Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում կայացավ «ArmArtFest» փառատոնը

Հուլիս 06,2021 22:12

Անցնող շաբաթը մոսկովյան մշակութային հանրության համար հայկական էր: ՌԴ-ում ՀՀ դեսպանության Մշակութային կենտրոնը կազմակերպել էր «Հայկական մշակույթի համառուսաստանյան փառատոն», որի շրջանակներում՝ վեց օր շարունակ արվեստասեր հասարակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու հայոց մշակույթի բազմաշերտ և բազմաժանր դրսևորումների հետ:

Տարածությունների և ժամանակների մեջ միաձուլված հայկական արվեստը՝ լինի այն արարված Արարատի փշերին, թե օտար հորիզոններում, իր յուրահատկությամբ և դարաշունչ էներգիայի գրավչությամբ անտարբեր չի թողնում ոչ մի աչք ու ականջ:  Մեկ շաբաթվա ընթացքում «ArmArtFest» փառատոնի բազմաթիվ այցելուներն ու մասնակիցները տեսան և զգացին հայոց ոգու արտացոլանքը տարբեր ժամանակներում ստեղծագործած հայ նկարիչների (Սերգեյ Փարաջանով, Եղիշե Թադևոսյան, Վարդգես Սուրենյանց, Գարզու, Երվանդ Քոչար, Ժանսեմ, Մինաս Ավետիսյան, Մարտիրոս Սարյան) կտավներում, էթնիկ մշակույթի նմուշներում, լուսանկարչական և կինոարվեստի գործերում:

Փառատոնի անցկացման գաղափարը Մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեինն է: Նրա խոսքերով, նպատակը մեկն է՝ պատկերավոր ասած, մեկ կտավի վրա միավորել և արվեստասերների ուշադրությանը ներկայացնել թե ժամանակակից, և թե անցյալում ստեղծագործած հայազգի վարպետների բազմաժանր մշակութային ժառանգությունը՝ կերպարվեստից մինչև լուսանկարչություն, երաժշտությունից միչև պարարվեստ, հայկական խոհանոցից մինչև գրաֆիկա և նորաձևություն, որպեսզի աշխարհին պարզ լինի, որ հայկական արվեստը իր ուրույն տեղն է զբաղեցնում մեր օրերի թվային աշխարհի փոփոխական իրականությունում:

Մեկ շաբաթ շարունակ Մշակութային կենտրոնի տարբեր հարթակներում ընթացող փառատոնը՝ հանդիսավոր կերպով ամփոփվեց դեսպանատան գլխավոր հյուրասրահում: Հագեցած համերգային ծրագրում ելույթով հանդես եկան երաժշտական արվեստի հայ և ռուս նշանավոր դեմքեր:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, խոսելով առաջին անգամ անցկացվող  փառատոնի կարևորության մասին, հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի և ընդգծեց, որ ցանկությունը մեծ է, որպեսզի ՀՀ դեսպանությանը կից Մշակութային կենտրոնը, ընդանուր առմամբ, դառնա այն կայուն հարթակը, որտեղ թե հայ, և թե ռուս  արվեստասեր հասարակությունը, հաղորդակցվելով երկու ժողովուրդների հարուստ մշակույթին, ներդաշնակության զգացողություն կապրի:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության Մշակութային կենտրոնը մոտ մեկ տասնամյակ ընդմիջումից հետո վերաբացվել է 2018 թվականին՝ դեսպան Վ. Տողանյանի ջանքերով: Մշակութային կենտրոնը այսօր տեղակայված է Լազարյանների լեգենդար առանձնատան նկուղային հարկաբաժնի հինավուրց սրահներում, որոնք անմխիթար վիճակում էին և հիմնավոր վերանորոգման ենթարկվեցին մի քանի տարի առաջ: Այսօր այդ սրահներում, որտեղ էլ անցկացվեց «Հայկական մշակույթի համառուսաստանյան փառատոնը», հյուրերը կարող են ծանոթանալ ոչ միայն հայկական արվեստի բազմաժանր նմուշներին, այլ նաև հայ գորգագործության և գինեգործության պատմությանն ու ավանդույթներին:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031