Դատավորի կողմից անձամբ չհետազոտված ապացույցները դրվել էին մեղադրական դատավճռի հիմքում
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում մեղադրական դատավճռով (դատավոր՝ Ա. Մելիքսեթյան) քրեական գործը վերաքննիչ քրեական դատարանում օրեր առաջ հետաքրքիր ավարտ ունեցավ: Նախ, 2017թ. հունվարի 10-ին դատարան էին ուղարկվել երկուսի՝ Արմեն Կիրակոսյանի եւ Կարեն Օհանյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը:
2014թ.-ին վերաբերելի գործով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Արմենը 2014թ. սետեմբերի 19-ից 2015թ. նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիների եւ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երեւան քաղաքի տարբեր հասցեների, տարբեր քաղաքացիների բնակարանների դռների փականները, ապօրինի մուտք է գործել այդ բնակարանները եւ գաղտնի հափշտակել տարբեր իրեր, հուշամեդալներ, արծաթյա եւ ոսկյա զարդեր, կանխիկ գումար, բիժուտերիա, նրանց պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 34.467.300 ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, Արմեն Կիրակոսյանը, գործով դեռեւս չպարզված հանգամանքներում, «ձեռի հետ» ապօրինի ձեռք է բերել եւ պահել «AK» տեսակի ինքնաձիգների, «Pտ K» տեսակի ձեռքի գնդացիրների եւ ակոսավոր այլ զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 3 հատ 7.62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներ եւ այլ մարտական փամփուշտներ: Իսկ Կարենը 2015թ. դեկտեմբերի 7-ին 2 ժամվա ընթացքում բացել էր Սարգիս Դավթյանի բնակարանի դուռը, գողացել 1.904.5:00 ՀՀ դրամ ընդհանուր արժողության իրեր:
Կարդացեք նաև
Նշեմ, որ երկուսն էլ նախկին դատվածությունը չմարած ժամանակ են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Սակայն հետագայում Կարենի մասն առանձնացվեց, քանի որ կապ չուներ Արմենի գործի հետ: Գողոնի մեջ կային պետական պարգեւներ հանդիսացող` «Մայրական երախտագիտություն» հուշամեդալ, «Հայրենիքի պաշտպանության համար» փառքի շքանշան, «Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց» փառքի շքանշան, «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ, «ՀՀ մշակույթի նախարարության» ոսկե մեդալ, «Սասնա Դավիթ»՝ «Դեվիդ» մեդալ՝ նվիրված Հայաստան-Արցախ կամրջին, «Վազգեն Սարգսյան» մեդալ, «Հովհաննես Բաղրամյան» մեդալ, «Պատերազմական գործողությունների մասնակցի» մեդալ:
Դատակոչի ցուցակում տուժողները տասնհինգն էին: Նրանք ոչ պատահական անձինք էին՝ պետությանը որոշակի ծառայություններ մատուցածներ:
Անդրանիկ դատական նիստը տեղի էր ունեցել 4 տարի առաջ՝ մարտի 3-ին: Դատարանը 2019թ. փետրվարին պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի (լուսանկարում) եւ ամբաստանյալի միջնորդությունը բավարարել էր եւ Արմեն Կիրակոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելը ճանաչել էր թույլատրելի՝ գրավի չափը սահմանելով 1.000.000 ՀՀ դրամ: Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Ա.Կարապետյանը վերաքննիչ բողոք է բերում դատարան, որը բավարարվում է: Մինչ 2020թ. հունվարի 15-ը դատավորը եղել է Ա. Վարդապետյանը, որի լիազորությունները դադարեցվել են պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ:
Վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի հունվարի 11-ի որոշումը մասնակի բեկանում եւ փոփոխում է՝ Արմեն Կիրակոսյանին կալանքից գրավով ազատելը ճանաչելով անթույլատրելի:
«Առավոտին» երեկ Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ այս տարվա մայիսին բողոք էր բերել, խնդրելով՝ ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի այս տարվա հունվարի 25-ի դատավճիռը, որով յուրաքանչյուր դրվագի համար դատարանը նշանակել էր պատիժ՝ ազատազրկում 5 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ 10 դրվագներով նախատեսված հանցանքներում եւ յուրաքանչյուր դրվագի համար նշանակել պատիժ՝ ազատազրկում 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, նշանակված պատժից հանել պատժի կրած մասը եւ թողնել կրելու 6 տարի ժամկետով ազատազրկումը:
Պաշտպանը պահանջում է Արմեն Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքներում ճանաչել անմեղ եւ արդարացնել կամ գործն ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Նշեմ, որ Կիրակոսյանի պատժի կրման սկիզբը դատարանը հաշվել էր 2019թ. մարտի 6-ից՝ այսինքն՝ 2 տարի 2 ամիս, հետեւապես գործը նոր քննության ուղարկելու դեպքում պաշտպանը խնդրել էր, որպեսզի Կիրակոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերաքննիչը վերացնի կամ փոփոխի, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:
Օրեր առաջ՝ հունիսի 25-ին, վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց բազմաչարչար գործը եւ այն ուղարկեց նոր քննության՝ նոր դատարան: Լիպարիտ Սիմոնյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ դեռ չի ստացել որոշումը:
Պաշտպանն ասում է. «2020թ. հուլիսի 2-ին կայացած դատական նիստի ժամանակ մեղադրող Ա. Կարապետյանը միջնորդեց գործի քննությունը դատական վիճաբանությունների փուլից շարունակելու մասին, այն պատճառաբանությամբ, որ սույն քրեական գործն արդեն տեւական ժամանակ է՝ քննվում է նախորդ դատավորի կողմից, տուժողների եւ վկաների մեծ մասն արդեն իսկ ցուցմունքներ են տվել, իսկ մյուսներինը հրապարակվել են, քանզի սպառվել են բոլոր միջոցները վերջիններիս դատական նիստին ներկայացնելու հնարավորությունը, հետազոտվել են նաեւ իրեղեն ապացույցները, որոնցից մի մասը հանձնվել է նաեւ դրանց սեփականատերերի պատասխանատու պահպանությանը: Իմ կողմից միջնորդության դեմ ներկայացվեց առարկություն, այն պատճառաբանությամբ, որ գործի քննությունը շարունակվելու դեպքում կխախտվի ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաեւ այն, որ նախագահող դատավորի փոփոխության դեպքում գործի քննությունը ենթակա է վերսկսման եւ ոչ թե ընդհատման պահից շարունակման: Սակայն դատավոր Ա. Մելիքսեթյանը մեղադրողի կողմից ներկայացրած միջնորդությունը բավարարեց եւ որոշեց գործի քննությունը ոչ թե վերսկսել, այլ շարունակել ընդհատման պահից, այն է՝ վիճաբանությունների փուլից: Ու առանց գործի վերսկսման, մեղադրական դատավճիռ կայացրեց»:
Հետեւում է դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը, որը մերժվում է: Պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ քրեական գործով նախագահող դատավորի փոխարինումից հետո գործի քննությունը չի վերսկսվել, այլ շարունակվել է նախորդ դատավորի իրականացրած դատական քննության ընդհատման պահից, այն է՝ դատական վիճաբանությունների փուլից, ինչի արդյունքում նոր դատավորն անձամբ չի հարցաքննել տուժողներին, մոտ տասներեք վկաներին, դատավոր Ա. Մելիքսեթյանի կողմից չեն հրապարակվել եւ հետազոտվել քննչական գործողությունների արձանագրությունները եւ գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթերը, եւ, ըստ էության, դատավորի կողմից անձամբ չհետազոտված ապացույցները դրվել են մեղադրական դատավճռի հիմքում: Ըստ Լ. Սիմոնյանի, եթե վերաքննիչ քրեական դատարանը գտներ, որ առաջին ատյանի դատարանը իրավասու էր առանց որեւէ ապացույց հետազոտելու կայացնել դատավճիռ, ապա նախորդ դատավորի՝ Ա. Վարդապետյանի կողմից իրականացված դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցները եւս հիմք չէին տալիս հանգելու այն հետեւության, թե Արմեն Կիրակոսյանի մեղքը առաջադրված մեղադրանքներում ապացուցված է:
«Այս քրեական գործով նախորդ դատավորի կողմից դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներում առկա չէ որեւէ փաստական տվյալ, որից կարելի է գալ այն հետեւության, որ Արմեն Կիրակոսյանը կատարել է գողության օբյեկտիվ կողմը բնորոշող գործողություններ, այն է՝ ապօրինի մուտք է գործել որեւէ տուժողի բնակարան եւ այնտեղից հափշտակել որեւէ գույք»,-ասում է Լ. Սիմոնյանը: Նա հիշեցնում է, որ նախորդ դատաքննության ժամանակ Արմեն Կիրակոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը գողություններ չի կատարել, թմրամիջոց պահելու համար ձերբակալվելուց օրեր առաջ իրեն է դիմել իր ծանոթներից մեկը՝ «Իքսը» եւ խնդրել է, որ իր մոտ գտնվող ապրանքները մնան իր մոտ: Նա չի մերժել եւ դրանք դրել է տան խորդանոցում, տեղյակ չի եղել, թե դրանում ինչ իրեր են, ուղղակի չի մերժել վաղեմի ծանոթին:
Իրեն թմրամիջոցներ պահելու համար ձերբակալելուց հետո խնդրել է հարազատներին, որպեսզի խորդանոցում գտնվող «Իքս» անձնավորության կողմից իրեն ի պահ հանձնված իրերը տեղափոխեն այլ տեղ, քանի որ պատկերացրել է, որ կարող են գալ եւ իրենց բնակության վայրը խուզարկեն, եւ այդ իրերը տանեն եւ ինքը չկարողանա իր վաղեմի ծանոթի կողմից իրեն ի պահ հանձնված իրերը հետագայում հետ վերադարձնել նրան: Ա. Կիրակոսյանը նշել էր, որ չնայած տուժողներն իր քեռու նկուղից հայտնաբերված որոշ իրեր ճանաչել են, սակայն նշեց, որ իր քեռու նկուղից կարող էին գտնվել շատ տարբեր իրեր, որոնք գողացված չէին:
Զավեշտալի մի դրվագ էլ կար այս գործում, բացի սեփական բաճկոնը գողոն ներկայացնելը, վկաներից մեկը քննիչի մոտ նկարագրել է իրեն հետեւողին, որպես կարճահասակ, գանգուր մազերով տղայի, նշել է, որ Արմեն Կիրակոսյանին երբեւէ չի տեսել, իսկ տուժողների մեծամասնությունը դատարանում ամբաստանյալին տեսել էր առաջին անգամ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.-«Դատալեքս» տեղեկատվական համակարգից փորձեցի ծանոթանալ ընդհանուր իրավասության դատարանի հունվարյան դատավճռին: Խայտառակություն: Ահա լուսանկարը:
«Առավոտ» օրաթերթ
06.07.2021