Այս տարի մեր երկրի անշարժ գույքի շուկայում որոշակի ակտիվություն է նկատվում, ի տարբերություն նախորդ տարվա, եւ հատկապես նախորդ տարվա մայիս ամսվա հետ համեմատության։
Վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է անշարժ գույքի շուկայի մանրամասն ցուցանիշները։ Ու թեեւ այս տարվա մայիսին շուկայում գործարքները ավելացել են նախորդ տարվա մայիսի համեմատ, սակայն, օրինակ՝ ապրիլի համեմատ գործարքները պակաս են։
Բնակարանների եւ տների գներն էլ փոփոխության են ենթարկվել։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, այս տարվա մայիսին ընդհանուր առմամբ իրականացվել է անշարժ գույքի 16 083 գործարք, ապրիլին՝ 16 510, իսկ նախորդ տարվա մայիսին՝ 11 507։ Նշենք, որ այս գործարքների մեջ են մտնում ոչ միայն անշարժ գույքի առուվաճառքը, այլ նաեւ վարձակալությունը, ժառանգությունը, օտարումը, նվիրատվությունը եւ այլն։
Կարդացեք նաև
Իհարկե, մայիսին մայիսի նկատմամբ այս գործարքների աճը միանգամայն հասկանալի է, 2020 թվականի մայիսին մեր երկրում կորոնավիրուսի համավարակի սրված շրջանն էր, երկրում լոքդաուն էր։
Եթե անշարժ գույքի ընդհանուր գործարքներից առանձնացնենք բնակելի տան եւ բնակարանների առուվաճառքի գործարքները, ապա ընդհանուրի մեջ դրանց տեսակարար կշիռն այնքան էլ մեծ չէ։ Օրինակ՝ այս տարվա մայիսին բազմաբնակարան շենքի բնակարանի 1 200 առուվաճառքի գործարք է իրականացվել, իսկ ապրիլին՝ 1 332, նախորդ տարվա մայիսին՝ 578։ Այս տարվա մայիսին բնակելի տան առուվաճառքի 690 գործարք է կատարվել, ապրիլին՝ 661, իսկ նախորդ տարվա մայիսին՝ 417։
Օտարերկրյա քաղաքացիներն էլ, ըստ մայիս ամսվա ցուցանիշների, ավելի շատ վաճառել են անշարժ գույք, քան գնել։ Օտարերկրյա քաղաքացիները 43 բնակարան են գնել, վաճառել՝ 93-ը, գնել են 26 բնակելի տուն, վաճառել՝ 73-ը։
ՎԿ-ի տվյալների համաձայն, օտարերկրյա քաղաքացիները նաեւ հողի առուվաճառքի գործարքներ են կատարել, ըստ այդմ՝ հողի գնման գործարքը կազմել է 31, իսկ վաճառքինը՝ 74։ Դրանից գյուղատնտեսական նշանակության գնված հող՝ 1, վաճառվածը՝ 33։
Երեւանում բնակարանի եւ բնակելի տան գներն էլ աճել են մեկ ամսվա տարբերությամբ՝ մայիսին ապրիլի նկատմամբ աճ է նկատվում, սակայն այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ գնանկում կա։
Իհարկե, մայրաքաղաքում բազմաբանկարանային շենքի բնակարանների 1քմ-ի ամենաբարձր արժեքը Կենտրոն վարչական շրջանում է։ Այստեղ , այս տարվա մայիսին բնակարանի 1քմ-ի միջին արժեքը 615 500 դրամ է, ապրիլին 610 000 դրամ է կազմել, իսկ ահա նախորդ տարվա մայիսին՝ 668 000 դրամ։
Արաբկիր վարչական շրջանում 2021 թվականի մայիսին բնակարանի 1քմ-ի արժեքը 445 000 դրամ էր, ապրիլին՝ 440 500 դրամ, 2020 թվականի մայիսին՝ 463 500 դրամ։
Քանաքեռ-Զեյթունում նույնպես բնակարանի գները մայիսին աճել են, այն կազմել է 318 300 դրամ, իսկ ապրիլին՝ 315 200 դրամ, նախորդ տարվա մայիսին այս վարչական շրջանում բնակարանի 1քմ-ի միջին արժեքը կազմել է 335 000 դրամ։
Դավթաշենում եթե նախորդ տարվա մայիսին բնակարանների 1 քմ-ի միջին գինը 345 000 դրամ է եղել, ապա այս տարվա մայիսին այն կազմել է 317 200 դրամ, իսկ այս տարվա ապրիլին՝ 314 500 դրամ։
Աջափնյակում՝ 2020 թվականի մայիսին՝ 320 000 դրամ, այս տարվա մայիսին՝ 308 000 դրամ, իսկ այս տարվա ապրիլին՝ 305 000 դրամ։
Շենգավիթում՝ 2020 թվականի մայիսին՝ 303 000 դրամ, այս տարվա մայիսին՝ 301 000 դրամ, իսկ այս տարվա ապրիլին՝ 298 500 դրամ։
Ավանում՝ 2020 թվականի մայիսին՝ 300 000 դրամ, այս տարվա մայիսին՝ 287 100, ապրիլին՝ 285 200 դրամ։
Նոր-Նորքում մեկ տարվա կտրվածքով բնակարանների գների փոփոխություն գրեթե չի եղել, 1 քմ-ի գինը մեկ տարում 50 դրամով է թանկացել. 2020 թվականի մայիսին այն կազմել է 296 000 դրամ, այս տարվա մայիսին՝ 296 050 դրամ, իսկ ապրիլին՝ 294 050։
Էրեբունի վարչական շրջանում 2020 թվականի մայիսին բնակարանի 1 քմ-ի միջին գինը կազմել է 293 000 դրամ, այս տարվա մայիսին՝ 284 000 դրամ, ապրիլին՝ 281 000 դրամ։
Մալաթիա-Սեբաստիայում՝ 2020 թվականի մայիսին՝ 294 000 դրամ, անցյալ տարվա մայիսին՝ 285 500 դրամ, իսկ ապրիլին՝ 283 500 դրամ։
Երեւանում ամենաէժան բնակարանները Նուբարաշեն վարչական շրջանում են։ Այստեղ 2020 թվականի մայիսին բնակարանի 1 քմ-ի միջին գինը կազմել է 186 100 դրամ, այս տարվա մայիսին՝ 176 100 դրամ, իսկ ապրիլին՝ 175 000։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.07.2021