իշխանությունների քայլերը հայ-ադրբեջանական հակամարտությունում ու ցեղասպան մեքենայի անխափան գործունեությունը որքանով են ազդել Բայդենի որոշման վրա: Այդ երկրում այնքան էին վստահ, որ ԱՄՆ-ն առանց իրենց չի կարող առաջ ընթանալ կամ իրականացնել սեփական քաղաքականությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում, որ գրեթե համոզված էին՝ ԱՄՆ-ից լուրջ հաղթաթղթեր են ստանալու Ռուսաստանից հեռանալու համար: Բավական է հիշել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հայտարարությունը. «Մենք մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններ ենք ունեցել Ռուսաստանի հետ, սակայն կարողացանք հաղթահարել դրանք արդյունավետ երկխոսության միջոցով: Ինչո՞ւ նույնը չի կարելի անել ԱՄՆ-ի հետ: Եթե մեկ այլ երկիր մեզ դիմում է մաքսիմալիստական դիրքերից եւ «կամ այսպես, կամ այնպես» պահանջով, ապա նման վերաբերմունքն ստիպում է նայել այլ ուղղությամբ: Մենք կարող ենք այդ հարցերը լուծել բաց, անկեղծ ու արդյունավետ երկխոսության միջոցով, սակայն ամերիկյան ղեկավարությունը պետք է հասկանա, թե այդ հարցերը որքան մեծ նշանակություն ունեն մեզ համար»:

Իսկ ահա Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունները խոսում են այն մասին, որ նոր իշխանությունը Վաշինգտոնում մտադիր է պահպանել Անկարայի վրա ճնշում գործադրելու կուրսը: Բայդենի վարչակազմը թշնամաբար է վերաբերվում Թուրքիային ու ձախողում է նրա քաղաքականությունը Հարավային Կովկասում: Այս մասին հայտարարել է թուրքական հետախուզության նախկին ղեկավար Իսմայիլ Պեկինը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է խափանել Անկարայի ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: «Բայդենի նպատակն այդ տարածքում խաղաղության հաստատումը սաբոտաժի ենթարկելն է: Այդպիսի քաղաքականությունը թելադրված չէ ԱՄՆ-ի հայկական լոբբիով, ընդհակառակը, այն չէր կարող ազդել ամերիկյան նախագահի որոշման վրա: Այդպիսի սաբոտաժը, ընդհանուր առմամբ, Անկարայի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության արդյունքն է»,- հայտարարել է Պեկինը:

Այն բանից հետո, երբ Ֆրանսիա տեղափոխված մահմեդականները բավական մեծ թվաքանակի հասան այդ երկրում եւ Թուրքիայի նախագահի ցուցումով սկսեցին սպառնալ հայերին, իսկ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին որակեց վիրավորական տերմիններով՝ նրան հիշեցնելով, որ առջեւում նախագահական ընտրություններ են, պարզ դարձավ, որ թուրքական ղեկավարության նպատակը մահմեդական տարբեր ծայրահեղ ուժերի միջոցով արեւմտյան երկրներում առավելություն ստանալն է ու այդ առավելությունը նույն այդ երկրների դեմ կիրառելը: Դա չէին կարող չնկատել եվրոպական մյուս երկրները: Դա չէր կարող չնկատել նաեւ ԱՄՆ-ն, որտեղ նույնպես թուրքական գործոնի ազդեցությունն աստիճանաբար մեծանում է:

Ակնհայտ է, որ վտանգը գիտակցված է, եւ դրա դեմ միջոցներ կկիրառվեն, սակայն առայժմ չենք խոսի իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին: Կնշենք միայն, որ այդ պայքարում Հայաստանը շատ է կարեւորվելու Արեւմուտքի համար, եւ արդյունքում կմեծանա նրա դերը տարածաշրջանում, իսկ «տիրոջ մոտ» վերադարձած Թուրքիային էլ ԱՄՆ-ն Աֆղանստանում հատկացրել է դեսպանատան անվտանգությունն ապահովելու գործառույթը: Այլ կերպ ասած՝ Անկարային կապել է իր դռան առաջ…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031