Ազատազրկված անձանց վերասոցիալականացման, ազատ ժամանակն արդյունավետ եւ նպատակային օգտագործելու ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են տարբեր ձեւաչափերի միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը։
Մասնավորապես, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի կողմից դատապարտյալների շրջանում մեկուկես ամսյա մարզումների ընթացքում առավել աչքի ընկած թվով 6 դատապարտյալների միջեւ իրականացվել է մարզական միջոցառում՝ կշռաքարի բարձրացման առաջնություն:
Իրականացված առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են դատապարտյալներ Ռ. Սահակյանը, Ար. Ղավալյանը եւ Ն. Վարդանյանը: Հիմնարկի ՍՀԻԱ-ի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Վ. Ղազարյանը բաժնի եւ հիմնարկի վարչակազմի անունից շնորհավորել է միջոցառման մասնակիցներին եւ հաղթողներին՝ կարեւորելով անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը եւ վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը:
Մարզական մեկ այլ միջոցառում՝ շաշկու առաջնություն էր կազմակերպվել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ։
Միջոցառմանը մասնակցել է 22 դատապարտյալ։
ՔԿՀ լրատվության ծառայություն
Կարդացեք նաև
Ա. Վերջերս էլ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի եւ ԱՆ «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ազատազրկված կանանց համար կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված հայ կնոջն ու նրա հերոսական կերպարին, ներկայացվել էր Ղ.Աղայանի «Անահիտ» հեքիաթը, միջոցառմանը մասնակցել էին նաեւ օտարազգի կին դատապարտյալներ, որոնց համար նյութերը թարգմանվել են ռուսերեն եւ իսպաներեն։
«Առավոտ» օրաթերթ
07.07.2021