Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տարվա հերոսները նաեւ փրկարարներն են»

Հուլիս 07,2021 13:30

Ասում է Արցախի Հանրապետության Ներքին գործերի (ՆԳ) նախարար Կարեն Սարգսյանը։

– Պարոն նախարար, մեր հարցազրույցը սկսենք այս հարցով. ի՞նչ մարտահրավերներ ու պարտականություններ են ծառացած Արցախի Ներքին գործերի նախարարության առաջ։

– Նախ շնորհակալ եմ իմ ղեկավարած կառույցը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Մարտահրավերներ, հատկապես երկրի համար այսչափ պատասխանատու ժամանակահատվածում, կան, բայց մենք չենք սիրում դրանց մասին բարձրաձայնել, փորձում ենք լուծում տալ ինքնուրույն, մենք այդ փորձությունները հաղթահարում ենք գործով, ամենօրյա աշխատանքով, համակարգի՝ միաժամանակ 2 ծառայությունների ամբողջ ներուժի կիրառմամբ:

– Պատերազմական գործողությունների դադարից հետո թերեւս բոլորի ուշադրության կենտրոնում այս ոլորտն է։ Ծանր է, ցավոտ ամեն ինչը, բայց կարեւոր է ԱԻՊԾ ծառայողների աշխատանքը հատկապես մեր զոհված զինվորների աճյունները Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից դուրս բերելու մասով։

– Տարվա հերոսները նաեւ փրկարարներն են: Որոնումների մասին ամենօրյա հրապարակվող թվերի հետեւում հոգեպես ու ֆիզիկապես ծանր աշխատանք է, որի միջով ամեն օր անցնում են Արցախի փրկարարները: Կառույցի ծառայողների համար յուրաքանչյուր լուսաբաց սեպտեմբերի 27 է հիշեցնում, միայն թե առանց օդային տագնապի: Աճյուններ փնտրելու եւ տարհանելու նպատակով որոնողական աշխատանք իրականացնող խումբը մեկնում է կորուսյալ տարածքներ, սակրավորները դեռ շարունակում են Արցախը մաքրել հավանական սպառնալիքներից, հրշեջները հրդեհավտանգ շրջանում ծառայություն են իրականացնում առանց ժամի ու ժամանակի զգացողության, մի խոսքով՝ կառույցը ուժեղացված ծառայություն է իրականացնում եւ կատարում իր առջեւ դրված խնդիրը, ինչի համար երախտապարտ եմ բոլոր նվիրյալներին:

– Հանդիպումներ ունենո՞ւմ եք անհայտ կորած եւ որոնվող զինծառայողների հարազատների հետ։

– Իհարկե: Մենք ամեն օր կապ ենք հաստատում ծնողների ու հարազատների հետ եւ կազմակերպում նաեւ հանդիպումներ: Այդ համագործակցությունն ավելի է հեշտացնում գործընթացը: 2021 թվականի ապրիլի 15-ից ԱՀ նախագահի հրամանագրով ինձ է վերապահվել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ղեկավարումը: Այո, տխուր իրականություն ենք ապրում, ունենք դեռ գերեվարված ու անհայտ ճակատագիր ունեցող անձինք: Մյուս կողմից, մենք իրացնում ենք ամբողջ ներուժը, օգտագործում ենք հնարավոր բոլոր լծակները, համագործակցում ենք բոլոր շահագրգիռ կառույցների հետ: Աշխատանքի արդյունքը եւ տեսանելի է, եւ ոչ: Բայց, վստահեցնում եմ, որ դրանք ամենօրյա բնույթ ունեն եւ կլինեն շարունակական:

– Ներքաղաքական վիճակը ի՞նչ կերպով է ազդում որոնողական աշխատանքներին։

– Ներքին գործերի նախարարությունն այն կառույցներից մեկն է, որ ապաքաղաքականացված մարմին է: Ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրավիճակը որքան մտահոգիչ լինի, միեւնույն է, մեզ համար կան ոչ պակաս կարեւոր մտահոգող հարցեր, ինչպիսին օրինակ՝ օր առաջ աճյունների տարհանումն է: Որոնումների ընթացքում պարբերաբար ընդատվել են աշխատանքները, բայց դա հիմնականում եղել է հակառակորդ պետության նախաձեռնությամբ: Մեր կողմից տարվող կառուցողական համագործակցության արդյունքում՝ այժմ գրեթե ամենօրյա կտրվածքով՝ այդ աշխատանքները շարունակվում են:

– Ներկա փուլում ինչի կարիք ունի ոլորտը։ Բոլոր հնարավորությունները բավարա՞ր են ստաբիլ աշխատանք կատարելու համար։

– Ցանկացած աշխատանք նախաձեռնելիս՝ ինձ համար առաջնայինը միշտ եղել է մարդկային ռեսուրսը: Բարեբախտաբար, ՆԳ նախարարության ծառայությունները համալրված են մասնագետ-կադրերով, պատասխանատու ծառայողներով: Նյութատեխնիկական բազան եւս համալրված է: Նախատեսել ենք նաեւ բարեփոխումներ եւ իրականացնում ենք քայլ առ քայլ: Այդքանով հանդերձ, խնդիրներ էլ ունենք, որոնց ուղղությամբ կատարում ենք հստակ գործողություններ:

– Ի՞նչ փուլում են գտնվում ՆԳ նախարարության աշխատանքները։

– Այս պահին համակարգի ծառայությունները լծված են մեկ գլխավոր գաղափարի շուրջ: Մեզ համար գերնպատակը ներքին անվտանգության եւ համերաշխության մթնոլորտի ապահովումն է: Դրա մեջ մտնում է նաեւ հանցագործությունների բացառումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը, կարգազանց վարորդների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների կիրառումը եւ ներքին կարգապահության ուղղությամբ տարվող բացատրական աշխատանքները: Զինադադարից հետո ուժեղացրել ենք ծառայությունը միջպետական եւ ներպետական մայրուղիներում: Եթե առաջին ամիսներին նկատվել են խնդիրներ՝ այժմ դա հասցրել ենք նվազագույնի:

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031