Հարցազրույց գերմանաբնակ օպերային երգիչ, բարիտոն Գուրգեն Բավեյանի հետ
– Օրերս Երեւանում կայացած մշակութային իրադարձությանը՝ դիրիժոր, գերաստղ Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ համերգին, ընդգրկված էիք նաեւ դուք։ Իտալական Լուիջի Քերուբինիի անվան նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի ընկերակցությամբ եւ մաեստրո Մուտիի ղեկավարությամբ հրաշալի մատուցեցիք Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործությունը եւ հիշյալ կոլեկտիվների ու գերմանաբնակ սոպրանո Նինա Մինասյանի եւ իտալացի տենոր Ջիովանի Սեբաստիանոյի հետ՝ Շուբերտի Թիվ 2 Մեսսան։ Այդ համերգը, անկասկած, իրադարձություն էր նաեւ ձեզ համար։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եղավ համերգի մասնակցության հրավերը, ո՞ւմ կողմից։
– 2016թ.-ից համագործակցում եմ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ։ Ընդգրկված եմ եղել Գերմանիայում, Հայաստանում եւ Իտալիայում կոմպոզիտորի «Ռեքվիեմի» կատարումներում, 2018-ին էլ Սուրբ Մինաս վանական համալիրի հազարամյա հոբելյանի առիթով հանդես եկա Ներսես Շնորհալիի աղոթքների հիման վրա մանսուրյանական «Յոթ աղոթք» ստեղծագործության կատարմամբ։ Հիմա էլ Երեւանում հնչեցրի կոմպոզիտորի «Քավարան» ստեղծագործությունը, որն ընդհանրապես կատարվեց առաջին անգամ։ Երեւանյան համերգին հնչեցրած ծրագիրը՝ բացի Մանսուրյանի երկից, նույն կազմով վերջերս ներկայացրել ենք իտալական Ռավեննա փառատոնում։ Եվ քանի որ նախատեսված էր այդ ծրագիրը հնչեցնել նաեւ Երեւանում՝ գումարած Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը, ինձ առաջարկ եղավ Իտալիայում կայացած համերգում կատարել նաեւ Շուբերտի Մեսսայի բարիտոնի պարտիան, ինչին մեծ սիրով համաձայնեցի։
– Հավանաբար մաեստրո Մանսուրյանը «Քավարանը» գրելիս նկատի է ունեցել հենց ձեր ձայնը։
Կարդացեք նաև
– Այդպես է ստացվում։ Ընդ որում, այս աստվածային երկը ստեղծելիս քանիցս հանդիպել ենք, քննարկել, եւ այլն, եւ այլն։ Պետք է անպայման նշեմ նվագախմբի, Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած Հայաստանի պետական կամերային երգչախմբի եւ, իհարկե, Նինա Մինասյանի եւ Ջիովանի Սեբաստիանոյի հետ համագործակցության մասին։ Ռավեննայում եւ Երեւանում կայացած համերգները աշխարհահռչակ դիրիժորի ղեկավարությամբ, համոզված եմ, ոչ միայն հանդիսատեսին, այլեւ ինձ երկար տարիներ «կուղեկցեն»։
– Հետաքրքիր է՝ մաեստրո Մուտիի հետ աշխատելիս, Ռավեննայում առաջին փորձերի ժամանակ թեկուզ, կաշկանդվածության զգացում ապրե՞լ եք։
– Իհարկե։ Նախ տեսնում ես, գիտակցում, թե ինչ մեծություն է կանգնած դիրիժորական վահանակի առջեւ, հետո՝ տասնամյակների ընթացքում այդ մեծությունը ի՜նչ մեծանուն երգիչների հետ է համագործակցել եւ ուզում ես անել առավելագույնը։ Այո, հատկապես փորձերին լարվածությունս մեծ էր, բայց գնալով այն նվազեց՝ շնորհիվ փորձերի ընթացքում մաեստրոյի արած հումորների եւ, իհարկե, երգչի հետ աշխատելու բարձր կուլտուրայի։
– Մեզ, համոզված ենք՝ ընթերցողին էլ, կհետաքրքրի իտալական հումորը, մեկ-երկուսը կներկայացնե՞ք։
– Իտալերենով հիանալի է հնչում, չգիտեմ՝ հայերեն ինչպես կընկալվի, փորձեմ։ Օրինակ, երբ մաեստրոն կանգնում էր դիրիժորական վահանակի առջեւ, հետաքրքրվում էր՝ ինչպե՞ս եք։ Ես անհարմար էի զգում նույն հարցն իրեն ուղղել, բայց մաեստրոն՝ կարծես կարդալով մտքերս, չէր էլ սպասում պատասխանի եւ ժպիտով դիմում էր՝ շնորհակալություն, շատ լավ եմ, որ հետաքրքրվում ես։ Փորձերից մեկի ժամանակ էլ դիմելով ինձ, ասաց՝ հաջորդ հանդիպմանը մկրատով եմ գալու, որ պոչիկդ կտրեմ։
– Անդրադառնանք ձեր գործունեությանը, որի 15 տարին լրացավ 2020-ին։ Երգչի կարիերան սկսել եք Երեւանի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում, հետո Երեւանի օպերային թատրոն, այնուհետեւ Ֆրանկֆուրտի թատրոն, բնականաբար հյուրախաղեր՝ ոչ միայն եվրոպական երկրներում։ «Առավոտի» հետ հանդիպումից անցել է շուրջ հինգ տարի եւ տեղեկություն ունենք, որ դուք այլեւս ազատ արվեստագետ եք։
– Հայաստանում եւ արտասահմանում գլխավոր դերերգերով հանդես եմ եկել հայ կոմպոզիտորների եւ համաշխարհային օպերային գրականության բազմաթիվ ներկայացումներում։ Հիշողությանս մեջ է մասնակցությունս տարիներ առաջ Շուշիի ռեալական վարժարանի տարածքում բեմադրված երկու օպերաներին՝ Տերտերյանի «Կրակե օղակ»-ին եւ Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ»-ին։
Առանց պրոդյուսերի, իհարկե, դժվար է՝ եթե ոչ անհնար, քանի որ մեր դաշտում մրցակցությունը բավականին մեծ է։ Ընդամենը մեկ պատկերավոր օրինակ բերեմ. ասենք՝ Ֆրանկֆուրտի օպերային թատրոնը մեկ դերերգի համար մրցույթ է հայտարարում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ոչ թե մի քանի, այլ եղել են դեպքեր, որ մի քանի տասնյակ երգիչներ են հայտ ներկայացրել։ Նման պայմանները երգիչներին պարտադրում են մշտապես լինել գերազանց «մարզավիճակում»։ Ի դեպ, իբրեւ օպերային երգիչ իմ առաջին բեմելը կայացել է ոչ թե օպերային ստուդիայում, այլ 2005թ. Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի օպերային նախագծերից Ռոսինիի «Սեւիլյան սափրիչում»։
– Տեղեկացված ենք, որ Գերմանիայում, քովիդով պայմանավորված, սահմանափակումները նոր-նոր են նահանջում։
– Այո, հունիսի կեսերից մշակութային կյանքն արթնանում է խորը քնից։ Կամաց-կամաց բացվում են մշակութային օջախները, բայց գործում են սահմանափակումներ։ Տեսեք, եթե չլիներ քովիդը, ապա Ռավեննայում համերգին ներկա կլիներ ոչ թե 1500, այլ ավելի քան 3000 հանդիսատես։
– Երեւանյան համերգից հետո որտե՞ղ է կայանալու ձեր հաջորդ բեմելը։
– Սեպտեմբերին, դարձյալ մաեստրո Մուտիի ղեկավարությամբ, երեւանյան ծրագիրը կկրկնենք Ռավեննայում, հետո կներկայացնենք Վերոնայում եւ Ֆլորենցիայում, որտեղ ստեղծագործել է Դանթեն։ Հիշեցնեմ, որ Ռավեննայի այս տարվա փառատոնը նվիրված է պոետ, փիլիսոփա եւ մեծ մտավորական Դանթե Ալիգիերիի մահվան 700-ամյակին։ Լայն ընթերցողին էլ հիշեցնեմ, որ Մանսուրյանի «Քավարանը» գրվել է Դանթեի «Աստվածային կատակերգության» հիման վրա։ Իտալիայից հետո կմեկնեմ Հոլանդիա, որտեղ տարբեր քաղաքներում առաջին անգամ հանդես կգամ Մերչելլոյի դերերգով՝ Պուչինիի «Բոհեմ»-ում։
– Գերմանիայում գործում է շուրջ 90 օպերային թատրոն։ Երբեւէ նույն ներկայացման մեջ հանդես եկե՞լ եք գերմանաբնակ մեր մյուս օպերային երգիչների, այդ թվում՝ Անի Սարգսյանի, Ռուզան Մանթաշյանի, Հրաչուհի Բասենցի, Նարինե Եղյանի, Վազգեն Ղազարյանի եւ մյուսների հետ։
– Նույն ներկայացման մեջ դեռ ոչ մեկի հետ հանդես չեմ եկել, ավելի շատ մեր համագործակցությունը եղել է երեւանյան բեմերում։ Օրինակ, Անիի եւ Հրաչուհու հետ՝ ֆիլհարմոնիկի օպերային նախագծերից մեկ-երկուսում, իսկ վերջերս՝ մայիսին, ես եւ Ռուզանը հանդես եկանք Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ մեր պրոֆեսորի՝ օպերային բաս Վալերի Հարությունյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի համերգով։
Ես մեծ սիրով եմ ընդունում հրավերները երեւանյան նվագախմբերի եւ տարբեր կոլեկտիվների կողմից։ Նշածս համերգից հետո էլ մասնակցեցի անվանի կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկոյին։
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարը՝ Նարեկ Արշակյանի
Ռիկարդո Մուտին եւ Գուրգեն Բավեյանը՝ Երեւանի օպերային թատրոնում։
«Առավոտ» օրաթերթ
07.07.2021