Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքը միջնորդությամբ դիմել է ՍԴ, որ հարակից պատասխանող ներգրավվեն նաեւ ՀՀ ԱԱԾ-ն-ն, ՊՆ-ն կամ ԳՇ-ն. «Հայկական ժամանակ»

Հուլիս 08,2021 09:30
sd

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը Սահմանադրական դատարանում կներկայացնեն ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ փոխնախարար Սուրեն Գրիգորյանը: Նույն այդ տեղեկություններով` Բադասյանն ու Գրիգորյանը պատրաստվում են այդ նպատակով արձակուրդ վերցնել:

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկող «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը նորմալ է վերաբերվում «Քաղաքացիական պայմանագրի» ներգրավմանը:

Նա, սակայն, վերապահում ունի մեկ այլ հարցում. եթե ՍԴ-ում «Քաղաքացիական պայմանագրի» շահերը ներկայացնի արդարադատության նախարարը, պետք է ստուգվի՝ արդյոք նա կուսակցակա՞ն է:

«Ես տեղեկություն չունեմ՝ նա ՔՊ անդամ է, թե ոչ, բայց եթե հանդես է գալիս որպես արդարադատության նախարար, դա եւս կօգտագործվի որպես հիմք՝ վարչական ռեսուրսի չարաշահման իրավիճակը հաստատելու համար: Որովհետեւ կարծես թե նա պետք է ունենա իր պարտականությունները որպես նախարար»,- նկատեց Վարդեւանյանը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ միջնորդությամբ դիմել է Սահմանադրական դատարան, որպեսզի գործի շրջանակներում հարակից պատասխանող ներգրավվեն նաեւ ՀՀ ԱԱԾ-ն-ն, ՊՆ-ն կամ ԳՇ-ն: Հավելեց՝ դիտարկում են նաեւ վարչապետի աշխատակազմի ներգրավման միջնորդության հնարավորությունը՝ այն նպատակով, որ ստանան ամբողջական տեղեկատվություն մայիսի 10-ից մինչ օրս բոլոր պարգեւատրումների, եւ դրամական օգնությունների դեպքերի վերաբերյալ:

Հարցին, թե պարգեւատրումներն ինչպե՞ս են առնչվում ՍԴ դիմումին՝ Վարդեւանյանն ասաց, որ ընտրական գործընթացի ընթացքում դրամական օգնություն են մարդկանց տրամադրել, ինչը կասկած է առաջացնում, որ սա պետական միջոցներով որոշակի ընտրակաշառքի տարրեր պարունակող երեւույթ է:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ըստ նրա, այս կառույցն էլ պետք է ՍԴ-ում օգնի՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԵԿՏ) միջոցով պարզել՝ եղե՞լ են անձինք, որոնք ՀՀ-ում չեն բնակվում, բայց ընտրողների մատյանում նրանց անվան դիմաց կա ստորագրություն եւ տվյալների լրացում:

Վարդեւանյանը կրկին հիշեցրեց նաեւ ՍԴ-ում իրենց ներկայացրած մեկ այլ տվյալի մասին, ըստ որի՝ 109 հազար ընտրողների դեպքում նույնականացման մեխանիզմը չի գործել: «Միգուցե նրանց մի մասը Հայաստանում չեն եւ ՍԵԿՏ-ով պետք է պարզել նրանց գտնելու վայրը»,- եզրափակեց նա:

«10- 20 տարի առաջ, երբ նույնականացման այդ մեխանիզմները ընդհանրապես չկային, դա չէր դառնում ընտրությունների արդյունքը բողոքարկելու հիմք»,- հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ նույնականացման խնդիրը կարող է առաջանալ, օրինակ, հին անձնագրերի պարագայում: «Օդանավակայանում ինձ թվում է շատերս բախվել ենք այդ խնդրին, երբ ինքնաշխատ եղանակով փորձ է կատարվում տվյալները ստուգել, չի ստացվում, ձեռքով են տվյալները մուտք անում, որպեսզի ըստ բազայի ստուգեն: Խնդիր կարող է առաջանալ նաեւ բիոմետրիկ անձնագրերի եւ ոչ բիոմետրիկ անձնագրերի դեպքում: Կամ մեծ քանակով օգտագործման հետեւանքով տեխնիկան կարող է խնդիր ունենալ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031