Լրահոս
Օրվա լրահոսը

Թե հիմնադրամի պատասխանատուն, թե պատգամավորը չնայած նախկին են, սակայն դատական գործընթացը շարունակվում է

Հուլիս 08,2021 13:30

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամն» ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք` «Առավոտ օրաթերթ», «Թերթ Էյ Էմ» եւ «168 ժամ» ՍՊ ընկերությունների` զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ գործով երեկ «Առավոտը» ստացել է պատասխանող պատգամավորի ներկայացուցիչ Լուսինե Ավագյանի՝ վերաքննիչ քաղաքացիական դատարան Հիմնադրամի ուղարկած բողոքի պատասխանը:

Ինչպես նախորդ իմ հրապարակումներում տեղեկացրել եմ, այս տարվա փետրվարի 9-ին հրապարակվել է այդ գործով վճիռը: Հայցը մերժվել է:

Հիշեցնեմ, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը www.facebook.com սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր գրառում. «Կառավարությունը փոխեց անհետացած գումարների մասին հարցը բարձրացնողին: Մեկ տարուց ավելի փորձում եմ պատասխան ստանալ, թե ուր է արդեն մեկ միլիարդից ավելի կազմող զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հաշվետվություններում չերեւացող գումարը։ Վստահ եմ՝ վարչապետի հետ իմ ունեցած մի քանի հարցուպատասխանները հիշում են բոլորը, հիշում են նաեւ վերջինը, երբ ես համաձայնեցի վարչապետ Փաշինյանի առաջարկին` հանձնարարել ՊՎԾ-ին ստուգում իրականացնել։ Մինչ օրս որեւէ տեղեկություն դրանից չկա։ Մինչդեռ տեղի ունեցավ այլ բան՝ կառավարությունը որոշեց հանել ինձ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից՝ ներկայացնելով այն որպես ԲՀԿ-ի առաջարկ` խմբակցությունից իմ դուրս գալու պատճառով, ինչը կամ ապօրինի է, որովհետեւ նման բան չի կարող լինել ըստ Հիմնադրամի կանոնադրության (այս հանգամանքը կարող է ստուգել յուրաքանչյուր մարդ բաց տիրույթում), կամ սուտ է, որովհետեւ ոչ խորհրդարանը, ոչ էլ որեւէ խմբակցություն իրավասու չեն Հիմնադրամի խորհրդի ձեւավորմանը մասնակցել։ Հատկապես, վստահ եմ, որ ԲՀԿ-ի մեր գործընկերները հիանալի հասկանում են, թե ժողովրդին պատկանող անհետացած գումարների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնողի փոխարինումը հենց այս պահին ինչ ընկալում կարող է հանրության մեջ առաջացնել (…)»։ Ապա Ազգային ժողովում, պատգամավորը Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, անդրադառնալով Հիմնադրամին, ասել էր. «Բազմաթիվ ամիսներով, մի վեց ամսվա կտրվածքով փողը չկար։ Դատախազությունից գրություն ունեմ ստացած, էլի Ձեզ ցույց եմ տվել, որտեղ գրած ա, որ գաղտնի ծախսեր են իրականացվել, բա՞, անցած անգամ հիշում եք հենց էդ էր, է, որ էդ ո՞նց, ի՞նչ իրավունքով են գաղտնի իրականացրել (…): Եվ վերջապես, Ձեր օգնականից գրություն ունեի, որտեղ գրած էր, որ մեկ ու ինը միլիարդի հասնող պարտավորություններ չեն կատարվել (…), հիմա ասենք ցիկլը, բանը, էտ աշխատատեղերը, հարց չկա (…), բա փողն ո՞ւր է, սա ենք, է, խոսում (…)»։

Երրորդ անձ ճանաչված 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ նախկին պատգամավորը ասել էր. «Գլխավոր դատախազության գրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ գաղտնի ծախսեր են իրականացվել։ Այդ Հիմնադրամը գաղտնի ծախսեր անելու իրավունք չուներ, այս Հիմնադրամն ունի միայն մեկ հոդված՝ հատուցումներ, ծախսային հոդված ունի, ի՞նչ իրավունքի մասին ա խոսքը, բա ո՞վ ա դրա պատասխանը տալու, բա ո՞վ ա դրա համար դատվելու»։

Հայցվոր Հիմնադրամի բողոքի համաձայն, պատասխանողի` պատգամավորի զրպարտչական եւ ակնհայտորեն սուտ հրապարակմամբ արատավորվել է Հիմնադրամի անունը եւ գործարար համբավը, որը ենթակա է դատական կարգով պաշտպանության:

Ըստ պատասխանողի ներկայացուցիչ Լուսինե Ավագյանի, ներկայացված բողոքն ամբողջությամբ հիմնազուրկ է: Հիմնադրամը պատասխանողի ասածները համարել է զրպարտչական, «որպես պատասխանողի կողմից կատարված գործողություններ», մինչդեռ, իր վստահորդը կոնկրետ սուբյեկտ չի մատնանշել, այն կարող էր վերաբերելի լինել կառավարությանը՝ ի դեմս ՊԵԿ-ի, ով հանդիսանում է դրոշմանիշային վճարի խոշոր հավաքագրողը:

Լ. Ավագյանը նշում է, որ Հիմնադրամի բարի համբավը արատավորելու նպատակ չի հետապնդել նախկին պատգամավորը, մեջբերված տվյալները բխել են գերակա հանրային շահից. «Քանի որ պարտադիր դրոշմանիշային վճար վճարողներին հետաքրքիր է, թե որտեղ են անհետացել վերջիններիս վճարած գումարները, որոնք պետք է ուղղվեին զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը»:

Ի դեպ, նույն այս միտքը նաեւ ընդհանուր իրավասության դատարանում էլ է հնչել, թե Հիմնադրամի, թե կառավարության կողմից չեն ներկայացվել ապացույցներ առ այն, թե վերջին հաշվով գումարները գրանցված աշխատողների թվաքանակին համապատասխան Հիմնադրամ մուտք արվել են, թե ոչ, եթե արվել են, ապա ինչով է պայմանավորված, դրանք հաշվետվություններում չներառելու հանգամանքը:

Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից՝ պատասխանող կողմը վերահաստատում է. «Արատավոր կարող են համարվել այն տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսեւորման, քաղաքական կյանքում էթիկայի պահանջների դրսեւորման …վերաբերյալ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի եւ թույլատրելի ապացույցներով, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:

Պատասխանողի (ով պատահական անձ չէ, այլ հանրային, ԱԺ պատգամավոր) արտահայտությունները, գրառման մեջ նշված տվյալները դիտարկվում են որպես գերակա հանրային շահ: Ի դեպ, ՀՀ սահմանադրության 94 հոդվածի համաձայն՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ, հրամայական մանդատով, նրա հարցն էլ հանրային հետաքրքրության հարց է, ոչ անհատական:

Բողոքում խոսք էր գնացել «գաղտնի տվյալ» եւ «գաղտնի ծախս» բառակապակցությունների նույնականացման մասին, որոնք տրամագծորեն տարբեր հասկացություններ են: Պատգամավորը հարցում էր կատարել «գաղտնի ծախսերի» մասով դատախազությանը, պատասխան էր հնչեցվել՝ «հրապարակման ոչ ենթակա տվյալ», «գաղտնի տվյալ» հրապարակումով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031