ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Վիեննայում անցկացված նիստին Ռուսաստանի պատվիրակությունը դադարեցրել է մասնակցությունը: Այդ մասին հայտնել է պատվիրակության նախագահ Պյոտր Տոլստոյը, որը կազմակերպությանը մեղադրել է կանոնակարգի խախտման և «քաղաքականացված որոշումների» մեջ:
«Եթե ցանկանում ենք ընդունել քաղաքականացված որոշումներ, մենք դրանց չենք կարող մասնակցել»,- ասել է նա: Ինքը՝ Տոլստոյը, դրանից հետո դուրս է եկել նիստերի դահլիճից: Մասնակիցների մյուս մասը պետք է նիստին միանային տեսակոնֆերանսի ռեժիմով:
Տոլստոյը կարծում է, որ կանոնակարգը խախտվել է, քանի որ որոշումներն ընդունվել են վեհաժողովի անդամների երկու երրորդով, և ոչ թե նիստի մասնակիցների (օնլայն կամ օֆլայն) երկու երրորդով:
Վեճն առաջացել է երկու բանաձևերի շուրջ: Դրանցից մեկը վերաբերում էր Ուկրաինայի և Ղրիմի շուրջ Ռուսաստանի գործողություններին տրվող գնահատականին, երկրորդը դատապարտում էր Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի գործողությունները բելառուսական ընդդիմության դեմ: Փաստաթղթերին կողմ է արտահայտվել համապատասխանաբար 126 և 122 անդամ: Ըստ Մոսկվայի՝ դա հակասում է կանոնակարգին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ