81 գլուխ անասուն անցել են ադրբեջանցիների կողմը եւ մինչ այսօր չկա վերջնական լուծում, տեղի են ունենում բանակցություններ: Այսօր այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Շողակաթ համայնքում կազմակերպված ասուլիսում: Նրա խոսքով, այդ 81 անասունները պատկանում են 5 ընտանիքի. «Մենք այդ ընտանիքների հետ հանդիպել ենք, որոշակի փոքր ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել՝ մինչեւ կհասկանանք այս ընդհանուր գործընթացում ինչ անել: Եթե անասունները հետ կբերեն՝ կտանք, եթե ոչ՝ պետությունն ինչ որ բան կնախաձեռնի այդ ընտանիքների համար»,-ասաց մարզպետը:
Նրա խոսքով, պատերազմից հետո արոտավայրերի ու խոտհարքերի որոշակի խնդիրներ են առաջացել. «Կան վայրեր, որտեղ որոշակի դժվարություններ կան այդ արոտավայրերն ու խոտհարքերն օգտագործելու՝ հատկապես մայիսի 13-ից հետո: Բայց նաեւ ունենք վայրեր, որտեղ, եթե մեր բնակիչները պետք է խոտը հավաքեն, լրացուցիչ ուժեր է տեղակայում մեր բանակային կորպուսը, որպեսզի մեր բնակիչներն իրենց ավելի ապահով զգան»:
Գնել Սանոսյանի խոսքով, բարձրադիր վայրերում դեռեւս չեն սկսվել խոտ հավաքելու աշխատանքները եւ հույս հայտնեց, որ ռուսական զինված ուժերի տեղակայումն այդ խնդիրները կկարգավորի եւ բնակիչները կկարողանան այդ խոտհարքերից օգտվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ