Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է մի օր էլ գա ասի՝ դե լավ, այս տարածքները կարեւոր չեն, եկեք այս տարածքները տանք, գերիներին վերադարձնենք»

Հուլիս 08,2021 14:30

Իշխան Սաղաթելյանը մտահոգված է՝ բա մնացած գերիներին, որոնք Ադրբեջանում են, ինչի՞ հետ է փոխելու Փաշինյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ «առողջ հասարակությունը չպիտի քվեարկեր այս իշխանությանը՝ վերընտրվելու համար»: Օրերս էլ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն է երկրորդել Քոչարյանին՝ ասելով. «Մեր ժողովրդի որակյալ հատվածը գնաց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների հետեւից»:

«Առավոտը» ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին հարցրեց՝ դուք փնովում եք մեր ժողովրդի մեծամասնությանը, հայտարարում եք, որ ժողովուրդը «ժեխ» է, տարբեր որակումներ եք տալիս, չե՞ք կարծում, որ այդպես չեք կարող հավակնել այդ հասարակության ձայներին, իրենք պատժելու են ձեզ: Նա պատասխանեց. «Չեք գտնի մեր դաշինքի պատասխանատուների ցանկում ընդգրկված անձանց, որոնք ասում են, որ այս հասարակությունը ժեխ է: Մենք շատ զուսպ ենք եղել: Մենք նույնիսկ չենք հակադարձել այսօրվա իշխանության շարունակ հնչեցրած զազրախոսությանը, կեղծիքին ու ստախոսությանը: Մենք փորձել ենք մեր հասարակությանը ցույց տալ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերն ու ասել ենք՝ մենք դա կարող ենք: Իսկ ինչ մնում է մեր հասարակությանը բաժանելուն գրագետների-անգրագետների, կրթվածների-անկիրթների՝ այս օրակարգում մենք չկանք: Սա արել է իշխանությունը: Իշխանությունն է մարդկանց բաժանել էլիտայի եւ հայտարարել, որ էլիտան իրենց հետ է, դա դասական բոլշեւիզմ է: Մենք չենք կիսում դա, բայց մենք ասում ենք՝ այո, մեր ընտրազանգվածը շատ կարեւոր, կայուն եւ գիտակից ընտրազանգված է, որը մենք պետք է սրբորեն պահենք, պաշտպանենք: Նրանք, ովքեր մեզ քվե չենք տվել, մենք նաեւ իրենց ընդդիմությունն ենք ու իրենց շահերը պաշտպանողը: Գյումրիում մեր մեքենայի դեմը փակել էին, ասել եմ՝ ես առաջին հերթին պայքարում եմ հենց այս փակողների համար, որովհետեւ ես իմ հայրենակցից ոչ թե պետք է նեղանամ, խռովեմ, վիրավորեմ, այլ ասեմ, որ ես չեմ կարողացել հասնել նրան, որ ինքը հասկանա»:

Օրերս հայ ռազմագերիներից եւս 15-ը վերադարձան ու, ինչպես հայտարարվեց, հայկական կողմը, որպես «բարի կամքի դրսեւորում», Ադրբեջանին է հանձնել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները, մինչ այդ Աղդամի շրջանի ականապատման քարտեզներն էին տվել: Մենք հետաքրքրվեցինք՝ այդ գործարքում մեր երկրի անվտանգությանը սպառնացող ի՞նչ ռիսկ եք տեսնում: Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Իհարկե, ռիսկ տեսնում եմ: Սա խայտառակություն է: Գերիներին այս մարդը դարձրեց առեւտրի առարկա, դա պետության պարտականությունն էր: Իսկ այդ խայտառակությունը, որը դարձրել է առեւտրի առարկա, նույնիսկ այդքանով հանդերձ չի կարողացել բոլոր գերիներին վերադարձնել: Հետաքրքիր է, մնացած գերիները, որ Ադրբեջանում են, ինչի՞ հետ է փոխելու: Կարո՞ղ է մի օր էլ գա ասի՝ դե լավ, այս տարածքները կարեւոր չեն, եկեք այս տարածքները տանք, գերիներին վերադարձնենք: Վերջապես սա պետություն է, երկրի անվտանգություն է: Այսինքն, այս մարդը կործանում է ինչ կարողանում է»:

Հարցին՝ շտապե՞ց քարտեզները հանձնելով, որովհետեւ միեւնույն է, գերիների վերադարձը ամրագրված էր նոյեմբերի 9-ի համաձայնագրում՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Այստեղ է դժբախտությունը: Ափալ-թափալ իրականացրեց մեր մասով բոլոր պահանջները, Քարվաճառից, ուր բավականին լավ դիրքերով դիրքավորված էինք, արագ հետ քաշել տվեց զորքերը, ամեն ինչ, ինչ հնարավոր էր՝ զիջեց, բերեց երկիրը կանգնեցրեց փաստի առաջ: Հունվարի 11-ի բանավոր պայմանավորվածությունը Զանգելանի, Կուբաթլուի դիրքերը հանձնելու, ակնհայտ օրը ցերեկով փաստաթղթավորված դավաճանություն էր: Ուրիշ բացատրություն չկա, այդ փաստաթղթով այդ տարածքները պետք է չհանձնվեին: Ինչի՞ է տվել, ո՞վ է վերջը դրա պատասխանատուն»:

Փոխանցեցինք իշխանականների բացատրությունը՝ «կյանքեր ենք փրկել»՝ Իշխան Սաղաթելյանը արձագանքեց. «Գլուխը պատի՛ն է տալիս, կյանքեր չեն փրկել: Դրանից հետո տասնյակ հազարավոր կյանքեր դրել է վտանգի տակ, Շուռնուխը ձեզ օրինակ: Կապան քաղաքում չորս կողմը նայում ես՝ ադրբեջանական դրոշ է: Քանի՞ հազար մարդու կյանք է դրել վտանգի տակ, նաեւ պետության անվտանգությունը: Սրանից մեծ կեղծիք ու ստորություն, թե՝ կապիտուլյացիան ստորագրեցի, 25 հազար մարդու կյանք փրկեցի… տղա ջան, ինչի՞ բերիր հասցրեցիր դրան: Մոռացել է այդ ամեն ինչը, 25 հազար մարդու կյա՞նք փրկեց: Սրիկայության գագաթնակետն է»:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությամբ Նիկոլ Փաշինյանը կարծես «մաքրվեց» դավաճան լինելուց, 5 մլրդ-ի պատմությունից՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Ինքը երբեք չի կարող մաքրվի, հելնի օդ, իջնի ցած՝ իր ճակատին դա դաջված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031